ՀՈՎՀԱՆ ՈՍԿԵԲԵՐԱՆ: ՃԱՌ ՆԱԽԱՆՁԻ ՄԱՍԻՆ
Սովորաբար, մեզ ոչինչ այնպես չի միավորում և բաժանում իրարից, ինչպես նախանձն ու անբարյացակամությունը, դաժան մի ախտ, որ կատարելապես աններելի է և շատ ավելի ծանր, քան չարի արմատը` արծաթասիրությունը: Իրոք, արծաթասերը գոնե ուրախանում է այնժամ, երբ ինքն է ստանում, իսկ նախանձը միայն այն ժամանակ է ուրախանում, երբ ուրիշները չեն ստանում` ուրիշի անհաջողությունը համարելով իր հաջողությունը: Ավելի անմիտ բան պատկերացնում ե’ք: Քամահրելով սեփական դժբախտությունները` նա հալումաշ է լինում ուրիշի բարիքների պատճառով, դրա հետևանքով իր համար անհասանելի դարձնելով երկինքը, իսկ դրանից առաջ ապրած կյանքը դարձնելով միանգամայն անտանելի:
Արդարև, թրթուրն այնպես չի ուտում ծառը, ցեցը` բուրդը, ինչպես նախանձի հուրը խժռում է նախաձողի ոսկորները և ապականում հոգին: Մեղք չի գործի նա, ով նախանձներին գազաններից ու դևերից ավելի վատը կհամարի: Գազանները հարձակվում են մեզ վրա, երբ սննդի կարիք ունեն, կամ երբ մենք կանխավ գրգռել ենք, իսկ այդ մարդիկ, երբ անգամ բարեգործություն են ստացել, հաճախ իրենց բարերարներին վերաբերվում են որպես վիրավորվածների: Հավասարապես նաև դևերը, թեպետ նրանց նկատմամբ տածում են անհաշտ թշնամություն, սակայն իրենց բնույթն ունեցողների հանդեպ չարություն չեն անում, իսկ այդ մարդիկ ո’չ նույնական բնույթից են ամաչում, ո’չ իրենց սեփական փրկությունն են խնայում, և նրանցից առաջ, ում նախանձում են, սեփական հոգին ենթարկում են պատժի` առանց որևէ դրդապատճառի այն լցնելով խռովությամբ ու տրտմությամբ:
Նախանձն այնպիսի արատ է, որ նրանից վատը չկա: Օրինակ` շնացողը և՛ որոշակի հաճույք է ստանում, և՛ կարճ ժամանակում է իր մեղքը գործում, մինչդեռ նախանձողը նրանից առաջ, ում նախանձում է, իրեն ենթարկում է պատժի և տանջանքների, և երբեք ետ չի կանգնում իր մեղքից, այլ մշտապես կատարում է: Ինչպես խոզն է հրճվում ցեխ տեսնելիս, և դևն է ուրախանում մեր կորստից, ճիշտ այդպես նախանձը ցնծում է մերձավորի դժբախտությունից, իսկ եթե վերջինիս տհաճ բան է պատահում, այնժամ նա հանգստանում է և ազատ շունչ քաշում` ուրիշի դառնությունները համարելով իր ուրախությունները, իսկ ուրիշի բարիքները` իր դժբախտությունը:
Եվ ինչպես որոշ բզեզներ սնվում են թրիքով, այդպես և նախանձները` ուրիշների դժբախտություններով` դառնալով թշնամիները և չարակամները (մարդկային) բնության: Մյուս մարդիկ, երբ կենդանիներ են սպանում, խղճում են, իսկ սրանք, երբ տեսնում են մարդու, որին բա րեգործություն են արել, կատաղության մեջ են ընկնում, զայրույթից դողում են ու գունատվում: Եվ ի՞նչը կարող է այդպիսի խելագարությունից վատը լինել: Ի°՞նչու ես գույնդ գցում, դողում և վախով բռնված` այդպես ցցվել, ասա՛ ինձ: Ի՞նչ սարսափելի բան է պատահել: Մի՞թե այն պատճառով, որ եղբայրդ փառաբանվում է, մեծ համբավ ունի և բարի անուն: Այդ առիթով ինքդ պիտի զարդարվեիր պսակներով, ուրախանայիր ու փառք տայիր Աստծուն, որ արյունակիցդ հռչակավոր և նշանավոր է: Գուցե վշտանում ես, որ Աստված փառաբանվում է: Նայի՛ր, թե ու՞ր կարող է հասցնել թշնամանքը: Ասում ես, թե այդ չէ քեզ վշտացնում, այլ կցանկանայիր, որ Աստված քեզնով փառավորվեր: Այդ դեպքում ուրախացիր, որ եղբայրդ բարի համբավ ունի և կրկին քեզնով է փառավորվում Աստված: Եթե անգամ քո թշնամին հակառակորդն է ու Աստված փառավորվում է նրանով, ապա հարկ է, որ հանուն այդ բանի նա բարեկամ համարվի, իսկ դու ընկերոջդ դարձնում ես թշնամի, միմիայն այն պատճառով, որ նրա բարի անվամբ Աստված փառավորվում է: Ուրիշ ի՞նչ կերպ պետք ցույց տայիր թշնամանքդ առ Քրիստոս:
Այդ պատճառով, թեկուզև ով էլ կատարած լինի նշանավորումը, թեկուզև բարեպաշտության սխրանքներ ցույց տա կամ պաս պահի, կամ մերկ հողին պառկի, իսկ այդպիսի բարեպաշտը համեմատվում է հրեշտակների հետ, սակայն եթե նա ենթակա է նախանձի կրքին, բոլորից նողկալին է: Եթե սիրողների նկատմամբ սերը մեզ ոչ մի առավելություն չի տալիս հեթանոսների նկատմամբ, ապա որտե°ղ կհայտնվի նա, ով նախանձում է սիրողներին:
Նախանձն ավելի վատ է, քան թշնամանքը: Թշնամին, երբ մոռացվում է վեճի առիթ դարձած թշնամանքի պատճառը, վերջ է տալիս թշնամությանը, իսկ նախանձ մարդը երբեք բարեկամ չի դառնում: Ընդ որում` առաջինը բաց պայքար է մղում, իսկ երկրորդը պայքարում է թաքուն, առաջինը հաճախ կարող է հիմնավորել թշնամանքի պատճառը, մինչդեռ երկրորդը այլ բան չի կարող ցույց տալ, բացի իր խելագարությունն ու առ սատանա հակվածությունը:
Եվ ինչպես անարգողը ոչ թե ուրիշին է անարգում, այլ միմիայն իրեն, ճիշտ այդպես մերձավորի նկատմամբ դավեր նյութողը կործանում է իրեն: Եվ նման այն բանին, որ երբ վիրավորելով մերձավորին` վիրավորում ենք ինքներս մեզ, այդպես էլ հակառակը, նրանց բարություն անելով`
բարիք ենք գործում մեզ համար:
Նա, ով իր մասին վատ, բայց ոչ ճիշտ բաներ է լսում, ոչ միայն դրանից չի նեղանում, այլև մեծագույն պարգևների է արժանի: Ոչ թե, ով դիմանում է, այլ նա, ով չար բան է անում, արժանի է պատժի, եթե միայն առաջինը կշտամբանքի բավարար առիթներ չի տվել: Եվ ինչպես անհնարին է, որ պարկեշտ մարդը իր մասին միայն լավ կարծիքներ լսի բոլորից, ճիշտ այդպես և անհնարին է բոլորից լսել միմիայն վատվատ բաներ, եթե միայն ինքը տարբեր հանգամանքներում բազում առիթներ չի տալիս:
Իսկ հանդիմանանքները, որոնք համաժողովրդական են, հաճախ մարդկանց դարձնում են լկտի ու անամոթ: Մեղսագործներից շատերը, քանի դեռ տեսնում են, որ կարելի է թաքնվել, հեշտորեն մտածում են ուղղվել, իսկ երբ հասարակության մեջ կորցնում են իրենց բարի անունը, հուսահատվում ու լկտիանում են: Բայց դու նրանից վիրավորա՞նք ես ստացել: Հապա այդ դեպքում ի՞նչու ես ինքդ էլ քեզ վիրավորում: Նա, ով վրեժխնդիր է լինում վիրավորանքի համար, դանակն ուղղում է հենց իր դեմ:
