Եպիսկոպոսական Սուրբ պատարագ սահմանապահ Բաղանիսի Սուրբ Հովհաննես եկեղեցում՝ 80 տարվա ընդմիջումից հետո:
Ըստ պատմական աղբյուրների Բաղանիս գյուղը հիմնադրվել է հինգերորդ դարում:
Բաղանիս գյուղը մեր հայրենիքի դարպասը լինելուց զատ նաև պատմամշակութային հարուստ ժառանգություն ու պատմական անցյալ ունեցող գյուղ է: Բնակավայրը ավերվել է 1222-23թթ. թաթար-մոնղոլների արշավանքի հետևանքով: Այն սկսել է վերականգնվել 13-րդ դարի կեսերից: Բաղանիսցիները գյուղը պաշտպանելու նպատակով կառուցել են ՙԿոռաբերդ՚ ամրոցը: Բաղանիսի Սուրբ Աստվածածին եկեղեցին կառուցվել է 10-րդ դարում: Կիսավեր վիճակում գտնվող այս պատմական հուշարձանն հայ ճարտարապետության ինքնատիպ գլուխգործոցներից է: Գյուղում իր նպատակին չի ծառայում նաև 1901թ. կառուցված Սուրբ Հավհաննես եկեղեցին:
Բաղանիս գյուղը Իջևան-Նոյեմբերյան ճանապարհի 15-րդ կմ հատվածի վրա է: Բաղանիսը ղեկավարում է երիտասարդ և եռանդուն գյուղապետ Նարեկ Սահակյանը:
Հուլիսի 16-ին Տավուշի թեմի գերաշնորհ առաջնորդ Բագրատ Սրբազանը սահմանապահ Բաղանիսում էր: Համարյա մեկ դարյա ընդմիջումից հետո Բաղանիսում առաջին անգամ պատարագ եպիսկոպոսական սուրբ և անմահ պատարագ մատուցվեց:
Դարերի թոհուբոհով անցած այս գյուղի կոթողները և Տավուշի սահմանապահ գյուղերում ապրող մարդիկ վկայում են տավուշեցու քրիստոնեական հոգեկերտվածքի և մքարամաքուր նկարագրի մասին:
Ինչպես արդեն նշել ենք, Տավուշի թեմի առաջնորդ գերաշնորհ Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ մարզի բոլոր եկեղեցիներում՝ գործող թե խոնարհված, հնչում է եպիսկոպոսական Սուրբ և անմահ պատարագ: Տավուշի թեմի առաջնորդն Աստծուց ուժ, կարողություն ու զորություն խնդրեց սահմանապահ գյուղերը շենացնելու, հոգևոր կյանքը վերականգնելու, հոգևոր զարկերակը նորից բաբախեցնելու համար:
Հոգևոր կյանքից հեռացած Բաղանիսի Սուրբ Հովհաննես եկեղեցին վերադարձավ իր իսկատիպ կոչմանը և 80 տարի անց կրկին ապրեց քրիստոնեական շնչով և հոգով:
Կից ներկայացնում ենք նաև Իջևան ՀԸ-ի պատրաստած տեսանյութը: