Հայ առաքելական եկեղեցի Տավուշի թեմ

Մեղա Քեզ, Տեր, մեղա Արարատին, մեղա Արցախին, մեղա Հայաստանին, մեղա իմ ընկերոջը․ Բագրատ Սրբազան

Մենք 44 օր ապրեցինք հաղթանակի, տագնապի, կորուստների, ձեռքբերումների հովիտում։ Այդ 44 օրերի ընթացքում ես մոտավորապես 20 օր գտնվեցի Արցախում, մնացած օրերը այստեղ՝ մեր համայնքներում՝ մեր զավակներին հուղարկավորելու և մեր ընտանիքներին մխիթարելու։

Եղա երևի թե վերջին ոչ զինվորական անձը, ով թողեց Շուշին, տեսավ լքված Ստեփանակերտը, ապրեց մեր ողջ պատմությունն իր ամբողջ բովանդակությամբ և հասկացավ, որ հենց այդպես էլ պիտի լիներ։

Նոյեմբերի 10-ը պիտի դառնա և ընդգրկվի մեր հիշատակների ու հիշեցումների ցանկի մեջ և պիտի նշվի որպես ամոթի և խայտառակության օր։ Ամեն հայ մարդ այդ օրը պիտի տեսնի, զգա, ապրի՝ որպես հիշեցում մեր մեղքի և մեր պարտության։

Բոլոր նրանք, ովքեր կասեն, թե մենք հաղթել ենք՝ սուտ են խոսում, ստախոս են և ավելի են խորացնում մեղքը։ Մենք պարտվել ենք։ Եվ մինչև ամենախորը աստիճանի չընդունենք, որ պարտվել ենք, մենք դարձյալ ենք պարտվելու, և հաղթանակի ու վերականգնումի, վերանորոգության և վերասրբագրումի բացարձակ ոչ հնարավորություն, ոչ լույս, ոչ հույս և ոչ էլ տեսիլք կունենանք։ Այո, մենք չպիտի վախենանք ասելու, որ պարտվել ենք։

Մենք պարտվել ենք մեղքին։

Եվ այս ամբողջ ժամանակահատվածի փիլիսոփայությունն է սա՝ գաղափարական իմասով․ 30 տարի շարունակ՝ ներառյալ վերջին 3 տարին, մենք մեզ ոչ թե վերակառուցեցինք ներսից ու դրսից՝ որպես հավաքականություն, այլ մեր ամբողջ ապրումները, զգացումները՝ որպես ամբողջություն, որպես պետություն, թողեցինք անհատների և ժողովրդի վրա։ Մեղադրեցինք ժողովրդին և նաև չտվեցինք այն պատշաճ պատիվը, որին արժանի էր այս ժողովուրդը, դարձրեցինք թափառական, դարձրեցինք ողորմություն խնդրող, դարձրեցինք դիմադրողականությունից զրկված և դարձրեցինք ամբարտավան, հպարտ, անօրեն մի զանգված։

Այո, մենք պարտվեցինք մեղքին և այս պատճառով․

մեր պետությունը պարտվեց անհատին, մեր բանակը պարտվեց զինվորին, հաշտությունը պարտվեց թշնամությանը, արդարությունը պարտվեց անօրենությանը, հավատքը պարտվեց անհավատությանը, սերը պարտվեց ատելությանը, խոնարհությունը պարտվեց ամբարտավանությանը, հեզությունը պարտվեց հպարտությանը, հոգին պարտվեց «դուխ»-ին, և ոչ ոք պատասխանատվություն չկրեց։

Մենք երկիր չկառուցեցինք, մենք երկրի պատրանքը տվեցինք մեր ժողովրդին։

Խելքի եկեք, ժամանակը մեր օգտին չի աշխատելու։ Վերացրեք այս ատելության մթնոլորտը, հանդարտվեք մի պահ։ Դադար տվեք, հասկանալու համար, թե ինչ է տեղի ունեցել մեր կյանքում։

Ցեղասպանության կրակի միջից ենք անցել, հսկայական հայրենիք ենք կորցրել, դրա մասին կարդացել ենք գրքերում, և ինչ-որ իմաստով պախարակել ենք մեր նախնիներին։ Այն, ինչ որ մենք արել ենք, այսօր մեր գլխին է եկել։ Էլ հեռու չի այն, գրքի մեջ չի գրված․ այսօրվա իրողությունները, հերոսությունները և ամբողջ իրադարձությունները էլ գրքից չենք մենք կարդալու՝ այսօր է տեղի ունենում, մեզ՝ միս ու արյուն մարդկանցս՝ մեր պատասխանատվությամբ։

Մենք կվերականգնվենք միայն այն ժամանակ, երբ ծնկաչոք, արցունքով ու արտասուքով մեր մեղքը խոստոնանելով կասենք՝

մեղա Քեզ, Տեր, մեղա Արարատին, մեղա Արցախին, մեղա Հայաստանին, մեղա իմ ընկերոջը։

Մենք պետք է հավաքվենք։ Մենք պետք է դադար տանք բոլոր իմաստներով՝ մեր մտքերի մեջ, մեր գործողությունների մեջ` հասկանալու համար, թե ի վերջո ինչ ենք ուզում անել:

Սա ասում եմ ոչ թե այսպես լղոզված` «ժողովրդին», այլ ասում եմ մեր երկրի կառավարիչներից սկսած, ռազմաքաղաքական ղեկավարությունից սկսած` բոլորին՝ ընդդիմադիր ուժերին, ոչ ընդդիմադիր ուժերին, կազմակերպություններին, կառույցներին, անհատներին. բոլորիդ եմ ասում։

Դադար տվեք։ Ծնկի եկեք։ Խոստովանեք Ձեր մեղքերը գոնե Ձեր ու Աստծո առջև` մինչև հրապարակային դառնալը։ Բավական է։

Բագրատ եպիսկոպոս Գալստանյան

Translate »