Հայ առաքելական եկեղեցի Տավուշի թեմ

Լույսի,սիրո,հավատի ճանապարհ դեպի ԿԻՐԱՆՑ:

Ամեն անգամ ուխտագնացության գնալիս Տավուշ աշխարհի 4 ծագերի երիտասարդների սիրտը, հոգին ու հավատը խաչվում են մի որևէ տեղում, այս անգամ բոլորիս աղոթքներն ու հավաքական հավատը մեկտեղվեց հայոց պատմության ու ճարտարապետության դարավոր վկայի՝ Կիրանցի վանքի աղոթարար ներդաշնակության ներքո:

Հուլիսի 23-ը 24-ժամյա սիրո օր էր Տավուշում, դուք պատկերացնու՞մ եք ինչ ասել է արևագալից արևամուտ սիրո մեջ մնալ ու բարությամբ լցվել:

Տավուշի Աճարկուտ գյուղում հավաքվելով ուղղություն վերցրեցինք Կիրանց վանքի պատմական ճանապարհով:

Ամեն ընտանիք ձևավորել է իր ավանդույթները, մեր մեծ առաքելական ընտանիքում ևս ձևավորվել են գեղեցիկ ավանդույթներ, որոնք մենք սիրով խնամում ու փոխանցում ենք: Դեռևս ժամը 09:00-ին Շամշադինի ու Դիլիջանի երիտասարդները հանդիպելով սկսեցին միաձայն կատարել Բանակային 3-րդ կորպուսի հիմնը: Ու ռազմահայրենասիրական ոգին մեզ ուղեկցում է մինչև վանքի խորան: Տավուշում ամեն մեկն իր հագուստի տակ զինվոր է, մենք ապրում և արարում ենք համատարած զինվորության մեջ: Միասին մեզ ուժեղ ենք զգում: Մի բռունցք ենք դարձել։ Էլ ամեն ինչից չենք դժգոհում, ամեն պատեհ-անպատեհ առիթով այլևս ոչ մեկին չենք մեղադրում, որովհետև հասկացել ենք, որ հայրենիքը հենց մեզնով է սկսում ու վերջանում։ Մենք ենք հայրենիքի տերերը, մենք էլ պիտի պաշտպանենք այն, առնվազն պիտի արժանի թիկունք լինենք այն տղաների համար, որ պահում են մեր սահմանը, մեր Տավուշը։

Մահ ոսոխին,- ավանդույթի համաձայն հնչեցնում եմ ես։
-Փառք հայրենիքին,- արձագանքում է խումբը։

Պատարագիչը Դիլիջանի Սուրբ խաչ եկեղեցու հոգևոր սպասավոր Տեր Շավարշ քահանա Սիմոնյանն էր: Հայկական խոնարհված վանքերն ու եկեղեցիները կարոտ են խնկաբույրի, մարդկանց, դարավոր հիշողություն կերտած այդ կոթողները քրիստոնեական նոր  հիշողություններով հարստանալու կարիք ունեն: 

Տավուշի թեմի երիտասարդաց միությունը հոգևոր դասի հետ միասին ուխտեցին ունենալ ամենամյա ուխտի օր դեպի Կիրանց:

Ուխտագնացությունն իրեն ամփոփը գտավ սիրո ճաշով: Երբ 10 հոգանոց փոքրիկ սեղանից 70 հոգով հաց կիսեցինք ու այդ հացի հետ նաև միասին կիսեցինք մեր սերը, հոգատարությունը, ընկերությունը:

Տավուշի թեմի երիտասարդաց միության անունից մեր  սերն ենք հղում մեր ընտանիքի մեծ անդամին՝ մեր սիրելի Բագրատ Սրբազանին իր հայրական օրհնությամբ այս օրն ունենալու համար ու այն սիրո շաղախի համար, որով ծեփել է մեր հոգու պատերը:

Սիրանուշ Մելիքյան

 

 

Translate »