Իջևանի տարածաշրջանի Կիրակնօրյա դպրոցները եզրափակեցին Սուրբ ծննդյան միջոցառումների շարքը Տավուշում
Դեկտեմբերի 24-ին Իջևան քաղաքի համար 3 դպրոցում ուրախություն էր տիրում. տարածաշրջանի Կիրակնօրյա դպրոցների սաները ներկայացան Սուրբ ծննդյան և ամանորյա ծրագրով:
Տավուշի թեմի «Մեկ համայնք, մեկ դպրոց» ծրագրի կենսագործման արդյունքում մարզում այս տարվա ընթացքում 43 Կիրակնօրյա դպրոցներ բացվեցին, ուր հաճախում է շուրջ 2100 աշակերտ: Առաջիկայում է ևս մեկ նպատակի իրականացումը՝ Տավուշում ամեն համայնք պետք է Կիրակնօրյա դպրոց ունենա:
Այս օրերին Տավուշում տոնական միջոցառումների շքերթ է: Սուրբ ծննդյան և ամանորյա միջոցառումների մեկնարկը տրվեց դեկտեմբերի 21-ին՝ Նոյեմբերյանում: Տոնին միացան Դիլիջանը, Նոյեմբերյանը, և դեկտեմբերի 24-ին էլ Իջևանի տարածաշրջանի Կիրակնօրյա դպրոցները եզրափակեցին Սուրբ ծննդյան միջոցառումների շարքը: Իջանում էին համախմբվել Կիրակնօրյայի սաներ Իջևանի դպրոցներից, Վազաշենից, Կայան ավանից, Ազատամուտից, Բերքաբերից, Ծաղկավանից, Սարիգյուղից, Սևքարից, Աչաջրից, Գետահովիտից և Գանձաքարից:
Կիրակնօրյա դպրոցների հոգևոր խնամքը տանում են Տեր Սիմեոն, Տեր Թորգոմ և Տեր Արշավիր քահանաները:
Գեղեցիկ Սուրբ ծննդյան երգերով հանդես եկան նաև Տավուշի թեմի մանկապատանեկան երգչախմբի սաները՝ խմբավար Քրիստինե Շերոյանի ղեկավարությամբ:
Տավուշի թեմի առաջնորդ Տեր Բագրատ եպիսկոպոս Գաստանյանն իր խոսքում շնորհակալություն հայտնեց Կիրակնօրյա դպրոցներին աջակցած բոլոր անհատներին ու կազմակերպություններին, ուսուցիչներին և ծնողներին: Նա նշեց, որ արդեն չորս օր է, ինչ ամբողջ Տավուշի մարզում Սուրբ ծննդյան փառաբանություն է հնչում, և խաղաղություն մաղթեց թե՛ բոլորի ընտանիքներին և թե՛ մեր սահմաններին:
Միջոցառման ավարտին երեխաներին բաժանվեցին ամանորյա նվերներն ու մանկական Աստվածաշնչերը:
Տավուշում այս միջոցառումներն իրականություն են դարձել շնորհիվ ԵՀԽ հայաստանյան «Կլոր Սեղան» հիմնադրամի, Կանադայից և ԱՄՆ-ց մի խումբ հայորդիների, Գաբրիել Չեմբերջյանի և կանադահայ երիտասարդ Ռաֆֆի Քեոհնելյանի, ով արդեն երրորդ տարին է մասնակցում սույն ծրագրին: Ծրագրի իրականացմանն աջակցել են նաև Գերմանիայի Հեսեն նահանգի եկեղեցական համայնքը, կենտրոնը` Հանաու քաղաք, հովանավորել է Սարիգյուղ և Սևքար գյուղերի կիրակնօրյա դպրոցների նվերները