Հայ առաքելական եկեղեցի Տավուշի թեմ

Այրի կնոջ լուման․ Պատերազմական օրեր․ Բագրատ Սրբազանի քարոզը

Սա յուրաքանչյուր հայ մարդու, քրիստոնյա մարդու պատերազմն է, անկախ նրանից՝ իր ընտանիքից որևէ մեկը կլինի՞ առաջնագծում, թե՞ ոչ։

․․․ Մեր ամբողջական նվիրումը այրի կնոջ լումայի պես պիտի իրականություն դառնա մեր կյանքում, պիտի լինի ամբողջը տալու պատրաստակամությունը՝ նյութական, հոգևոր, մտավոր ամբողջությամբ։

․․․ Այսօր մենք որևէ ձևով թուլանալու իրավունք չունենք՝ ո՛չ սոցիալական ցանցերում, ո՛չ մեր հարաբերությունների մեջ, ո՛չ այս հողի և գետնի վրա։ Այսօր մենք մեր առաջնագծի համար, այնտեղ գիշեր-ցերեկ, օրնիբուն մեր կյանքի համար իրենց կյանքով վճարող մեր եղբայրների և քույրերի համար երկու բան ունենք անելու․ 1-ինը մեր ազնիվ սրտից, ազնիվ կերպով, մաքուր կերպով՝ ոչ մեր պատկերացրած ամենօրյա վիճակով, մեր աղաչանքով, մեր խոնարհությամբ ԱՂՈԹՔՆ է, 2-րդը՝ մեր ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ և՛ հոգևոր պատերազմի մեջ, և՛ նյութական։

Այս երկուսն անխափան կերպով պիտի լինեն, և պիտի լինեն ամեն օր, ամեն ժամ, որպեսզի մենք կարողանանք վերջնականապես ռազմական հաղթանակ կնքել, և այդ հաղթանակը հաստատել նաև հոգով։ Նյութական հաղթանակի ամրացումն է, որ պիտի տեղի ունենա նաև հոգևոր հաղթանակով։

․․․ Տրվում ենք զանազան գայթակղությունների՝ թուլության, տկարության պատճառով, տրվում ենք չափազանց վնասակար գայթակղությունների։ Այդ գայթակղություններն են եղած և չեղած պատմությունների միմյանց պատմելը։

․․․ Աստված մեզ է տվել պատասխանատվությունը, մեզ է տվել կոչումը, որպեսզի մենք կարողանանք բռնել չարիքի ձեռքը, ոչնչացնել այդ չարիքը և վերջնականապես ոչ միայն մեր ազգի հաղթանակի զգացումն ունենալ, այլ ամբողջ քաղաքակիրթ մարդկության։

․․․ Մեզ թվում էր, թե մի քանի օրվա մեջ այս հարցերը կլուծվեն, և մենք երգ ու պարով կվերադառնանք մեր ցանկացած կյանքին։ Բայց այդպես չէ։ Սա ձգվում է, և երևի թե կձգվի, ոչ ոք չի կարող կանխատեսել, որովհետև մեր թշնամին իր նենգությամբ, իր չարությամբ, իր հարվածված լինելու իրականությունից չի կարողանում հանգստանալ, և նրա միակ ցանկությունն է մեր գոյության բնաջնջումը։

․․․ Մենք հերթական պատերազմ չենք ուզելու և չենք ուզում։ Սա ամեն գնով պետք է լինի մեր վերջնական և վերջին պատերազմը։ Մենք կրենք այն բեռը, որ նախաանկախության շրջանից մեզ է վիճակված եղել և մեր երեխաներին այդ բեռը երբեք էլ չփոխանցվի։

Բագրատ եպիսկոպոս Գալստանյան

Translate »