Հայ առաքելական եկեղեցի Տավուշի թեմ

Բերդի պատմության և կենցաղի թանգարանում դասական երաժշտության երեկո էր:

Այսօր Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի շունչն էր տարածվել Բերդ քաղաքում:

Նշենք, որ արդեն մեկ շաբաթ և ավել է Տավուշի մարզում են գտնվում կոնսերվատորիայի 4-րդ կուրսի ուսանողներ Գոհար Բադալյանը, Մարիամ Պողոսյանը և Կարինե Սիմոնյանը: Գոհար Բադալյանն արմատներով Այգեպար գյուղից է:

Նրանք տեղակայվել էին սահմանապահ Այգեպար գյուղում: Աղջիկները գյուղի ու տարածաշրջանի երեխաներին մեկ շաբաթ շարունակ փոխանցում էին իրենց երաժշտական գիտելիքներն ու հմտությունները:

Հուլիսի 9-ին Տավուշի մարզի Բերդ քաղաքի պատմության և կենցաղի թանգարանում վերջիններիս առանցքային մասնակցությամբ դասական երաժշտության երեկո կազմակերպվեց: Երեկոյի գլխավոր կազմակերպիչն էր Բերդ քաղաքի և հարակից գյուղերի հոգևոր հովիվ Տեր Արամ քահանա Միրզոյանը: Միջոցառումն իր հայրական օրհնությամբ լցրել էր Տավուշի թեմի գերաշնորհ առաջնորդ Բագրատ Սրբազանը, հավելենք, որ աղջիկները կոնսերվատորիայում աշակերտել են Սրբազանին և վերջինս առիթ է հանդիսացել, որ նրանք գան Տավուշ:

Երեկոն համեմված էր հայ դասական, հոգևոր երաժշտական կատարումներով, ինչպես նաև հայ դասական պոեզիայով:

Բերդ քաղաքում վաղուց նմանատիպ միջոցառում չէր եղել: Իսկ մշակութային շնչով ներծծված այդ թանգարանի հարկի տակ նման միջոցառում առաջին անգամ էր տեղի ունենում:

Թանգարանի ներկայի տնօրենը Արթուր Երկանյանն է, իսկ նախկին տնօրեն Ռաֆիկ Մուրադյանի խոսքերով երկար տարիներ առաջ այս նույն հարկի տակ հնչել է նաև հոգևոր երգերի հայտնի կատարող Լուսինե Զաքարյանի ձայնը:

 

Translate »