Գնահատել, արժեք տալ ու սիրել յուրաքանչյուրին. Գոշավանքում էին ապագա ուսուցիչները
Նոյեմբերի 16-ին Գոշավանքում «Մաշտոցյան երդում» տվեցին Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղի Մանկավարժության և հոգեբանության ամբիոնի առաջին կուրսեցիները:
ԵՊՀ ԻՄ տնօրեն Սամվել Առաքելյանի և Մանկավարժության և հոգեբանության ամբիոնի վարիչ Վաչիկ Բրուտյանի նախաձեռնությամբ ապագա մանկավարժները եկել էին ուխտելու պատվով կրել Ուսուցչի բարձր կոչումը, ամբողջությամբ նվիրվել մատաղ սերնդի կրթության և դաստիարակության գործին:
Ուսանողների հետ Գոշավանք էին եկել նաև Հաղարծնի միջնակարգ դպրոցի առաջին դասարանցիները: Իրենց փոքրիկ ելույթով նրանք ողջունեցին ու բարի երթ մաղթեցին ապագա ուսուցիչներին:
Ներկաներին իր հայրական օրհնությունն էր բերել Տավուշի թեմի առաջնորդ գերաշնորհ Տեր Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը:
Ապագա մանկավարժնեերի ներկայությունը հատկապես Գոշավանքում, որը 12-13-րդ դարերում եղել է նշանավոր վարդապետարան և համալսարան, և որի հարևանությամբ էլ թաղված է մեծ ուսուցչապետ Մխիթար Գոշը, շատ հատկանշական է: Բագրատ Սրբազանն իր խոսքում նշեց, որ Գոշավանքում իրենք գտնվում են այդ հարուստ ժառանգության պատասխանատվության առջև: Տավուշ աշխարհի Քրիստոսի լույսով պահապան Մխիթար Գոշի գերեզմանի մոտ ուխտն է՝ զավակ մեծացնել. փոխել այս կյանքը, փոխել մարդկանց գիտակցությունը, մեծագույն կնիք ունենալ մարդկանց մտածողության վրա:
«Մեսրոպ Մաշտոցի, Սահակ Պարթևի և նրանց մյուս գործակիցների մեծագույն գործը ոչ թե միայն տառերն ստեղծելն ու սովորեցնելն էր, այլ մարդու ազատագրության խորհուրդը: Նրանք գնացին գյուղեր, չնայելով հարուստ ու աղքատ, հավասարապես գնահատեցին բոլորին՝ տալով հոգևոր կրթության, մշակութային կյանքի ու գիտության ամբողջ պաշարը, և այդպիսով ազատագրեցին մարդուն. մարդուն բարձրացրին իր իսկատիպ աստիճանին, որ աստվածային աստիճանն է»:
Բագրատ Սրբազանը հիշեցրեց ուսանողներին, որ մեծագույն Վարդապետն ու ուսուցիչը Քրիստոսն ինքն է, և այս խոսքը՝ «թույլ տվեք, որ այդ մանուկներն Ինձ մոտ գան», հենց նրանց կյանքի առաքելության մասին է. «Թող այդ մանուկները շատ գան ձեզ մոտ, շատ սիրեն ձեզ, և ձեր ներդրումն այդ սիրո արձագանքը լինի»: