Էկումենիկ աղոթք հանուն Արցախի և Հայաստանի խաղաղության. Զալցբուրգի տաճար. 18.12.2020

Դեկտեմբերի 18֊ին Զալցբուրգի կաթոլիկ եղեղեցու արքեպիսկոպոս Ֆրանց Լաքները և Կենտրոնական Եվրոպայում Հայ Առաքելական եկեղեցու հայրապետական պատվիրակ Տեր Տիրան եպիսկոպոս Պետրոսյանը ղեկավարեցին «Հանուն Արցախի և Հայաստանի խաղաղության» էկումենիկ աղոթքը, Զալցբուրգի հայագետ Յասմին Դում-Թրագուտի և Պրո Օրիենտե էկումենիկ հիմնադրամի նախաձեռնությամբ:
COVID19-ի դեմ խիստ միջոցառումների պատճառով ներկա էին միայն մի քանի հավատացյալներ՝ ավստրիացիներ և հայեր, բայց խաղաղության աղոթքը Զալցբուրգի տաճարից առցանց հեռարձակվեց:
Աղոթքից առաջ հայագետը նկարագրեց Հայաստանում և Արցախում առկա իրավիճակը: Խաղաղության աղոթքի սկզբում արքեպիսկոպոս Լաքները հիշեց հայ եկեղեցու «առաքելական արմատները» վաղ քրիստոնեական ժամանակներից:
Իր քարոզում Տիրան սրբազանն ասաց, որ այս ընդհանուր աղոթքն ուղղված է Հայաստանի և Արցախի հանրապետություններին օժանդակությանը, և նաև հարևան պետությունների ու ժողովուրդների հետ «կայուն և խաղաղ գոյակցությանը»: Պատերազմի և խաղաղության միջև ընտրություն կատարելիս պետք է ընտրել «արդարության վրա հիմնված խաղաղությունը»:
Տիրան սրբազանը բարձր գնահատեց Ավստրիայի կառավարության, ԱԺ-ի և Ավստրիայի եկեղեցիների և բարեպաշտ ժողովրդի նվիրվածությունը Արցախի խաղաղությանը. ֊ «Թող Տերը պաշտպանի Ավստրիան, Հայաստանը և Արցախը և օգնի բնակիչներին պահպանել հավատքն ու սերը – ասաց Սրբազանը: Նա նաև անդրադարձավ զալցբուրգցի հայագետի «gibHoffnung» նախաձեռնությանն` ուղղված ՀԱԵ Տավուշի թեմի տարածք եկած արցախցի փախստականներին և պատերազմի զոհերին աջակցելուն:
Այս նախաձեռնությանն աջակցում է անձամբ Զալցբուրգի արքեպիսկոպոս Լաքները, որը նաև Ավստրիայի եպիսկոպոսներիի համաժողովի նախագահն է: