Հաղարծնի շաբաթ. մանուկների օր: Ելույթ ունեցան Բերդի, Իջևանի, Դիլիջանի մանկապատանեկան երգչախմբերը

Հաղարծնի շաբաթվա օրերից մեկը՝ օգոստոսի 18-ը, հայտարարված էր մանուկների օր: Վանքում հյուր էին բազմաթիվ երեխաներ, որոնք իրենց ժպիտով ու ուրախությամբ օրն իրական տոն դարձրին:
Համերգներով հանդես եկան Բերդի, Իջևանի և Դիլիջանի մանկապատանեկան երգչախմբերը:
Առաջինը Բերդի Սբ. Հովհաննես եկեղեցու մանկապատանեկան երգչախումբն էր (խմբավար՝ Հերմինե Փալանդուզյան): Երգչախումբը, չնայած նորաբաց լինելուն, արդեն ելույթ է ունեցել Դանիայում, արժանացել շատերի գնահատանքին:
Հաջորդը Տավուշի թեմի Իջևանի մանկապատանեկան երգչախմբի մանուկներն էին: Խմբավար Քրիստինե Շերոյանի հետ միասին նրանք ևս Հաղարծին վանքում բազմաձայն հնչեցրին հոգևոր մեղեդիներ:
Երեկոյան ելույթ ունեցավ Դիլիջանի համայնքային կենրոնի «Դիլիջանի փոքրիկ երգիչներ» երգչախումբը (խմբավար՝ Սերինե Խաչատրյան): Համերգից հետո վանքի բակում նրանք նաև ժողովրդական երգ ու պար կազմակերպեցին:
Երգչախմբերի փոքրիկ կատարողների գեղեցիկ ձայների արձագանքը դեռ երկար դրոշմված կմնա Հաղարծնի կամարների ներքո: