Խորանաշատ վանական համալիր
Խորանաշատ վանքը գտնվում է Հայաստանի Տավուշի մարզի Չինարի գյուղից հյուսիս-արևելք: Հիմնել է Վանական Վարդապետը Վահրամյան իշխանների աջակցությամբ XIII դարի առաջին կեսին: Վանքային համալիրի կազմի մեջ են մտնում Սուրբ Աստվածածին և Սուրբ Կիրակի եկեղեցիները, կիսավեր մատուռը, վանական խցերը և երկու գերեզմանոցները: Համալիրը շրջապատված էր պարսպապատերով (այժմ կիսավեր):
Վանքի գլխավոր կառույցը, Սուրբ Աստվածածին եկեղեցին, կառուցվել է 1211-1222թթ.: Այն ունի գմբեթավոր դահլիճի հորինվածք, և միաժամանակ տարբերվում է նմանատիպ կառույցներից: Եկեղեցու անսովոր լայն կիսաշրջան ավագ խորանը մասնատված է 14 խորշերով: Խորանի երկու կողմերում գտնվում են երկհարկանի ավանդատները:
Արևմտյան կողմից եկեղեցուն կցված է քառասյուն կենտրոնակազմ գավիթը (1222-1240թթ.): Նրա արևելյան պատը մասնատված է 12 կիսաշրջան խորշերով: Առանձնակի հետաքրքրություն է ներկայացնում գավթի ծածկը: 3 զույգ կամարները փոխադարձաբար հատվում են նրա կենտրոնական մասում պատկերելով վեց թևանի աստղ:
Համալիրի հարավային մասում գտնվում է Սբ.Կիրակի փոքր գմբեթավոր եկեղեցին (XIIIդ.): Նրա արևելյան կողմում մատուռի ավերակներն են, միջնադարյան գերեզմանը, որտեղ գտնվում է քանդակազարդ թևավոր խոշոր խաչքարը (ենթադրվում է, որ այն վանքի հիմնադիր Վանական Վարդապետի գերեզմանաքարն է) և բազմաթիվ տապանաքարեր:
Խորանաշատը միջնադարյան Հայաստանի ամենախոշոր կրթական, գիտամշակութային ու աստվածաբանական կենտրոններից մեկն էր: Այստեղ ուսանել են հանրաճանաչ փիլիսոփա Վարդան Արևելցին, պատմաբան Գրիգոր Ակներցին, կաթողիկոս Գրիգոր Ախթամարցին և այլոք:
Խորանաշատը եղել է նաև գրչության կենտրոն: Այստեղ գրված անգին ձեռագրերից շատերը պահվում են Մատենադարանոում, այդ թվում «Մատյան ողբերգության», «Նարեկ», «Մաշտոց» ձեռագրերը: Վանքում ստեղծվել է նաև Ավետարանի ձեռագիրը, որն ենթադրաբար գրվել է հնադարյան Արցախում, Ուտիքում: Այդ Ավետարանում նկարագրված «Խորհրդավոր ընթրիքը» նմանօրինակը չունի ( հիմա պահվում է գերմանիայի Հալլե քաղաքում):
Խորանաշատ վանքը գտնվում է սահմանամերձ տարածքում, որը հաճախակի է ենթարկվում գնդակոծության ադրբեջանական կողմից: Այդ իսկ պատճառով վանքի դռները բացվում են միայն տարին մեկ՝ մայիսի 2-ին, երբ հարևան գյուղերից մարդիկ հավաքվում են եկեղեցում մասնակցելու պատարագին և հիշելու հանգուցյալներին (2013 թ);
Խորանաշատը եղել է միջնադարյան Հայաստանի ամենանշանավոր կրթական, գիտամշակութային ու աստվածաբանական կենտրոններից մեկը։ Հիմնել է Վանական Վարդապետը 1220-ական թթ-ի սկզբին և ինքն էլ վարել է վարդապետարանի ուսուցչապետությունը մինչև իր մահը (1251 թ)։ Այնուհետև վարդապետարանը գլխավորել է նրա ազգական ու աշակերտ Գրիգորս վարդապետը։ Խորանաշատի վարդապետարանը եղել է պատմագրական թեքում ունեցող դպրոց, որտեղ ուսանել են 7-8 տարի։ Դասավանդել են պատմություն, աստվածաբանություն, իմաստասիրություն, մատենագիտություն, երաժշտագիտություն, քերականագիտություն, աստղաբաշխություն, տոմարագիտություն, բնագիտություն, բուսագիտություն, նաև ընդօրինակել ձեռագրեր։ Վանական վարդապետի մի շարք երկեր (“Մեկնութիւն Հոբայ”, “Հարցմունք և պատասխանիք” և այլն ) որպես դասագիրք կամ համառոտ ուղեցույց են ծառայել աշակերտների համար։ Սաներից շատերը ուսումնառության տարիներին զբաղվել են գիտությամբ։ Շրջանավարտները ստացել են վարդապետական աստիճան և զբաղվել ինքնուրույն գործունեությամբ։ Վարդապետարանի սաներից 13-րդ դարի հայ եկեղեցու և մշակույթի նշանավոր գործիչ Կիրակոս Գանձակեցին գրել է “գալիս էին առ նա ուսման աղագաւ ո՛չ միայն վարդապետական բանի, այլ ամենայն կեանք նորա և շարժումն անգիր օրէնք էին տեսողացն”։ Այստեղ ուսանել են Վարդան Արևելցին, Գրիգոր Ակներցին, Ստեփանոս Աղթամարցին, Առաքելը, Արտազ գավառի թեմակալ, դավանաբանական հարցերում մեծ հեղինակություն վայելող Հովսեփ վարդապետը, Խաչենի քաղաքական կյանքում ակնառու գործիչ Մարկոս վարդապետը, ականավոր փիլիսոփա Սոսթենեսը, Հայսմավուրքային ժողովածուների խմբագիր՝ Ներքին Խաչենի արքեպիսկոպոս Իսրայելը, Գրիգոր Աղթամարցին և ուրիշներ։ Վանական Վարդապետի մահից հետո Խորանաշատի վարդապետարանի փառքը սկսել է արագորեն խամրել։ Սակայն վերելք են ապրել Խորանաշատ վանքի օրինակով ստեղծված բարձրագույն ուսումնագիտական կենտրոնները, որտեղ գործել են Վանական Վարդապետի աշակերտները։