Հոգևոր վերածնունդը Նոյեմբերյանի տարածաշրջանում: Բացվեց Նոյեմբերյան քաղաքի կիրակնօրյա դպրոցը

Հոկտեմբերի 22-ին Նոյեմբերյանի տարածաշրջանում համահայկական տոն էր, քրիստոնեական դաստիարակության վերածնունդը մտավ Նոյեմբերյան քաղաք, չնայած վաղուց արմատներ էր ձգել այնտեղ: Նոյեմբերյան քաղաքի կիրակնօրա դպրոցը կրում է Սիլվա և Ռաֆֆի Ճիկերյանների անունը:
Տավուշի թեմում բուռն ընթացքի մեջ է «Մեկ համայնք, մեկ դպրոց» ծրագիրը: Ծրագրի շրջանակներում թեմի ողջ տարածքում շարունակում են Կիրակնօրյա դպրոցներ բացվել: Մինչ օրս բացվել է մոտ երկուս ու կես տասնյակ դպրոց, ևս երկու տասնյակ դպրոց կբացվի մինչև տարվա վերջ: Հերթական Կիրակնօրյա դպրոցը այսօր բացվեց Նոյեմբերյանում: Քրիստոնեական դաստիարակությանը զուգահեռ Կիրակնօրյայում երեխաները կուսանեն կարպետագործություն, նկարչություն, փայտագործություն, շախմատ, ազգային պարերի ուսուցում: Նոյեմբերյանի տարածաշրջանի հոգևոր հովիվ Տեր Սմբատ քահանա Աբրահամյանը նշում է, որ մեկ տարի առաջ այս շինությունը ընդամենը խորդանոց է եղել: «Կամաց կամաց փորձեցինք շունչ հաղորդել այս շինությանը, մեր շուրջը հավաքել երիտասարդներին, բարի և պատրաստակամ մարդկանց: ԵՎ Ամենակալ Աստված Օրհնեց մեր ընթացքը: Այս շինությունը այնքան սիրվեց բոլորիս կողմից, որ դարձավ մեր կյանքի անբաժան մասը՝ այնքան սիրելի և հարազատ, որ անվանեցինք Պապոնց տուն: Աստծո կամոք և Օրհնությամբ Տավուշի թեմի գերաշնորհ առաջնորդ Տեր Բագրատ եպիսկոպոս Գալստանյանի Պապոնց տունը այսօր ոչ միայն երիտասարդաց կենտրոն է, այլ նաև սոցիալ կրթական կենտրոն, որտեղ սովորում են ավելի քան 110 հայորդիներ»: Կիրակնօրյա դպրոցը բացվել է կանադահայ Վարուժան Մանկասարեանի բարերարությամբ: