Աստվածային սիրո մեկնությունը
Այս աշխարհում ամեն ինչ փոփոխական է և անցողիկ: Ոչ մի բան հաստատուն չէ, որի վրա կարելի է հիմնվել կամ հույս դնել: Փոփոխական և փոփոխվող աշխարհում առողջ մարդը կարող է վաղը հիվանդանալ, հարուստը աղքատանալ, կամ մարդը, որ այսօր ապրում է, վաղը կարող է այլևս չլինել: Այս մտածումների մեջ մարդը այն գիտակցումն է ունենում, որ ինքը տկար է և կարիք ունի օգնության ու ամուր հենարանի: Իսկ որտե՞ղ փնտրել այդ հաստատուն և ամուր հենարանը: Ի պատասխան մեր այս հարցումի, սաղմոսերգուն ի խորոց սրտի ասում է. «Աչքերս դեպի լեռները բարձրացրի, որտեղից ինձ օգնություն պիտի գա: Ինձ օգնություն պիտի գա Տիրոջից, որ ստեղծեց երկինքն ու երկիրը» (Սաղմոս 120.1-2): Կյանքի շատ ու շատ խնդիրներ և հարցեր՝ թե ինչո՞ւ համար ենք աշխարհ եկել, ինչո՞ւ համար ենք ապրում և ի՞նչ է լինելու մահից հետո, իրենց լուծումն են գտնում, երբ մեր հայացքները, ինչպես սաղմոսերգուինը ուղղվում են դեպի Երկինք: Ուր և հանդիպում ենք աշխարհի ամենակատարյալ և անփոփոխ Սիրուն՝ Աստվածային Սիրուն: Եթե մարդկային սերը փոփոխական է, այսօր այսպես, վաղն այնպես է, այնինչ Աստվածային սերը հավիտենական է և անփոփոխ: Մարդկային սերը ունի իր չափն ու սահմանը, իսկ աստվածային սերը երբեք չի դադարում, այն կարծես մի օվկիանոս է, որից մի կաթիլն ենք միայն ընդունել: Արտը իր սահմանը ունի, ծովը իր եզրը, իսկ աստվածային սերը՝ անեզր է: Սուրբ Գրքում չենք կարդում, որ Աստված սեր ունի, այլ՝ «Աստված սեր է», այսինքն՝ սերը Աստծո էության մի հատկությունը չէ, այլ Աստծո էությունը և բնությունը:
Աստվածային սիրո մասին վկայում է նաև ողջ բնությունը: Այդ սերը կարելի է համեմատել արևի հետ, որ ամեն ժամանակ լույս, ջերմություն, կյանք և օրհնություն է սփռում ամենուր: Արևի ճառագայթներն աստվածային սիրո զանազան արտահայտություններն են: Նայե՛նք ծաղիկներին, ի՜նչ սքանչելի գույներ են հագել և ի՜նչ բուրմունք ունեն, կարծես նրանք ասելիս լինեն, որ Երկնավոր Հոր անունը սիրո Աստված է, նայե՛նք նաև կենդանիներին, թռչուններին, միջատներին. «Բոլորի աչքերը քեզ վրա են հառած հույսով, և Դու ես տալիս նրանց կերակուրը ժամանակին, տալիս ես Դու նրանց, և սնվում են նրանք: Բացում ես Քո ձեռքը, և Քո քաղցր կամքով հագեցնում ես բոլորին» (Սաղմոս 144. 15-16): Իսկ երբ նայում ենք մեր իսկ մարմնին, որ աստվածային սիրո կենդանի վկան է, Աստծո կենդանի տաճարը, աչքերին, ականջներին, ձեռքերին, ոտքերին… այս բոլորն էլ մի մի սիրո նվերներ են: Ունենք անմահ հոգի, որ միայն մեզ է տրված, որով Աստված բարձր է դասել մարդուն բոլոր երկրավոր արարածներից:
Աստվածային Սերը խնամում է և հոգ տանում. ո՞ւմ համար է ծագում արևը, ո՞ւմ համար է ծաղկում ծառը և պտուղ տալիս, ո՞ւմ համար է հասնում ցորենի հատիկը, ո՞ւմ համար են բխում աղբյուրները…. Այսպես ամենուր տեսնում ենք Աստծո սիրո վկաները: Եվ ամենակարևորը պետք է հիշենք. «Աստված այնքա՜ն սիրեց աշխարհը, որ մինչև իսկ Իր միածին Որդուն տվեց, որպեսզի նա, ով հավատում է Նրան, չկորչի, այլ հավիտենական կյանք ունենա» (Հովհաննես 3.16): Աստծո ներող սերը օգնում է մարդուն, հավիտենական կյանքի հույսը ունենալով, լավատեսությամբ լցվել:
Աստծո սերը վայելում են բոլորը. «Նա իր արեգակը ծագեցնում է թե՛ չարերի և թե՛ բարիների վրա, և անձրև է տեղացնում թե՛ արդարների և թե՛ մեղավորների վրա» (Մատթեոս 5.45):
Ներող, ողորմած, համբերող, խնամող է այդ Սերը: Այդ անհուն Սերը, որ սավառնում է մեզ վրա, ոչ թե պարտավորության զգացման, այլ բնական ձգտման է տանում մեզ
սիրելու Նրան՝ Ով մեզ նախ սիրեց. «Աստված սեր է: Ով մնում է սիրո մեջ, նա միացած է մնում Աստծուն, և Աստված էլ՝ միացած նրան» (Ա Հովհաննես 4.16):
Այդ սիրո մեջ գտնվող Պողոս առաքյալը, որ միացած էր Աստծուն, ասում է. «Ո՞վ կարող է բաժանել մեզ Քրիստոսի սիրուց՝ նեղությո՞ւնը, անձկությո՞ւնը, հալածա՞նքը, սո՞վը, մերկությո՞ւնը, վտա՞նգը կամ սո՞ւրը: Ո՛չ մահը և ո՛չ կյանքը, ո՛չ հրեշտակները, ո՛չ չար ոգիների իշխանությունները, ո՛չ ներկան և գալիքը, ո՛չ էլ որևէ զորություն, ո՛չ վերին և ո՛չ ներքին աշխարհները, ո՛չ էլ ուրիշ ստեղծագործություն, ոչինչ չի կարող մեզ բաժանել Աստծո սիրուց, որը մենք ճանաչեցինք մեր Տիրոջ՝ Հիսուս Քրիստոսի միջոցով» (Հռոմեացիներ 8.35-39):
Աստծո սերը իր մեջ կրողը, Երկինքն է կրում իր մեջ: Քայլենք դեպի Աստված սիրո ճանապարհով, Պողոս առաքյալը այդ ճանապարհը լավագույնն է համարում՝ ասելով. «Սեր ունեցողը համբերատար է լինում, քաղցրաբարո: Սեր ունեցողը չի նախանձում, չի գոռոզանում, չի հպարտանում, անպատշաճ վարմունք չի անում, միայն ինքն իր մասին չի մտածում, բարկությամբ չի գրգռվում, չար բան չի խորհում, անիրավության վրա չի ուրախանում, այլ ուրախակից է լինում ճշմարտությանը: Սեր ունեցողը միշտ զիջում է, միշտ հավատում, միշտ հույս է տածում, միշտ համբերում» (Ա Կորնթացիներ 13. 4-7):
<<ՍԵՐԸ համբերող է, քաղցրաբարո է, սերը չի նախանձում, չի ամբարտավանանում, չի գոռոզանում, անվայել վարմունք չի ունենում, իրենը չի փնտրում, բարկությամբ չի գրգռվում, չար բան չի խորհում, անիրավության վրա չի ուրախանում, այլ ուրախանում է ճշմարտության վրա. ամեն բանի դիմանում է, ամեն բանի հավատում է, մշտապես հույս է տածում, ամեն բանի համբերում է: ՍԵՐԸ ԵՐԲԵՔ ՉԻ ԱՆՀԵՏԱՆՈՒՄ>> /Ա Կորնթ. ԺԳ 4-8/