Հայ առաքելական եկեղեցի Տավուշի թեմ

ԸՆԾԱՅՎԵՑԻՆ ՄԱՅՐ ԵԿԵՂԵՑՈՒՆ

Յուրաքանչյուր երեկո Մայր Աթոռի զանգերը բոլորին հրավիրում են երեկոյան ժամերգության մասնակցելու։ Այս երեկոն առանձնահատուկ էր երեկոյան ժամերգության ընթացքում 5 բարեշնորհ սարկավագների ընծայման կարգով։ Ընծայման կարգը կատարվում է քահանայական ձեռնադրության նախորդ օրը։

Վաղը Լևոն, Մինաս, Դավիթ, Շավարշ և Արսեն սարկավագները քահանայական ձեռնադրության կարժանանան։

Ձեռնադրությունը կկատարվի Տավուշի թեմի առաջնորդ Տեր Բագրատ եպիսկոպոս Գալստանյանի ձեռամբ։

Բագրատ Սրբազանն իր խոսքն ուղղեց ներկաներին և քահանայության ուխտ կնքող սարկավագներին․ «Սարկավագներն այսօր հանձն առան կրելու մեր Տիրոջ լուծը, վերցնելու Իր խաչը և հետևելու Իր ընթացքին։

Միևնույն ժամանակ ուխտեցին հետևել մեր սրբազան Հայրապետներին, որոնց կյանքը Քրիստոսի կյանքի կենդանի վկայություն է։

Մեր սարկավագներն ուխտեցին վաղը ներկայանալ սուրբ խորանին, և այնտեղից որպես նոր մարդիկ ծնվել եկեղեցու մեջ հավիտենական ծառայության համար։

Այդ ծառայությունը երկու երես՝ ճանապարհ ունի։

Առաջին երեսը բոլոր հարձակումներն ու հալածանքներն են, աղքատությունը, վիշտը, ցավերը, տառապանքները, որ սովորաբար պատահում են Քրիստոսին հետևողներին։ Եվ այդ ամենը հանուն մեր Տիրոջ Հիսուսի Քրիստոսի։

Այդտեղից է բխում երկրորդ ճանապարհը, որը մեր հայրերը կոչում են զմայլվելու, վայելելու, անսահման ուրախության, մխիթարության, Տիրոջ խորհրդի մեջ միաձուլված լինելու թե՛ հոգով, թե՛ մտքով, թե՛ մարմնով։

Այսօր ձեզ համար ուխտի գիշեր է, խորհրդածության ժամեր են ձեզ համար, մինչև այս վայրկյանը ձեր անցած ողջ ճանապարհը վերագնահատելու պահեր են ձեր համար։

Իմ հորդորն է, որ դուք հատկապես այս երեկո և գիշեր ինքներդ ձեզ հետ ազնիվ լինեք։

Թող Աստված զորացնի ձեզ, թող ձեր ճանապարհը անսայթաք պահի, որպեսզի ՆՈՐ ՄԱՐԴԻԿ՝ ՆՈՐ ԿՅԱՆՔՈՎ վերստին ծնվեն եկեղեցու մեջ և մեր ողջ ժողովրդի կյանքում»։

Translate »