Հաղարծնի շաբաթ. «Մարդիկ բնության հետ շատ ավելի մեղմ են, լեռնային չեն, ավելի անտառային են, այո՛, Տավուշը բացառիկ է»: Գայանե Աբրահամյան, լրագրող
Նախորդ տարի չկարողացանք մասնակցել, բայց անցած տարվա տպավորությունը ֆեյսբուքյան էջից հնարավորինս վայելում էի ու ափսոսում, որ այդտեղ չեմ: Ինձ համար սա ամբողջ այս համալիրը վերակենդանացնելու, մարդկանցով լցնելու, նոր շունչ տալու երևի լավագույն գաղափարն էր: Սրբազանը սովորաբար այսպիսի հանճարեղ գաղափարներ է ունենում: Կուզենայի, որ մյուս եկեղեցիներն ու վանական համալիրներն էլ այսպիսի միջոցառումներ ունենան, դա իսկապես ժողովրդին ու եկեղեցուն մոտեցնելու լավագույն ձևն է:
Ինձ համար Տավուշն իմ արմատներն են՝ մայրական կողմից: Տավուշը շատ տարբեր է Հայաստանի մյուս բնակավայրերից՝ մարդիկ են շատ տարբեր, բնությունն է շատ տարբեր: Մարդիկ բնության հետ շատ ավելի մեղմ են, լեռնային չեն, ավելի անտառային են, այո՛, Տավուշը բացառիկ է:
Շատ վաղուց չեմ գնացել, բայց ինձ համար Ներքին Կարմիրաղբյուր վերադառնալը մանկություն վերադարձ է, դեպի տատիկի տուն, որտեղ բոլոր ամառներն ենք անցկացրել: Շատ ծանր եմ տանում, դրա համար հաճախ չեմ գնում, որովհետև շատ բան փոխվել է, շատ բան պատերազմը կորցրել է: Իմ մանկությունը ես բաժանեցի պատերազմից առաջ և հետո, որովհետև պատերազմի ժամանակ քեռիս մահացավ, մեր մանկության տունը քանդվեց ամբողջությամբ: Այդ շատ խորը ցավն ամեն անգամ ապրում եմ:
Ես խորհուրդ եմ տալիս բոլորին, եթե Հայաստանում են, չհետևեն Հաղարծնի շաբաթին Ֆեյսբուքից, պարտադիր գան, տեսնեն, վայելեն, եկեղեցուն մարդկայնորեն մոտ լինելու հնարավորությունն օգտագործեն: