Գոշավանքի Աստվածային ստեղծագործությունը: Սուրբ և անմահ պատարագ Գոշավանքում:
Գոշավանքը քրիստոնյա Հայաստանի պատմական բացառիկ անկյուններից մեկն է:
Գոշավանքը եղել է միջնադարի հոգևոր մշակույթի և գրչության համբավավոր կենտրոններից մեկը: Այստեղ գործող վարդապետարանում ուսուցանել են նաև իրավագիտություն ու պատմագիտություն, փիլիսոփայություն, ինչպես նաև արվեստներ (ճարտասանություն, մանրանկարչություն, երաժշտություն, գրչարվեստ): Այստեղ ուսանած հոգևոր գործիչները (Վանական Վարդապետը, Կիրակոս Գանձակեցին և այլք), շարունակելով իրենց դպրոցի ավանդույթները, այնուհետև իրենք են այլ տեղերում ստեղծել հոգևոր դպրոցներ:
Մխիթար Գոշի վանահայրության օրոք այստեղ կառուցվել են Ս. Լուսավորիչ փայտակերտ և Ս. Հովհաննես-Կարապետ փոքրիկ եկեղեցիները (չեն պահպանվել), Ս. Աստվածածին եկեղեցին իր գավթով: Վանքի կառուցապատումը շարունակվել է մինչև XIII դ. վերջը:
Գոշավանքում ամեն օր աղոթք է հնչում, հայ դպրության ու հավատքի հոգևոր վկան ամեն կիրակի զգում է քրիստոնեական Սուրբ և անմահ պատարագի զորությունը:
Գոշավանքի հոգևոր սպասավորը արժանապատիվ Տեր Սեդրակ քահանա Աղասյանն է: