Հայրենիքից հեռու, բայց հայրենիքի հետ. վաստակաշատ սփյուռքահայ մանկավարժ Լուսի Պողոսյանի անունը կկրի Իջևանի համար մեկ հիմնական դպրոցում բացված կիրակնօրյա դպրոցը
Տավուշի մարզկենտրոն Իջևանում այսօր կարևոր իրադարձություն էր: Իջևան քաղաքի համար մեկ հիմնական դպրոցում բացվեց Լուսի Պողոսյանի անվան կիրակնօրյա դպրոցը:
Տիկին Լուսին ծնվել է Ցեղասպանություն վերապրածների ընտանիքում, սովորել, հետո ուսուցչություն է արել Երուսաղեմի Սրբոց Թարգմանչաց վարժարանում, դասավանդել է նաև Կիրակնօրյա դպրոցում: Հետագայում ընտանիքով տեղափոխվել են Կանադա, և երկար տարիներ իր ընտանիքով նվիրված է եղել հայ դպրությանը, հայ լեզվին, հայ հոգևոր կյանքին: Մահացել է 2015թ.: Դպրոցը հովանավորվում են նրա դուստրերը՝ տիկին Սոսի Մանուկյանի և տիկին Մառլեն Ֆերեշեթյանի, իրենց ամուսինների հետ՝ դոկտոր Ջոն Մանուկյանի և Շահե Ֆերեշեթյանի: Շատ կարևոր, պարտավորեցնող ու հատկանշական է, որ այս նոր քրիստոնեական կրթօջախը կրելու է երկար տարիներ հայ մանուկների հոգում քրիստոնեություն սերմանած հայտնի մանկավարժի՝ Տիկին Լուսի Պողոսյանի անունը:
Այս Կիրակնօրյան իր ծավալով փոքրիկ, բայց մեծ սահմաններ ընդգրկող կենտրոն է: Այս պահին դպրոց հայտ է ներկայացրել ու հաճախելու է 92 աշակերտ: Դպրոցը հանձնված է տեր Թորգոմ քհն. Մարգարյանի հոոգևոր խնամքին:
Տավուշի թեմի առաջնորդարանի նախաձեռնած այս կարևորագույն ծրագիրն իրական ծիլեր է տալիս Տավուշում, արդեն իրականության է վերածվել Բագրատ Սրբազանի մեծագույն տեսիլքն ու առաքելությունը:
Մեջբերում ենք Տավուշի թեմի առաջնորդ Գերաշնորհ Բագրատ Սրբազանի օրհնությունից մի հատված այսօրվա միջոցառման ժամանակ.
«Մեր ամբողջ փափագը, մեր նպատակը այն է, որ մենք կարողանանք աջակցել, օժանդակել մեր հանրային կյանքին: Կարծում եմ, որ քրիստոնեական դաստիարակությունը դարձել է մեր կյանքի, մեր դպրոցի ու մեր քաղաքի մի կարևոր բաղադրիչ: Տավուշում ապրող հայ մանուկներին մաղթում եմ, որ այս կարևորագույն կրթօջախը ուրախության ու սնուցման կենտրոն դառնա ձեզ համար»:
Վերջում Սրբազան հոր կողմից կատարվեց օրհնության կարգ, օրհնվեց աղը, ջուրը, դասասենյակները: