Մենք խայտառակությունը համարեցինք փրկություն․ Բագրատ Սրբազանի քարոզը
Շարունակում ենք նույն մտքով ապրել․ ոմանք՝ անտարբերությամբ, ոմանք էլ՝ հայհոյանքով։ Հայհոյողները, որոնք ուղղակի դառնում են սատանայի գործիք, իրենց միտքը, կյանքը, էությունը՝ ամբողջ բովանդակությունը շաղախում են ատելությամբ ու հայհոյանքով, և ոչ միայն իրենց են վնասում, այլ նաև վնասում, ախտահարում են ամբողջ շրջապատը։
․․․ Մեր Տերը խոսում է ներելու մասին՝ սաստելու և ներելու մասին։
… Սերը բոլոր առաքինությունների գլուխն է, իսկ բոլոր ախտերի մայրը և գլուխը՝ ինքնաարդարացումը։
… Եսայի մարգարեի թուղթը այս օրերի փաստաթուղթն է՝ այս օրերի ուղեցույցը։
․․․ Թող ոչ ոք չթաքնվի որևէ պարսպի ու պատի, որևէ սենյակի ետևում, որքան էլ դրանք ապահով լինեն։ Դուրս եկեք հրապարակ զղջումով ու ապաշխարությամբ՝ ընդունելով այն, ինչ գործել եք և գործել ենք այս բոլոր ժամանակներում։ Մեր միակ լուծումը հոգու լուծումն է, հոգևոր լուծումն է՝ մեր շերտավորված ատելությունների, մեր շերտավորված հանցանքների, տարբեր աստիճանի գործված մեղքերի։
… Մեր երկրում շատ է արյուն հեղվել, և այդ արդարի արյունը կանչում է դեռ։ Մենք պետք է հաշտվենք այդ արյան հետ, որովհետև այն անընդհատ աղաղակելու է, և անընդհատ մեզնից պահանջելու է հատուցումն ու պատասխանը։
Բագրատ եպիսկոպոս Գալստանյան