Այդ պատճառով, եթե ցանկանում ես և՛ քեզ բարեգործություն անել, և՛ վրեժխնդիր լինել քեզ վիրավորողից, ապա նրա մասին լավ արտահայտվիր. իսկ եթե նրա մասին վատ արտահայտվես, ապա քեզ չեն հավատա որպես մի մարդու, որ կասկածվում է թշնամանք տածելու մեջ: Չէ որ թշնամանքը, բախվելով լսողների դիտավորության հետ, թույլ չի տալիս նրանց ականջներում տպավորվել այն, ինչ ասվում է:
Այսպիսով, ուրիշների մասին վատ մի արտահայտվիր, որպեսզի չպատվազրկես և քեզ, տիղմը մի խառնիր ցեխի ու աղբի հետ, այլ պսակներ հյուսիր վարդերից, մանուշակներից և այլ ծաղիկներից. բերանիցդ աղտեղություններ մի թափիր` նմանվելով բզեզներին, իսկ այդպիսիները նրանք են, ովքեր վատ են արտահայտվում ուրիշների մասին: Նրանք առաջինն իրենք են զգում իրենց գարշահոտության հետևանքը:
Իսկապես չարալեզու մարդուց բոլորը խուսափում են, ինչպես նեխահոտից, ինչպես սողունից կամ կոյաբզեզից, որ թրիքով է սնվում` ուրիշի դժբախտությամբ, և ընդհակառակը` մարդուն, որ քաղցրաբարբառ բերան ունի, բոլորն ընդունում են որպես սեփական անդամի և հարազատ եղբոր: Ի՞նչ վիրավորանք պատճառեց Կայենն Աբելին: Հակառակ իր կամքի, նրան ավելի շուտ չարժանացրե՞ց երկնքի` իրեն անհամար չարչարանքների տանելով: Ի՞նչ վնաս պատճառեց Եսավը Հակոբին: Վերջինս չունեցա՞վ հարստություն և անհամար բարիքներից չօգտվե՞ց, իսկ նա հայրական տնից անգամ զրկվեց և չար մտադրություն ունենալուց հետո թափառում էր երկրե երկիր: Ի՞նչ վատություն արեցին Հովսեփին հարազատ եղբայրները` հասնելով անգամ արնագործության: Հենց նրանք չէ՞ին, որ ենթարկվեցին դաժան սովի ու վտանգների, մինչդեռ Հովսեփը դարձավ ողջ Եգիպտոսի թագավորը:
Ինչքան շատ ես նախանձում, այնքան ավելի շատ բարիքներ ես գործում նրա համար, ում նախանձում ես: Աստված ամեն ինչ տեսնում է, իսկ երբ տեսնում է, որ նեղացնում են մարդու, ով ոչ մեկին չի վիրավորում, ապա առավել ևս բարձրացնում է նրան և հռչակավոր դարձնում, և դրանով իսկ պատժում քեզ:
Եթե Նա թույլ չի տալիս, որ անպատիժ մնան նրանք, ովքեր անարգում են թշնամիներին, ապա առավել ևս նրանց, ովքեր նախանձում են մարդկանց, որոնք իրենց ոչ մի վիրավորանք չեն հասցրել: Եթե նա, ով սիրում է իրեն սիրողներին, ոչ մի առավելություն չունի խաբեբաների նկատմամբ, ապա ի՞նչպիսի ներողամտության է արժանի նա, ով ատում է իրեն ոչ մի չարություն չանողներին:
Այսպիսով, ի՞նչի համար ես տրտմում դու, ո՛վ մարդ արարած, մերձավորիդ բարությա՞ն պատճառով: Եթե հարկ կա տրտմելու, ապա միայն դժբախտությունների համար, որոնց մենք դիմանում ենք, բայց ոչ երբեք այն պատճառով, որ ուրիշները բարի համբավ ունեն: Դու չգիտե՞ս, որ այդ մեղքը աններելի է:
Եվ արդարացիորեն, իսկապես, ցոփասերը կարող է արդարանալ ցանկությամբ, գողը` աղքատությամբ, մարդասպանը` բարկությամբ, մի խոսքով, բոլորը կարող են այս կամ այն առիթը մատնացույց անել, թեպետև դատարկ ու անհիմն պատճառաբանությամբ, իսկ դու, ասա ինձ, դու ի՞նչ պատճառ ունես: Ոչ մի, գուցե բացառությամբ` ծայրահեղ անպարկեշտությունը: Եթե մեզ պատվիրված է սիրել թշնամուն, ապա ի՞նչ պատժի ենք արժանի մենք, երբ ատում ենք մեզ սիրողներին: Եթե նա, ով սիրում է իրեն սիրողներին, ավելի լավ վիճակում չէ հեթանոսներից, ապա ի°նչ թողության կարժանանա նա, ով անարգում է իրեն չանարգողներին: Դևը նախանձում է, բայց մարդկանց և ոչ թե դևերին, իսկ դու, մարդ լինելով, նախանձում ես մարդկանց: Եւ ի՞նչ ներում կարող ես ունենալ դու:
Ծանր, շատ ծանր մեղք է նախանձը. այն քամահրում է սեփական փրկությունը: Այդ կերպ Սավուղը առ իր հոգին գրավեց չարամիտ դևին, և այն բանից հետո, երբ գրավեց, իր բժշկի հանդեպ նորից բռնվեց նախանձով: Այդպիսին է նախանձը. նա գիտեր, որ փրկությամբ պարտական է Դավթին, այնուամենայնիվ, ցանկանում էր, որ ավելի լավ կլինի, որ իր փրկիչը մեռնի, քան տեսնի նրա հռչակը:
Իսկ եթե ցանկանում եք, ես կպատմեմ, թե ինչպիսի բարերարություն արեց Դավիթը Սավուղի համար, և ինչով հատուցեց վերջինս նրան: Հրեաները պատուհասվեցին դաժան պատերազմով, իսկ երբ բոլորը ահ ու սարսափից թաքնվեցին, և ոչ մեկը չհանդգնեց առաջ ընկնել, երբ ողջ քաղաքին մեծ վտանգ էր սպառնում, ու յուրաքանչյուրը միայն սեփական մահն էր տեսնում, և ամեն օր բոլորը կործանում էին սպասում, իր ոչխարներին թողած` զորաբանակ է հայտնվում Դավիթը ու իր վրա է վերցնում մարտը, որ բոլորին էր սպասում, ընդ որում` դրանում չտեսնելով ոչ մի հրամայական անհրաժեշտություն, ընդհակառակը, շատերի կողմից խոչընդոտների հանդիպելով (այդպես` և՛ եղբայրն է արգելում նրան, և՛ թագավորը` տեսնելով նրա դեռահասությունը, չի թողնում և հրամայում է մնալ) և ինքն իր հոգում բորբոքվելով` վազում է այլազգիների վրա և դրանով հանդերձ այնպիսի հոգածություն հանդես բերելով թագավորի հանդեպ, որ դեռ մենամարտից ու հաղթանակից առաջ, ոգևորում է նրան, որը բերանքսիվայր պառկած, ասում էր. «Իմ տիրոջ սիրտը թող չկոտրվի: Քո ծառան կգնա ու կմենամարտի այդ այլազգու դեմ» (Ա Թագ.:17-32):
Արդյոք, պակա՞ս կարևոր է, ասա ինձ, որ նա, դրա համար ոչ մի անհրաժեշտություն չունենալով, տալիս է իր հոգին և նետվում թշնամիների վրա հանուն այն մարդկանց, որոնցից ոչ մի բարիք չէր ստացել: Այսքանից հետո պետք չէ՞ր նրան կոչել տեր և հռչակել ողջ թագավորության փրկիչ, որպես մարդու, որ Աստծո շնորհների օգնությամբ պահպանեց բոլորի կյանքը: Դրանից ավելի մեծ բարեգործություն կա՞: Իրոք, դրանով Դավիթը բարերարություն արեց Սավուղի համար ո՛չ ունեցվածքի, ո՛չ փառքի կամ զորության առումով, այլ հենց նրա կյանքի համար. նա նրան դուրս քաշեց մահվան շեմից, և միայն նրա շնորհիվ թագավորը կենդանի մնաց ու պահպանեց իր իշխանությունը:
Դրանից հետո ի՞նչով հատուցեց թագավորը: Եթե որևէ մեկը ուշադրության առնի ծառայության մեծությունը, ապա եթե անգամ Սավուղը հաներ թագը և դներ Դավթի գլխին, դա դեռևս արժանի պարգև չէր լինի, այլ դարձյալ մեծ պարտքի տակ կմնար: Իսկապես, Դավիթը նրան նվիրեց և՛ կյանք, և՛ թագավորություն, իսկ Սավուղն ընդամենը կզիջեր լոկ թագավորությունը:
