Հայ առաքելական եկեղեցի Տավուշի թեմ

ԴԱՐԱՎՈՐ ԼՌՈՒԹՅՈՒՆԻՑ ՀԵՏՈ ԵՊԻՍԿՈՊՈՍԱԿԱՆ ՍՈՒՐԲ ԵՎ ԱՆՄԱՀ ՊԱՏԱՐԱԳ ՍԱՀՄԱՆԱՊԱՀ ՉԻՆԱՐԻՈՒՄ

Այսօր Տավուշի թեմի հերոսական, սահմանապահ Չինարի գյուղում քրիստոնեական սիրո, հավատամքի բաց դաս էր: Գյուղի մշակույթի տանը դարերի ընդմիջումից հետո Սուրբ և Անմահ Պատարագ մատուցվեց Տավուշի թեմի առաջնորդ Տեր Բագրատ եպիսկոպոս Գալստանյանի կողմից: Բերդի տարածաշրջանի ամբողջ հոգևոր դասը, ինչպես նաև բնակիչներ ամենատարբեր համայնքներից քահանաներ Տեր Արամի և Տեր Աբելի հովվությամբ մասնակցեցին այս կարևոր իրադարձությանը: Չինարիում տարբեր հոգևոր արարողություններ են կատարվել՝ կնունք, օծում, օրհնություն, բայց այստեղ պատարագ մատուցվել էր դեռևս դարեր առաջ:

Չինարին երեք կողմից շրջապատված է ադրբեջանական դիրքերով և գտնվում է թշնամու ուղիղ նշանառության տակ: Չինարի գյուղում է գտնվում հայ միջնադարյան նշանավոր վարդապետարաններից մեկը՝ Խորանաշատի վանական համալիրը, Առանց Խորանաշատի հնարավոր չէ պատկերացնել հայ միջնադարյան պատմագիտական միտքը: Խորանաշատը գրչության կենտրոն էր, վանքն ունեցել է ժամանակի չափանիշներով գործող համալսարան, հիմնադիրը Մխիթար Գոշի աշակերտներից է` Վանական Վարդապետը: Խորանաշատում ուսանել են Վարդան Արևելցին, Կիրակոս Գանձակեցին, Մաղաքիա Աբեղան, Ատեփանոս Աղթամարցին, շատ այլ նշանավոր դեմքեր: Սրբավայրը հակառակորդի հենակետից ընդամենը 70 մ հեռավորության վրա է` մինչև ատամները զինված ադրբեջանցի դիպուկահարների անմիջական թիրախում: Չինարին նաև Շամշադինում առաջին համայնքն է եղել, որ քահանա զավակ է ընծայել Սուրբ Եկեղեցուն:
Վանական վարդապետի, Կիրակոս Գանձակեցու, Վարդան Արևելցու հոգևոր հայրենիքի տարիների ստիպողական հոգևոր ամլությունն այսօր փարատվում է:
Սահմանապահ Չինարիում վերաարթնացավ դարերով լռություն ունեցած Սբ. Պատարագի խորհուրդը:

Բագրատ Սրբազանն իր քարոզում անդրադարձավ այս օրերին ստանձնած իր առաքելությանը՝ Պատարագներ մատուցելու սահմանագծի ողջ երկայնքով.
«Ես հաղթեցի աշխարհին». մեր Տիրոջ այս արտահայտությունը կարծես որպես ամպհովանի մեր ամբողջ առաքելության վրա է տարածվում: Այդ խոսքերը որքան որ իրական են Իր շրթունքներից հնչած, այդքան էլ ճշմարիտ ու իրական են այսօր ու այստեղ, այս խորհրդի մեջ»:

Դիմելով չինարեցիներին՝ նա նշեց, որ հենց իրենք են, որ խոնարհությամբ սահմանագծի վրա կրում են բոլորիս արժանապատիվ կյանքը.
«Դուք այսօրվա ապրող քրիստոնեության առաջին ճակատն եք, ոչ միայն ֆիզիկական թշնամու փամփուշտների դիմաց, այլ հենց հավատքի տարածությունը գրավելու իմաստով: Քրիստոնեությունն աշխարհում շատ դժվարություններ է ապրում, շատ հարձակումներ է տեսել ու դեռ տեսնելու է: Եվ դուք նաև այս հոգևոր կյանքի առաջնագիծն եք: Այսօր ողջ քրիստոնյա աշխարհի կրողն եք, ոչ միայն առաջնագիծը, այլև վերջին հանգրվանը: Եվ այս ճանապարհով եք Հայաստանը դարձնում քրիստոնյա աշխարհի ամրոցը:
Եվ մեր կյանքն էլ պիտի լինի վայել այն մարդկանց, ովքեր հավատում են Հիսուս Քրիստոսի անվանը, հավատում են, որ Նա հաղթել է աշխարհին, և որ իրե՛նք էլ են հաղթում աշխարհին: Եվ այդ հաղթանակն այստեղ մեկ անգամ չէ, որ նվաճվել է՝ լինի դա ֆիզիկապես, լինի դա հոգևոր իմաստով, լինի դա մտքով, թե ձեր կյանքով՝ ապրելով այս գծի վրա»:

Հավարտ Սուրբ Պատարագի կատարվեց նաև Ջրօրհնեքի կարգ, խաչքավոր դարձավ Չինարի համայնքի ղեկավար պարոն Սամվել Սաղոյանը:

Չինարեցինրին ուղղված պատգամն է՝ միշտ հիշել Քրիստոսի՝ հաղթանակի մասին խոսքերը.
«Նեղության մեջ եք լինելու»: Նեղությունը ծնվել է մեր անկման ժամանակ, և մենք մահանալու ենք նեղությամբ: Բայց մեզ հույս ու կյանք տվողը Հիսուսի հռչակավոր հաղթանակի պատգամն է՝ ուղղված բոլորին. «Ես հաղթեցի աշխարհին»: Իմ ցանկությունն է, որ յուրաքանչյուր չինարեցի հենց այդ մտքով անի իր աղոթքը. «Տե՛ր, Դու հաղթեցիր աշխարհին, ես էլ Քեզ հետ եմ հաղթելու աշխարհին»:

Տավուշի թեմի առաջնորդ գերաշնորհ Բագրատ Սրբազանն այս տարի Սուրբ Պատարագ է մատուցելու սահմանի ամբողջ երկայնքով, երեկ մեկնարկը տրվեց Մովսես գյուղում, այսօր արդեն Սուրբ Պատարագի ավետիսը համակեց ամբողջ Չինարի գյուղը:

Translate »