ԳԵՎՈՐԳՅԱՆ ՀՈԳԵՎՈՐ ՃԵՄԱՐԱՆԻ ՍԱՆԵՐԸ ՏԱՀՈՒՅՍՈՒՄ
Գևորգյան հոգևոր ճեմարանի ավելի քան 180 սաներ, դասախոսներ, հոգևոր հայրեր, ուսումնական տարվա վերջին պտույտն արեցին՝ ուխտագնացությամբ դեպի Տավուշ:
Սաները, ճեմարանի տեսուչ Տեր Գարեգին վրդ. Համբարձումյանի առաջնորդությամբ, այցելեցին Շամշադին, շրջագայեցին սահմանապահ գյուղերով, եղան զորամասերում, ծանոթացան Տավուշի դարավոր սրբավայրերին և հաղորդակից եղան Տավուշ աշխարհի ողջ հմայքին:
Տավուշի թեմի առաջնորդ գերաշնորհ Բագրատ Սրբազանը և Բերդի տարածաշրջանի հոգևոր հովիվ արժանապատիվ Տեր Արամ քահանան գրկաբաց դիմավորեցին ՏաՀույս ժամանած ուխտավորներին:
Ուխտագնացության նպատակն էր նաև շփվել սահմանամերձ գյուղերի բնակիչների հետ, որոնք բոլորը իրավամբ սահմանապահներ են և անտրտունջ ու խոհեմաբար երկար տարիներ անառիկ են պահում սահմանային այդ երկար շղթան՝ ավելի քան 186 կմ:
Ճեմարանի սաներն այցելեցին նաև եկեղեցիներ, որոնց խրոխտ զանգերը միշտ էլ ղողանջել են հաղթականորեն:
Շամշադինի ընտրությունը ինքնանպատակ չէր: Այն ոգեղեն և հայրենասիրական սնունդ շնորհեց սաներին, որոնցից շատերի որոշումն անբեկանելի էր՝ ծառայել Շամշադինում և հոգևոր սերմեր սփռել հինավուրց քրիստոնյա հողում: