Հայ առաքելական եկեղեցի Տավուշի թեմ

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Տավուշի Բերդի տարածաշրջանի զոհված զինծառայողների ընտանիքներին

– Շնորհավոր Սուրբ Ծնունդ, ՀԱՅՐԻ՛Կ

Ահա այսպիսի խոսքերով Ամենայն Հայոց Հայրապետին անակնկալ մատուցեց փոքրիկ Ալվինան, Հայոց Հորն ընծայելով իրենց ձեռագործ աշխատանքը: Ալվինան 2008թ. Չինարի գյուղի մատույցներում կորցրել էր հորը՝ դեռ չծնված:

Կյանքի և մահվան խաչմերուկում ապրող մանուկների համար երկօրյա տոն էր:

Հունվարի 11-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Տավուշի մարզի Բերդի տարածաշրջանի համայնքների զոհված զինծառայողների ընտանիքներին` օրհնությամբ Տավուշի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Բագրատ եպիսկոպոս Գալստանյանի:

Հանդիպմանը ներկա էին Բերդի տարածաշրջանի հոգևոր հովիվներ արժանապատիվ Տ. Արամ քահանա Միրզոյանը և արժանապատիվ Տ. Աբել քահանա Քարտաշյանը, Բերդի տարածաշրջանում մարզպետի ներկայացուցիչ Դավիթ Մխիթարյանը և զինվորական կոմիսար փոխգնդապետ Գագիկ Խաչատրյանը, երկօրյա այցի հովանավորությունը ստանձնած մոսկվաբնակ Կարո Առաքելյանը և կազմակերպչական աշխատանքներում իր ներդրումը ունեցած Ալիկ Ավագյանը:

Բագրատ Սրբազանը, տավուշցիների անունից շնորհավորելով Ամենայն Հայոց Հայրապետին Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առիթով, Նորին Սրբությանը մաղթեց քաջառողջություն, երկար տարիների կյանք ու բեղուն գործունեություն: Տավուշի թեմի առաջնորդը նաև իր խորին երախտագիտությունը հայտնեց Վեհափառ Հայրապետին՝ Տավուշի սահմանապահ ժողովրդի հանդեպ ցուցաբերվող հատուկ ուշադրության համար:

19 մայրերին և 39 երիտասարդներին ու պատանիներին հայրական իր օրհնությունը բերեց Ամենայն Հայոց Կաթողիկոսը` փոխանցելով ամենքին Տեր Հիսուս Քրիստոսի Ս. Ծննդյան կենդանարար ավետիսը:

Նորին Սրբությունը վստահությամբ ընդգծեց, որ այս այցելությունն իր անջնջելի դրոշմն է թողնելու Մայր Աթոռ ժամանած պատանի տավուշցիների հոգում և, իրենց հոգևոր հովիվների գործունեության շնորհիվ, նրանք հաղորդ են դառնալու Ս. Էջմիածնի խորհրդի մեջ ամփոփված արժեքներին, որոնցով ոգեշնչվել են իրենց հայրերը և այսուհետ ևս պիտի ոգեշնչվեն հայոց ազգի զավակներ:

Մանուկներին և պատանիներին Հայոց Հայրապետը պատգամեց` իրագործողը լինել այն ինձերի և փափագների, որ իրենց ծննդյան առաջին իսկ օրվանից ունեցել են իրենց մայրերը և Հայրենիքի խաղաղության համար իրենց կյանքն ընծայած հայրերը` նշելով, որ վերջիններիս քաջարի ոգին կյանքի ողջ ընթացքում պիտի ուղեկից լինի նրանց զավակներին:

– Այս երեխաները դեռ չծնված՝ արդեն իսկ հայրենատեր են, պետության պատիվն սկսվում է նրանցից,- իր խոսքի մեջ շեշտեց Բագրատ Սրբազանը՝ տավուշցիների անունից շնորհավորելով Ամենայն Հայոց Հայրապետին Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առիթով:

Հանդիպման մասնակիցները շրջայց կատարեցին Մայրավանքում, աղոթեցին Մայր Տաճարում, եղան Մայր Աթոռի թանգարաններում և տարբեր կառույցներում:

Զոհված զինծառայողների ընտանիքները Երևանում ևս կայցելեն հոգևոր-մշակութային տարբեր հաստատություններ, մանուկների համար կկազմակերպվի տոնական հանդես:

DSC_0788
« of 17 »

Translate »