Հայ առաքելական եկեղեցի Տավուշի թեմ

ԳՐԻԳՈՐ ՆԱՐԵԿԱՑԻ ՄԱՏՅԱՆ ՈՂԲԵՐԳՈՒԹՅԱՆ (ՆԱՐԵԿ) ԲԱՆ Ե

Սրտի խորքերից խոսք Աստուծո հետ

ԲԱՆ Ե

 

Ա

Արդ, ես որ մարդ եմ, մի մարդ երկրածին,
Անկայուն կյանքի հոգսերով տարված
Եվ հիմարաբար հարբած, մտաթափ պատրական գինուց՝
Շարունակ ստում և ճշմարտություն չեմ ասում երբեք։
Վերոհիշյալ այն բոլոր խայտառակ
Ախտանիշները կրելով իմ մեջ՝
Ի՞նչ, ի՜նչ երեսով պիտի հանդգնեմ
Ներկայանալ քո մեծ դատաստանին,
Ո՜վ իրավադատ, ահավոր, անճառ,
Անպատում, հզոր Աստված բոլորի։
Եվ այստեղ որքան շատ համեմատեմ
Ապերախտությունն անձիս մեղսագործ՝
Երախտիքիդ հետ, այնքան ավելի
Պիտի երևա, որ արդար ես դու,
Իսկ ես՝ անիրավ, հավետ մեղապարտ։
Դու ստեղծեցիր ինձ քո պանծալի
Պատկերով, վեհիդ նմանողությամբ,
Օժանդակելով անուժ տկարիս։

 

Բ

Բարեզարդեցիր խոսելու ձիրքով,
Շունչ ներարկելով՝ փայլ տվեցիր ինձ,
Մտքով ճոխացրիր, աճեցրիր խելքով և իմաստությամբ,
Հանճարով օժտած՝ զատորոշեցիր շնչավորներից,
Համադրեցիր բանական ոգով,
Պճնեցիր գոյով անձնիշխանական։
Ծնեցիր հոր պես, հոգատար եղար դայակի նման
Եվ խնամեցիր որպես ստեղծող։
Ինձ՝ ամբարշտիս, տնկած գավթիդ մեջ,
Ոռոգեցիր քո կենսատու ջրով,
Ավազաններիդ ցողով մաքրեցիր,
Արմատացրիր վտակով կենաց,
Կերակրեցիր հացովդ երկնային,
Ըմպել տվեցիր արյունդ Աստծո։
Ընտանեցրիր անմերձենալի անհասների հետ,
Թույլ տվեցիր, որ աչքս երկրային
Համարձակորեն նայի դեպի քեզ,
Պարածածկեցիր քո փառքի լույսով,
Քեզ մոտեցրիր անմաքուր ձեռքիս մատներն հողանյութ,
Մահացու մոխրիս հարգեցիր որպես լույսի ճառագայթ,
Քո հորը հզոր, օրհնյալ, ահավոր,
Մարդասիրաբար հայր կնքեցիր և անարժան անձիս։
Չայրեցիր բերանս, լցված նանրությամբ,
Երբ ժառանգակից կոչեցի ինձ քեզ.
Չկշտամբեցիր, երբ հանդգնեցի քեզ կցորդվելու.
Չմթագնեցիր լույսը աչքերիս,
Երբ որ հայացքս քեզ էի հառել.
Մահապարտների հետ շղթայակապ չտարագրեցիր.
Չխորտակեցիր դաստակը բազկիս,
Երբ անմաքրապես քեզ էր կարկառվում.
Չկոտրատեցիր մատներս, երբ ես
Շոշոփում էի պատգամդ կենաց։
Նվիրման ժամին խավար չպատեց շուրջս, ահավո՜ր.
Չփշրտեցիր շարքն ատամներիս
Քեզ ըմբոշխնելիս, անսահմանելի՜.
Չնայեցիր ինձ բարկությամբ խոտոր,
Ինչպես վարվեցիր Իսրայելի հետ,
Երբ խոտորնակի քեզ հետևեցի.
Խայտառակ չարիր հարսնարանիդ մեջ
Ինձ՝ անարժանիս քո պարերգության.
Ո՛չ հանդերձներս գծուծ տեսնելով՝
Անօրինյալիս հանդիմանեցիր,
Ո՛չ ձեռք ու ոտս ամուր կապկպած՝
Ի կուր խավարի՝ վռնդեցիր դուրս։

Գ

Քեզնից ստացած արժանիքներն ու բարիքներն այդ ողջ,
Համբերությունը քո ներողամիտ,
Օրհնյա՜լ, բարերար ու ամենագութ,
Վնասապարտս փոխարինեցի
Անթիվ այլազան ու բազմապիսի անօրենության,
Այլև մարմնական, հոգեկան բոլոր
Ախտ ու կրքերով տոգոր բազմածուփ
Երկրաքարշ հույզ ու մտորումների
Եվ, իմաստությունն իսպառ մոռացած
Ու սիրահարված խելահեղության,
Ինչպես Մովսեսն է հանդիմանաբար ասել առակով,
Այդ բոլորի տեղ, Աստվա՜ծ իմ և տեր,
Քեզ չարիքներով փոխհատուցեցի։
Երախտիքներն ու բարիքները քո
Անմիտ ընթացքով վատնեցի իսպառ.
Բարձրյալիդ կողմից հոգատարությամբ
Ինձ վրա բարդված անճառ լուսավոր շնորհները ողջ
Խելագարության մրրկով ցնդեցրի։
Թեպետ շատ անգամ հոգածու ձեռքդ կարկառելով ինձ՝
Ուզեցիր ձգել դեպի քեզ, սակայն ես չցանկացա,
Իսրայելի պես, ըստ մարգարեի ամբաստանության.
Թեև խոստացա քեզ հաճո լինել,
Սակայն այդ ուխտը նույնպես դրժեցի,
Նույն չարիքները նյութեցի դարձյալ,
Վերադառնալով նախկին կենցաղիս։
Անդաստանները սրտիս հերկեցի
Միայն մեղքերի փշերի համար,
Որ որոմն այնտեղ արգասավորվի։
Ինձ են պատշաճում առածները ողջ
Աստվածարյալ սուրբ մարգարեների.
Քանզի դու ինձնից հուսացիր խաղող,
Փոխարենը ես ընձյուղեցի փուշ.
Խորթացած այգիս դառն ու անախորժ պտուղներ տվի։
Ապավինեցի անհաստատ հողմին,
Որից հարածուփ տատանումներով
Այս ու այն կողմ եմ միշտ տարուբերվում։
Ըստ Հոբի խոսքի, գնացի անդարձ մի ճանապարհով.
Հիմարի նման շենքս շինեցի ավազի վրա.
Խաբված՝ կարծեցի լայն արահետով
Կարող եմ հասնել անձկալի կյանքին.
Ինքս փակեցի ելքը ճամփեքիս.
Կամովին բացի վիհս կորստյան։
Իմ լսելիքի պատուհանները խցեցի ամուր,
Որ կենդանարար խոսքդ չլսեմ.
Գոցեցի նայվածքն հոգուս աչքերի,
Որ չնկատեմ դեղս փրկության.
Վեր չցատկեցի մտքիս լքումից ու թմրությունից՝
Ի լուր պատգամիդ ահավոր փողի.
Մեծ դատաստանի հրափորձ օրվա
Գուժաբեր ձայնից չաչալրջացա.
Չարթնացա երբեք կորստի տանող մահաբեր քնից։
Հանգիստ չտվի հոգուդ՝ մարմնեղեն տաղավարիս մեջ.
Բանական շնչիս հետ չխառնեցի
Մասը՝ պարգևած քո շնորհների.
Ըստ առակողի, ինքս իմ ձեռքով կանչեցի կորուստ`
Կենդանի հոգիս մատնելու մահվան։

Դ
Բայց ինձ ի՞նչ օգուտ այս նվազ, խղճուկ ու կսկծալի
Չափաբերականն իզուր ոգելուց,
Երբ որ ամեն չափ անցել է արդեն,
Ու անհնար է որևէ բուժում։
Արդ, դու կարող ես լոկ կյանք ընձեռել հոգով մեռածիս
Եվ անոխակալ ձեռքդ կարկառել
Դատապարտյալիս օգնելու համար,
Որդի՜ կենսատու Աստծո, քեզ փա՜ռք հավիտյանս, ամեն։

Translate »