ԵԿԵՂԵՑՈՒ ԽԱՉԻ ԵՎ ԶԱՆԳԻ ՕԾՈՒՄ ՆՈՅԵՄԲԵՐՅԱՆԻ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԻ ՀԱՂԹԱՆԱԿ ԳՅՈՒՂՈՒՄ
Հունվարի 13, 2017

Հունվարի 13-ին Տավուշի մարզի Նոյեմբերյանի տարածաշրջանի Հաղթանակ գյուղում կատարվեց եկեղեցու խաչի և զանգի օծման արարողություն:
Նորակառույց եկեղեցու խաչը և զանգը, նախ, ի նշան մաքրագործման, լվացվեցին ջրով և գինով, և ապա՝ օծվեցին սրբալույս մյուռոնով: Օծման արարողությունը կատարվեց Տավուշի թեմի առաջնորդ գերաշնորհ Տեր Բագրատ եպիսկոպոս Գալստանյանի ձեռամբ, արարողությանը մասնակցում էին Նոյեմբերյանի տարածաշրջանի հոգևոր հովիվները՝ արժանապատիվ Տեր Սմբատ քահանա Աբրահամյանը և արժանապատիվ Տեր Հրայր քահանա Բեջանյանը:
Օծման արարողությանը ներկա էին նաև Հաղթանակ գյուղի բնակիչները: Մոսկվաբնակ Անդրանիկ Պապոյանի միջոցներով կառուցվող այս եկեղեցին շուտով նրանց համար կդառնա Հայ Եկեղեցուն կապող օղակ և հոգևոր միասնության կենտրոն: