Խոստովանություն եւ Աղոթք
1. ԽՈՍՏՈՎԱՆՈւԹՈւՆ
Մեղքերի խոստովանությամբ պետք է պատրաստենք մեր սրտերը՝ դառնալու Անմեղի բնակարանը։ Չխոստովանված մեղքերն արգելում են, որ Քրիստոս մուտք գործի մեր հոգիներից ներս։ «Եթե խոստովանենք մեր մեղքերը, վստահ եղեք, որ Արդար Աստված պիտի ների մեր մեղքերը եւ մեզ պիտի սրբի մեր բոլոր անիրավություններից»: (Ա Հովհ 1:9)
Շատ ողորմելի ենք, եթե խոստովանությամբ մեղքերի թողություն ստանալու առիթը ունենալով, մենք շարունակում ենք մեր մեղքերի բեռը մեր ուսերի վրա պահել։ Խոստովանելը՝ մեղքերի բեռը մի կողմ թողնելն է։
Բարսեղ Մաշկեւորցին, խոսելով խոստովանության մասին, ասում է. «Ինչպես որ պղնձագործը ժանգոտած անոթը քուրայից անցկացնելով՝ մուրճի հարվածներով այն փայլեցնում է, նույնպեսեւ դու մեղքերով ժանգոտած հոգիդ խոստովանության քուրայի մեջ նետիր, եւ ապա բարձրից իջեցրու մուրճը, այսինքն՝ մեղադրանքի եւ հանդիմանական խոսքերը, որպեսզի հոգիդ վերստին պայծառանա»։ Բարսեղը ուզում է ասել, որ քրիստոնյա մարդը խոստովանության պահին ինքնամեղադրության եւ ինքնահանդիմանանքի ճամփան պետք է ընտրի, որպեսզի կարողանա մեղքի ժանգը մաքրել իր հոգուց։ Ինչպես, երբ ծառի ճյուղերը էտվում են, ծառը իր զորությունը վերագտնում է, այնպես էլ, երբ քրիստոնյա մարդը խոստովանում է իր մեղքերը՝ Սուրբ Հաղորդության միջոցով իր զորությունն ու հոգեւոր պայծառությունն է վերագտնում:
Սուրբ Հաղորդությունը դեղ է մեր հոգու եւ մարմնի համար։ Այս դեղը մեզ օգտակար կլինի միայն ա՛յն ժամանակ, երբ խոստավանենք մեր մեղքերը։ Ինչպես, եթե հիվանդ մարդը չխոստովանի եւ չհրապարակի իր հիվանդությունը՝ դեղ չի ստանա եւ չի դարմանվի, այնպես էլ նա, ով Սուրբ Հաղորդությանը մոտենում է առանց խոստովանելու իր մեղքերը՝ թողություն եւ հոգու խաղաղություն չի գտնում։
Սիրելի՛ հավատացյալ, թույլ չտանք, որ Սատանան կամ մեր նման մարդիկ ամաչեցնեն մեզ եւ հեռու պահեն խոստովանությունից։ 13-րդ դարի հեղինակ Հովհաննես Երզնկացին ասում է. «Քահանայի ներկայությամբ ձեր ունեցած փոքր վախով ու ամոթով կփրկվեք այն մեծ ամոթից, որ տիեզերական ահեղ հրապարակին վրա տեղի պիտի ունենա… երբ մարդկանց բոլոր ծածուկ գործերը պիտի հայտնվեն։ Այդ վախը եւ ամոթը շատ ավելի սաստիկ է, երբ երկինքն ու երկիրը ի մի պիտի գան, եւ ոչ ոք չպիտի կարողանա ծածկել իր մեղքերը, այլ պիտի հանդիմանվի, ամաչի ու դողա մեծ հրապարակում։ Ամոթից հետո գեհենի հրին եւ հավիտենական տանջանքին պիտի մատնվի Սատանայի հետ, ուր աչքերը պիտի լան, եւ ատամները՝ կրճտան»։
2. Աղօթք
