«Մեզ հետ միասին Աստված է կռվել». Ջրօրհնեք և Տնօրհնեքի կարգ սահմանապահ զորամասում
Հունվարի 14-ին Իջևանի տարածաշրջանի զորամասերից մեկում Ջրօրհնեք և Սուրբ Ծննդյան տնօրհնյաց կարգ կատարվեց:
Տավուշի թեմի առաջնորդ գերաշնորհ Տեր Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը նախ կատարեց Ջրօրհնեքի արարողություն, որը խորհրդանշում է Հիսուս Քրիստոսի մկրտությունը Հորդանան գետում: Արարողությանը մասնակցում էին արժանապատիվ Տեր Սիմեոն, Տեր Արշավիր քահանաները, գնդերեց բարեշնորհ Լևոն սարկավագ Հակոբյանը:
Բագրատ Սրբազանի խոսքով՝ այս օրերին Սուրբ Ծննդյան տոների առիթով այցելում են գրեթե բոլոր վայրերը՝ հատկապես զորամասերը, խրամատները՝ առաջին հերթին մեր զինվորներին և սպաներին շնորհավորելու Ամանորի և Սուրբ Ծննդյան առթիվ:
Տավուշի թեմի առաջնորդը, շնորհավորելով, բարի ծառայություն մաղթեց զինվորներին. «Մաղթում եմ, որ այս խորհուրդը հասնի յուրաքանչյուրիդ սրտին ու յուրաքանչյուրիդ տուն: Թող այն նույն պատասխանատվությամբ, որ հիմա եք ծառայում, կարողանաք ծառայել մինչև այստեղ գտնվելու վերջին վայրկյանը, և վերադառնաք ձեր հայրենի օջախները»:
«Վստահ եմ, որ դուք, խաղաղության մարտիկներ լինելով, յուրաքանչյուր պահի ի վիճակի եք լինելու ցանկացած մարտական խնդիր լուծելու: Դուք եք մեր Հայրենիքի առաջին կրողները, որ ապրում եք՝ Հայրենիքը շալակած ձեր ուսերին»:
Ջրօրհնեքից հետո զորամասում կատարվեց նաև Տնօրհնեքի կարգ, որից հետո Տավուշի թեմի երիտասարդները հանդես եկան մի քանի երաժշտական համարներով:
Խաղաղության համար պայքարող ահմանապահներին գլխավոր մաղթանքը խաղաղությունն է. «Մեզ հետ միասին զանազան դաշտերի մեջ Աստված է կռվել: Թող, սակայն, այդ կռվի կարիքը դուք երբեք չունենաք»: