Բերդի տարածաշրջանի զորամասերում կատարվեց Ջրօրհնեք և օրհնված ջուրը բարձրացվեց դիրքեր՝ առաջնագծի մարտիկներին
Հունվարի 8-ին կատարվեց Ջրօրհնեքի արարողություն Բերդի տարածաշրջանի զորամասերում: Բերդ քաղաքի Սուրբ Հովհաննես եկեղեցու հոգևոր հովիվ արժանապատիվ Տեր Արամ քահանան բարեշնորհ Մարտուն սարկավագի հետ միասին օրհնեցին զորամասերի ջուրը, այնուհետև օրհնված ջուրը բարձրացվեց նաև դիրքեր՝ առաջնագծի մարտիկներին:
Մեջբերում ենք Տեր Արամի քարոզից մի հատված.
«Սուրբ Ծնունդն իսկապես մեծագույն խորհուրդ ունի, Աստված մարդանում է, որ մարդն Աստվածանա, Աստված մեր նման է դառնում, որ մեզ իր նման դարձնի: Սուրբ ծննդյան խորհրդի մեջ մարդ պետք է գտնի իր Աստվածապարգև էությունը: Շնորհակալ ենք ձեր ծառայության և ձեր կյանքի համար, որ բերում եք մեզ, մեր հայրենիքի պաշտպանությանը: Իմ ու իմ ժողովրդի անունից շնորհակալություն եմ հայտնում ձեր մեծ ծառայության համար:
Ձեր ծառայությունը տարբերվում է, դուք պաշտպանում ու պահպանում եք Հայաստանի Հանրապետության դարպասները»:
«Իսկ Տավուշում բոլորը դատապարտված են զինվոր լինելու: Նրանք առաջնորդվում են մի սկզբունքով՝ սահմանն ամուր է, երբ սահմանի թիկունքում գտնվող համայնքը հզոր է»:
«Բանակը մեզ համար մի մեծ ընտանիք է, ու այսօր մենք գտնվւոմ ենք ձեր կողքին, որպես ձեր ընտանիքի անդամներ»:
«Իսկ երբ մենք հավաքական ու միասնական ենք, մեր լեզվամտածողությունից վերանում է «անհնար» բառը ու այն փոխարինվում է «հրաշք»-ով»: