Հայ առաքելական եկեղեցի Տավուշի թեմ

Իրական Հայաստանը պարտվեց ֆեյսբուքյան Հայաստանին․ Բագրատ Սրբազան

Ասում եմ՝ մենք պարտվեցինք մեղքին, և այս շարքի վրա՝ ճշմարտությունը պարտվեց ստին, ազնվությունը պարտվեց կեղծիքին, երփներանգը պարտվեց սև ու սպիտակին, պետական գործիչը պարտվեց բլոգերին, իրական Հայաստանը պարտվեց ֆեյսբուքյան Հայաստանին, ուղղամտությունը պարտվեց չարամտությանը, ազգայինը պարտվեց գլոբալիստներին, քրիստոնեականը պարտվեց ապաքրիստոնեականին, սեռը պարտվեց անսեռությանը, դեմքը պարտվեց անդիմագիծին, ուղղությունը պարտվեց անորոշությանը, պատասխանատվությունը պարտվեց իրավունքին, նաև՝ պատասխանատվությունը պարտվեց անպատասխանատվությանը, պատերազմը պարտվեց PlayStation-ի գիտակցությանը. այդ պատճառով ենք մենք հիմա այստեղ գտնվում։

Եվ ոմանց թվում է, թե ոչ մի բան էլ չի եղել։ Եղել է։ Մենք թաղել ենք մեր տարիների ձեռքբերումը. անարժեք է դարձել մեր անցյալը, անհասկանալի է ներկան, և դեռ չգիտենք՝ ինչպես ենք ձևակերպելու ապագան որպես ամբողջություն՝ ազգ ու պետություն։

Ես չեմ հուսահատեցնում։ Հակառակը՝ ուզում եմ իջեցնել երկիր՝ հողի վրա, ծնկի բերել, մեր գլուխները խոնարհեցնել գետին՝ ճանաչելու ինքներս մեզ, այն հրայրքը ճանաչելու, որ մենք կարծես թե թաղել ենք, և ապա այդպես վեր բարձրանալու։

… Մեր բոլոր համայնքներում, աշխարհի բոլոր ծագերում ամենահայտնի, ամենասիրված եղել է «Գետաշենը»։ Կորուստի մասին երգն է եղել մեր ամենասիրած երգը։

Երևի թե այս պահին մեր Հայրենիքի կորուստով մենք վերադարձանք մեր բնական վիճակին։ Երևի թե այդ 25 տարիերը մեզ համար անսովոր էին, որովհետև չէինք ուզում ողբալ, չէինք ուզում լացել, որովհետև երևի լավ չէինք զգում մեզ, երբ գնում էինք հաղթանակած Արցախ, այլ լավ էինք զգում, երբ գնում էինք մեր պարտված պատմական Հայրենիքը։ Երևի վերադարձանք մեր բնական վիճակին, որովհետև հիմա նոր երգերը կգրվեն, նոր արցունք կթափվի, նոր ողբեր կհյուսվեն։

… Մեր ներկան արդեն ուրվագծված է անցյալում։

… Աստված այսօր խոսում է՝ վերստին հիշեցնելով. եկեք խոսենք իրար հետ։ Ոչ թե եկեք՝ ինձ հետ առևտուր արեք, ոչ թե՝ այդ երկու ամսվա ընթացքին փորձեք Ինձ հասնելու ճանապարհ գտնելու, այլ՝ եկեք խոսենք իրար հետ։

Բագրատ եպիսկոպոս Գալստանյան

Translate »