Այսօր Հաղարծնի ուխտի օրն է՝ Աստվածամոր վերափոխման տոնը
Ավանդությունը պատմում է, որ Բարդուղիմեոս առաքյալը Աստվածամոր ննջման և թաղման օրերին Հայաստան աշխարհում էր, և երբ նա հասավ Երուսաղեմ ու իմացավ կատարվածը՝ վշտացավ, որ չկարողացավ վերջին անգամ տեսնել Աստվածամորն ու ստանալ վերջին օրհնությունը, ինչպես մյուս առաքյալները: Խնդրեց մյուս առաքյալներին, որ բացեն Տիրամոր գերեզմանը և ցույց տան Աստվածածնի մարմինը:Առաքյալներն ահով ու դողով կատարեցին իրենց եղբոր փափագը. բացեցին գերեզմանը, սակայն այն դատարկ գտան: Նրանք սկզբում խիստ զարմացան, բայց այնուհետև հիշեցին, որ Տերը խոստացել էր Տիրամորը փոխադրել իր մոտ և հիանալով՝ փառք տվեցին Աստծուն:
․․․Հաղարծնի վանքի խորհրդանիշ համարվող Աստվածամոր բարձրաքանդակը, որը, հավանաբար, 12-րդ դարում զարդարում էր վանքի սբ․ Աստվածածին եկեղեցու գավթի դռան վերնամասը՝ որպես բարավոր, այժմ զարդարում է նույն եկեղեցու խորանը։Վերջին տարիներին այն որպես հայկական ճարտարապետությունն ու միջնադարյան քանդակագործությունը ներկայացնող արժեքավոր նմուշ ցուցադրվել է Հայաստանի Պատմության Թանգարանում և անգամ մեր երկիրը ներկայացնող ցուցանմուշներից մեկը եղել Լուվրում։ Ի վերջո, այս տարի հունվարի 30-ին Հաղարծնի Աստվածամայրը վերադարձել է տուն։
Հենց Հաղարծնի Աստվածամոր խորդրդով է Վերափոխման տոնը հռչակվել Հաղարծնի ուխտի օր։