Ընտանիքի, ամուսնության և համայնքի մասին Բագրատ Սրբազանի քարոզը
Այսօր «ընտանիք» հասկացության վերաձևակերպման և ձևավորման նոր սահմանումներ են տրվում, որ ընտանիքը ոչ թե սիրո միության, այդ սիրո մեջ հավասարության, մրցակցության բացասության և բացառության վայրն է, այլ իրավունքների գործադրության վայր՝ կնոջ իրավունքի, տղամարդու իրավունքի, երեխաների իրավունքի և այլն։ Ինչի՞ է սա հանգեցնում մեր մտքի մեջ։ Հանգեցնում է ոչ թե կնոջ և տղամարդու՝ միմյանց լրացնելու գաղափարին, այլ միմյանց հետ մրցելու գաղափարին, որում այլևս ԸՆՏԱՆԻՔ գոյություն չունի։
․․․ Ամուսնությունը ՍԻՐՈ մասին է, սիրո կենսագրության մասին է։ Ընտանիքը երկու անձանց՝ կնոջ և տղամարդու սիրո մասին է։ Զավակներն այդ սիրո օրհնության հետագա արդյունքն են և ոչ թե գերնպատակը։ Գերնպատակը սիրո միություն կազմելն է։
․․․ Այսօրվա աշխարհի պատերազմը համայնքի հետ է՝ համայնքի գաղափարի դեմ, որովհետև մարդն իր բնական զգացումով ինքնադրսևորվում, ինքնաարտահայտվում է, ինքնաիրացվում է համայնքի մեջ։ Առանց մյուս մարդու մարդ գոյություն չունի։ Անհատ, մեկուսի մարդն արժեք չէ ինքն իրենով՝ ամբողջության մեջ։
Բագրատ եպիսկոպոս Գալստանյան