ՀԱՎԵՍԻՆ ՍԵՆՅԱԿԻ ԲԱՑՈՒՄԸ ՎԱԶԱՇԵՆՈՒՄ
Իջևանի Սուրբ Ներսես Շնորհալի եկեղեցում առավոտյան Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ Սրբազանի հանդիսապետությամբ տեղի ունեցավ հոգեհանգստյան կարգ ի հիշատակ նկարչուհի Սևան Նագգաշյանի:
Ապա սահմանապահ Վազաշեն գյուղում հենց նկարչուհու բառերով անվանակոչված «Հավեսին սենյակի» բացումը: Վազաշենում էին նկարիչներ, քանդակագործներ, անիմատորներ, ինչպես նաև Երևանի «Արեգնազան» կրթահամալիրի սաներ և ուսուցիչներ:
«Մենք պետք է դուրս գանք մեր անձնական նեղ սահմաններից ու գնանք դեպի իրական սահման`մարդկանց մոտ, որտեղ կյանքն իսկապես սահմանային է…»,- Սևան Նագգաշյանի այս խոսքերն են նշանաբան դարձել «Հավեսին սենյակի» գաղափարի կյանքի կոչման համար:
Սա մի վայր է, որտեղ երեխաները կկարողանան արվեստով զբաղվել. այստեղ նրանք ոչ միայն նկարել ու քանդակել կսովորեն, այլև կհանդիպեն հայտնի արվեստագետների հետ, կմասնակցեն վարպետաց դասերի (նաև՝ առցանց): Նրանց պարբերաբար կայցելեն և կդասավանդեն արվեստագետներ Երևանից և այլ քաղաքներից:
Սևան Նագգաշյանի այս գաղափարը նկարչուհու վաղաժամ մահից հետո կյանքի է կոչվում Տավուշի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Բագրատ եպս. Գալստանյանի օրհնությամբ՝ «Հայ ձմեռ պապ» բարեգործական հիմնադրամի կողմից՝ Սևանի ընտանիքի ու ընկերների աջակցությամբ և Awesome հիմնադրամի դրամաշնորհով: