Հայ առաքելական եկեղեցի Տավուշի թեմ

Մերի Չիբուխչյան: 15 տարի բեմում: Բեմում գտնում եմ բոլոր հարցերի պատասխանները:

Մերին ծնվել է 1996թ. օգոստոսի 13-ին Դիլիջանում, սակայն մեծացել է Իջևան քաղաքում: Դպրոցն ավարտելուց անմիջապես հետո երազանքի հետևից Մերին ընտանիքից գաղտնի դիմում է Երևանի պետական մանկավարժական համալսարանի պարարվեստի բաժին: Այսօր արդեն 3-րդ կուրսում է սովորում:

Իր ապրած փոքր կյանքում կարողացել է մեծ ճանաչում ձեռք բերել ու հասնել բարձունքների: Պարում է 5 տարեկանից, ու այս տարի լրանում է նրա բեմական կյանքի 15-ամյակը:

Օգոստոսի 13-ին Մերին դառնալու է 20 տարեկան: Չնայած այն հանգամանքին, որ ծնողներն ուզում էին, որ Մերին դառնա իրավաբան, տնտեսագետ, վերջինս չկարողացավ հեռանալ իր սեփական էությունից, ու բեմը նախընտրեց բոլոր կոչումներից ու մասնագիտություններից:

Բոլորի այն հարցին, թե ինչու է դարձել պարուհի, Մերին պատասխանում է.

-Դա ի վերուստ է որոշված, պարն իմ մեջ եմ ծնվել:

Մերին պարում է բոլոր ոճերի մեջ, բայց ամենից հոգեհարազատը համարում է դասականը: Հաճախ է համերգներով ու միջոցառումներով հանդես գալիս զորամասերում:

Ակնածանքով է խոսում իր կայացման գործում մեծ ներդրում ունեցած պարուսույց Տատյանա Իվանովնայի մասին:

Այսօր համալսարանում նրա սիրելի ուսուցիչն ու գլխավոր խորհրդատուն Ընկեր Էդգարն է:

Մերին այսօր ոչ միայն հանդես է գալիս ու ելույթ ունենում տարբեր բեմերում, այլև ինքն է ուսուցանում, ունի աշակերտներ և տարբեր տարիքային պարողների ավելի քան 4 խումբ:

Աշխատում է Իջևանի մշակույթի տանը:

– Մշակույթի տունն ինձ համար երկրորդ տուն է դարձել, պատերն էլ այնքան հարազատ են թվում, այսպես է արտահայտվում Մերին սիրելի, հարազատ քաղաքի մշակութային օջախի մասին:

Մերիին հայրենի Իջևանում սիրում և ճանաչում են բոլորը՝ մեծից փոքր:

Այն հարցին, թե ի՞նչ է բեմն իր համար, Մերին պատասխանում է.

– Բեմն այն վայր է, որտեղ գտնում եմ բոլոր հարցերիս պատասխանները:

Նյութը պատրաստեց Տավուշի թեմի մամլո դիվանի պատասխանատու Սիրանուշ Մելիքյանը:

 

Translate »