Եթե խոստովանությունը մեր մեղքերի ճյուղերը էտելն է, ապա աղոթքը նոր ճյուղեր պատվաստելն է։ Ճյուղեր, որոնց վրա հավատքի եւ հավատարմության, սիրո եւ սրբության պտուղները միասնաբար են հասունանում։ Չաղոթող մարդը նման է անպտուղ ծառի, որին ո՛չ թռչուններն են մոտենում, ո՛չ մարդիկ, եւ ո՛չ էլ Աստված՝ Սուրբ Հաղորդությամբ։
Աղոթքը մեր սրտի դուռն ու ցանկապատն է։ Ինչպես դուռ եւ ցանկապատ չունեցող պարտեզը ամեն տեսակ կենդանի կարող է մտնել եւ ավերել, այնպես էլ աղոթքը իբրեւ դուռ եւ ցանկապատ չունեցող սիրտը, հարձակման է ենթարկվում չար դեւերի եւ ոգիների կողմից։ Նման սիրտը չի կարող պարուրվել Քրիստոսի մարմնով եւ արյունով։
Աղոթքով պետք է մաքրենք մեղքի թարախը մեր հոգիներից։ Մեզնից ո՞վ չի խորշի թարախոտած ձեռքով կերակուր ուտել։ Եթե երբեք թարախոտած ձեռքով ճաշ չենք ուտի, հապա որքա՞ն ավելի զգույշ պետք է լինենք՝ Քրիստոսի մարմինն ու արյունը մեղքերով թարախոտած մեր մարմինների մեջ առնելու։
Ինչպես խի՛ստ պատիժի է արժանանում նա, ով փշրված ու կոտրված գահ է տալիս իր երկրի թագավորին եւ նրան խնդրում է դրա վրա բազմել, այնպես էլ մեծապես պիտի պատժվեն բոլոր նրանք, ովքեր Սուրբ Հաղորդությամբ Քրիստոսին հրավիրում են բազմելու մեղքով փշրված ու կոտրված իրենց սրտի գահին։ Աստծո կողմից եւ Աստծո՛ համար մեր սրտերում դրված այդ գահը միայն աղոթքով կարող է նորոգվել։ Այդ նորոգությանը հաջորդում է Սուրբ Հոգու ներգործությունը, երբ ճաշակում ենք Քրիստոսի մարմնից եւ արյունից։ Ուրեմն, աղոթե՛նք արարչագործության եւ արարածների Նորոգչին եւ Վերանորոգչին՝ Աստուծո մարմնին եւ արյանը մերձենալուց առաջ։
Աղոթե՛նք, որպեսզի մեր սրտերը վերածվեն սկիհի՝ պատրաստ իր մեջ առնելու Տեր Հիսուսի մարմինն ու արյունը։ Աղոթե՛նք, որպեսզի կավե զանգվածներս չայրվենք Աստվածորդու հրանման մարմնի եւ արյան առջեւ։ Աղոթե՛նք, որպեսզի մեր հոգիները դո՛ւրս շպրտեն իրենց ներսից մահառիթ մեղքը եւ միանան կենսատու Նշխարին եւ առատահոս սրբարար Գինուն։
Աղոթե՛նք, որպեսզի կասեցնենք չար խորհուրդների հոսքը մեր կյանքից ներս եւ Սուրբ Հաղորդությամբ Աստծո բազմապիսի բարերարություններով լի գետի ուղղությունը ուղղենք դեպի մեր կյանքերը։ Չաղոթող մարդը չի՛ բարերարվի մեր Տիրոջ բարեգործ եւ բարեբաշխ մարմնից եւ արյունից։ Սուրբ Հաղորդությունը կենագործում է, երբ աղոթում ենք կյանքի Արարչին։
Եկե՛ք ինքնաքննության, ծոմապահության, խոստովանության եւ աղոթքի ճամփով մաքրենք մեր սրտերից եւ հոգիներից մեղքի տիղմը, որպեսզի փառքի թագավորը՝ Քրիստոս, Իր հաղթական մուտքը գործի մեր կյանքից ներս, Սուրբ Հաղորդության միջոցով։