Հայ առաքելական եկեղեցի Տավուշի թեմ

Կաթողիկե Սուրբ Էջմիածնի տոն․ Բագրատ Սրբազան․ Քարոզ

Ավարտվեց Արարատյան շաբաթը։ Այն սկսվում է Սուրբ Հռիփսիմյանց կույսերի հիշատակությամբ, այնուհետև շարունակվում Սուրբ Գայանյանց, Սուրբ Հովհաննես Կապարետի և Աթանագինա եպիսկոպոսի, Գրիգոր Լուսավորչի՝ վիրապից ելքի տոներով և ավարտվում Էջմիածնի Մայր Տաճարի հիմնադրության վկայության՝ կաթողիկե Սուրբ Էջմիածնի տոնով։

Այս տոների միջոցով մենք դառնում ենք մասնակիցը հայոց մեծ դարձի պատմության։

Տեսանյութով ներկայացնում ենք Տավուշի թեմի այդ ճանապարհորդությունն ու այսօր՝ կաթողիկե Սուրբ Էջմիածնի տոնին Բագատ Սրբազանի քարոզը․

«Սուրբ Գրիգոր Լուսավորչի օրհնությամբ Տրդատ արքան կատարեց հայ մարդու կերպարի ձևակերպման քաղաքակրթական, հոգևոր, քաղաքական, մշակութային, կրթական, սոցիալական՝ բոլոր առումներով ընտրանքը։ Կարատեց այդ ընտրանքը՝ շատ լավ ճանաչելով մեր ժողովրդի հոգևոր բարձր ինքնությունը։ Այդ ընտրանքը չեղավ ոչ մի այլ ուժի հետ․ աջի և ձախի հետ, վերևի և ներքևի հետ։

Այդ ընտրանքն եղավ Աստծո հետ՝ Քրիստոսի հետ։

Այդ ընտրանքը՝ Քրիստոսի ճանապարհով, եղավ հայի հետ, հայի ինքնության հետ։

Այդտեղ չկար ո՛չ վախ, ո՛չ թուլություն, ո՛չ սակարկում, ո՛չ շահարկում։ Այդտեղ կար ԻՆՔՆԱՃԱՆԱՉՈՂՈՒԹՅՈՒՆ և հստակ որոշում ու ընտրություն։ Մենք պետք է կարողանանք գնահատել թե՛ մեր վատը, թե՛ մեր լավը և վերստին այդ նույն ընտրանքը և ընտրությունը կատարենք։ Սուրբ Էջմիածնի Մայր Տաճարի առանցքի շուրջ է դարձել մեր ողջ պատմությունը։

Մեր անձնական և հավաքական, պետական, եկեղեցական, համակարգային հաղթանակները կռվել, ստեղծվել, ծնվել են Սուրբ Էջմիածնի շուրջ և Սուրբ Էջմիածնից»։
Բագրատ եպիսկոպոս Գալստանյան

Իջևանի Սուրբ Ներսես Շնորհալի եկեղեցի

 

Translate »