«Հնչող ձայներ» գրքի տավուշյան շնորհանդեսը․ Բագրատ Սրբազանի խոսքը «Հնչող ձայներ» գրքի տավուշյան շնորհանդեսին
Գրքում ընդգրկված են 44-օրյա պատերազմում անմահացած 10 տղաների՝ Վարդան Ամալյանի, Արտակ Բարսեղյանի, Շիրակ Գասպարյանի, Ավետիք Կարճիկյանի, Տիգրան Հարությունյանի, Արեն Հովհաննիսյանի, Հայասեր Հովսեփյանի, Վաչագան Մանուկյանի, Սուրեն Մելիքբեկյանի, Շանթ Նավոյանի և Արցախյան առաջին ազատամարտում նահատակված արցախցի բանաստեղծ Կոմիտաս Հակոբյանի ստեղծագործությունները:
Տղաներից երկուսը՝ Շիրակ Գասպարյանը և Սուրեն Մելիքբեկյանը Տավուշի զավակներ են։
Գիրքը հրատարակվել է Համազգային հայ կրթական և մշակութային միության (ՀՀԿՄՄ) երևանյան գրասենյակի նախաձեռնությամբ «Արմավ» հրատարակչության կողմից։
Շնորհանդեսին ներկա էին տավուշեցի Սուրենի և Շիրակի ընտանիքի անդամները, Վաչագան Մանուկյանի հայրը՝ մեր ժամանակի մեծագույն հայ բանաստեղծ Խաչիկ Մանուկյանը։ Ելույթ ունեցան «Տաղարան» համույթի մենակատար, քանոնահար Մարիաննա Գևորգյանը, սփյուռքահայ մտավորական, հասարակական գործիչ Տիգրան Ջինբաշյանը, կանադահայ բանաստեղծ Հարություն Բերբերյանը, Համազգային հայ կրթական և մշակութային միության խորհրդի անդամ Արտաշես Շահբազյանը, տնօրեն Ռուզաննա Առաքելյանը, Իջևանի քաղաքապետարանի Կրթության և մշակույթի բաժնի պետ Լիլիթ Ղալումյանը։
Իրենց ելույթներով միջոցառումը զարդարեցին Տավուշի թեմի մանկապատանեկան երգչախումբն ու Պատանյաց միության սաները։Միջոցառման ավարտին օպերային երգիչ Անդրանիկ Մալխասյանի կատարմամբ տեղի ունեցավ Վարդան Պետրոսյանի և Մարգարիտ Սարգսյանի հեղինակած «Իմ ընկեր» երգի պրեմիերան։
․․․Շիրակ Գասպարյան
Դե, մի՛ արտասվիր, դու առյուծածին
Մայր ես տակավին,
Ում որդին կյանքը կդնի զոհասեղանին,
Որ գեթ մեկ հայի իղձը կատարվի,
Որ գեթ մեկ մետր հող նա ետ բերի:
Ես իր արյան մեջ կխեղդեմ նրան,
Որ իր նզովյալ ոտքով կկոխի հողն իմ հայրենի
Ու իր հիվանդոտ թոքով կշնչի օդը իմ երկրի:
Ես հա՛յ եմ, մայրիկ, պապերիս ոգին ինձ միշտ զորավիգ,
Անգամ թե պակաս գարուններ ապրեմ,
Անգամ թե պակաս համբույրներ տամ քեզ,
Դու մի բան հիշիր՝ հողս չեմ զիջի ոչ մի թշնամու…
․․․Սուրեն Մելիքբեկյան
Պայծառ մի օր էր, արևն էր շողում,
Կապույտ երկնքում տերևն էր դողումԵվ օրորվելով մեղմաշունչ հովից՝
Շոյվելով ցած էր իջնում վերևից։
Փարվում էր մեղմիկ չորացած հողինԵվ ահով նայում այգում քայլողին։
Քայլողն անզգույշ կոխեց տերևըԵվ մարեց նրա կյանքի արևը։
_______
Բագրատ Սրբազանի խոսքը՝ չորս պատգամներ․
1․ «Դե՜, կյանքը շարունակվում է» կեղծիքի մասին
2․ Արցախի վերաբերյալ անընդհատ խոսելու և չմոռանալու մասին
3․ Կեղծ խաղաղության մասին
4․ Հավաքականությունից անհատների կենսագրության վերածվելու մասին
0:00 «Այս ձայները հնչելու են և այն ժամանակ, երբ մենք չենք լինելու։ Մեր ձայնը կհնչի՞, թե՞ ոչ, ես չգիտեմ, բայց իրենց ձայները հնչելու են»։
00։49 «Առաջինը «Կյանքի շարունակականություն» կոչված կեղծիքն է։ Կյանքը շարունակվելու է նաև առանց քեզ։ Ո՞ր կյանքը պիտի շարունակվի։ Կյանքի տեսակներն ու որակները տարբեր են․ սողունների կյանքն էլ է կյանք, սավառնողների կյանքն էլ է կյանք։ Կյանքի որակի ընտրությունն է քո պատասխանատվությունը»։
3։17 «Մենք իրավունք չունենք թույլ տալու, որ մեր Հայրենիքի՝ Արցախի մասին չխոսվի։ Չեմ մոռանալու հանուն քեզ, Հայաստա՛ն, չեմ ներելու հանուն քեզ, Արցա՛խ»։
4։15 «Խաղաղության կեղծիքի մասին․ ճահիճն էլ է խաղաղություն, օվկիանոսն էլ խաղաղություն ունի։ Օվկիանոսը հաղթանակած խաղաղություն ունի, ճահիճը՝ խեղդված, պարտված։ Ո՞րն է մեր խաղաղությունը»։
6։54 «Մեր տղաներն այրվել են, մենք մոխրանում ենք, իրենք նահատակվել են, մենք մեռնում ենք, հատկապես նրանք, ովքեր ուզում են արժանապատվություն ունենալ, ում համար Հայրենիքը տարածք չի, ում համար պետականությունը սոսկ գործառույթ չի, ում համար իր հավատքը պարզապես կռապաշտություն չի»։
7։42 «Առաջին ազատամարտին մենք անհատներից վերածվեցինք պետության, հավաքականության։ Այս պատերազմից հետո մենք հավաքականությունից և պետությունից վերածվեցինք անհատների կենսագրության»։
11։13 «Մենք ապրում ենք այստեղ։ Կամ պետք է գնանք այստեղից, կամ ձգտենք հաղթանակած պատերազմի»։