Հայ առաքելական եկեղեցի Տավուշի թեմ

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց նորընծա վարդապետներին.նշենք,որ վերջերս իր վարդապետական թեզն էր պաշտպանել նաև Տավուշի թեմի փոխառաջնորդ Հայր Սամվելը:

Հոկտեմբերի 18-ին, օրհնությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբաններ Հոգեշնորհ Տ. Սամվել աբեղա Մխիթարյանն ու Հոգեշնորհ Տ. Սիփան աբեղա Գևորգյանը Օշականի Ս. Մեսրոպ Մաշտոց եկեղեցում տվչության արարողությամբ, ձեռամբ Մայր Աթոռի դիվանապետ Գերաշնորհ Տ. Արշակ եպիսկոպոս Խաչատրյանի, ստացան մասնավոր վարդապետության աստիճան:

Օրեր առաջ տեղի էր ունեցել նրանց վարդապետական թեզերի բանավոր պաշտպանությունը: Տավուշի թեմի փոխառաջնորդ Սամվել աբեղան պաշտպանության էր ներկայացրել «Մակարավանք» թեմայով թեզը, իսկ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու համաշխարհային երիտասարդաց միության հոգևոր պատասխանատու Սիփան աբեղան՝ «Արհեստական բեղմնավորում. տեխնիկական նոր միջոցների կիրառությունը և Հայ Առաքելական Եկեղեցին» թեմայով թեզը:

Նույն օրը նորընծա վարդապետներին, առաջնորդությամբ Գերաշնորհ Տ. Արշակ եպիսկոպոս Խաչատրյանի և Մայր Աթոռի լուսարարապետ Գերաշնորհ Տ. Հովնան եպիսկոպոս Հակոբյանի, ընդունեց Ամենայն Հայոց Կաթողիկոսը: Նորին Սրբությունը, իր օրհնությունն ու գնահատանքը հայտնելով վարդապետական աստիճան ստացած Հայր Սուրբերին, շնորհավորեց նրանց, ինչպես նաև մասնավոր հայրապետական գնահատանք փոխանցեց Արշակ և Հովնան Սրբազաններին ու վարդապետական հանձնաժողովի բոլոր անդամներին:

Վեհափառ Հայրապետը նկատեց, որ վարդապետական աստիճանը պարտավորեցնող է և վկայությունն է այն իրողության, որ այդ պատվին արժանացած եկեղեցականն իսկապես տիրապետում է Եկեղեցու վարդապետությանը, կանոններին և դրանց անշեղորեն պահպանման նախանձախնդիր ջատագովն է: Հայոց Հովվապետը մաղթեց, որ Տերն առավել զորացնի ու արդյունավոր դարձնի վերջիններիս կյանքի ընթացքը և իրենց ծառայանվիրումով մեծ ներդրում ունենան Հայաստանյայց Առաքելական Ս. Եկեղեցու բարի անվան առավել բարձրացման ու հավատացելոց հոգիներում սիրո առատացման գործում: Ապա, Հայր Սուրբերի կրծքերը զարդարելով վարդապետական ակնակուռ լանջախաչով, Գարեգին Բ Վեհափառ Հայրապետը ‹‹Պահպանիչ›› աղոթքով արձակեց երկու վարդապետներին:

Translate »