Այնուամենայնիվ, տեսնենք, թե նա ինչ պարգևներ տվեց: Այն բանից հետո, երբ Դավիթը կտրեց այլազգու գլուխը և ավարով վերադարձավ, պատմում են, որ կույսերը նրան դիմավորեցին երգ ու պարով` բացականչելով. «Սավուղը հազար, իսկ Դավիթը բազմահազար մարդկանց սպանեց» (Ա Թագ.: 18-7): Եվ մոլեգնեց Սավուղը ու այդ օրվանից սկսեց կասկածանքով նայել Դավթին:
Ասա ինձ, ի՞նչի համար: Չէ՞ որ, եթե անսովոր բան ասելու լինենք, աղաղակողները այդպես վարվեցին ավելի շուտ Սավուղին, քան Դավթին դուր գալու համար, և դեռ Սավուղը պետք է գոհ մնար, որ իր համար գոնե «հազար» ասացին, ի՞նչ է, նա դժգոհում է, որ մյուսին «տասը հազար» են ասում: Եթե նա ինչոր բան արած լիներ մարտի համար, եթե իր մասնակցության գեթ փոքր լուման ունենար, ապա արդարացի կլիներ «Սավուղը հազար, իսկ Դավիթը բազմահազար մարդկանց սպանեց» արտահայտությունը, իսկ եթե ահուդողով նստած էր տանը` ամեն վայրկյան սպասելով մահվան, իսկ Դավիթն ամեն ինչ արեց, ապա անմտություն չէ՞ նրա կողմից, որ, ոչինչ չանելով վտանգի դեմն առնելու համար, զայրանում է, որ մեծ գովասանքների չի արժանանում: Եթե որևէ մեկն իրավունք ուներ դժգոհելու, ապա դա Դավիթն էր լինելու, քանի որ միայնակ կատարելով ողջ սխրանքը` փառքը կիսում է ուրիշի հետ: Բայց այդպիսին է նախանձը. նա չի կարող անխռով ընդունել ուրիշի հաջողությունը, իսկ մերձավորի բարեկեցությունը համարում է անձնական դժբախտություն և տառապում մերձավորի հաջողությունից:
Նման մի բան պատահեց Գերարայի թագավորի հետ. տեսնելով, թե ինչպես է օրավուր մեծանում Իսահակի հարստությունը, նա սկսում է վախենալ և ստիպում արդարին հեռանալ այնտեղից: Սակայն այստեղ հարկ է հիշել Սուրբ Գրքի խոսքերը, որպեսզի պարզ դառնա, թե ինչպիսի բարի կամեցողություն ունի Աստված իր ծառաների հանդեպ. «Իսահակը գարի ցանեց այդ երկրում և նույն տարում էլ հարյուրապատիկ բերք ստացավ» (Ծննդ.: 26-12):
Տեսնո՞ւմ ես Տիրոջ առատաձեռնությունը: Տեսնո՞ւմ ես բարերարության լիությունը: Սակայն ուշադրության առնենք թագավորի նախանձը, որ առաջանում է արդարի հարստության պատճառով. «Հեռացիր մեր մոտից, ասում է նա, որովհետև մեզնից շատ ավելի զորավոր եղար» (Ծննդ.: 26-16):
Եվ իրոք, նա նրանցից զորավոր էր` ամեն ինչում ունենալով վերին օգնություն և Աստծո աջի հովանին:
Այսպիսով, ի՞նչու ես հալածում արդար մարդուն: Կամ գուցե չգիտես, որ ուր էլ նա գնալու լինի, նրան անհրաժեշտ է լինել այնտեղ, որ պատկանում է նրա Տիրոջը: Եթե անգամ նրան հարկադրեիր անապատ գնալ, նա այնպիսի հզոր Տեր ունի, որ ընդունակ է այնտեղ ևս նրան էլ ավելի փառավոր դարձնել: Նա հենց հակառակի միջոցով է հակառակը հաստատում:
Ուրեմն փառք Նրան, զորություն, պատիվ և երկրպագություն, Հոր և Սուրբ Հոգու հետ, հավիտյանս հավիտենից. Ամեն: