Հայ առաքելական եկեղեցի Տավուշի թեմ

Մեր աղոթքը մեր հերոս ու նահատակված զինվորների համար, որոնց արյունով է սահմանագծվում մեր կյանքի անդորրը:

Այսօր Հայոց բանակի տոնի կապակցությամբ Yerevannews.am- ը (YN.am) զրուցեց Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ եպիսկոպոս Գալստանյանի հետ։

Նյութի աղբյուրը` https://yn.am/?p=58021&l=am :

1.  Գերաշնորհ Սրբազան Հայր, մենք գիտենք, որ Ձեր հոգևոր ծառայության մեջ բանակն առյուծի բաժին ունի, ունենալով լայն շփում թե՛ զինվորների, թե՛ հրամկազմի հետ, ի՞նչ մակարդակի վրա է ԶՈՒ հոգևոր գիտակցությունն ու արժեհամակարգը, հատկապես սահմանային Տավուշում:

Նախ ուզում եմ նշել, որ Տավուշ աշխարհը մեր երկրի ամենաերկար սահմանն ունի շուրջ 350 կմ, որի վրա ապրում են մեր հերոս սահմանապահ ժողովուրդը և իրավամբ մենք այն կոչում ենք Հայոց Աշարհի դարպասները՝ Հույսի Աշխարհը, որի անառիկության մեծագույն գրավականը մեր հաղթանակած ու արիասիրտ բանակն է և բնականաբար մեր քաջարի սահմանապահ ժողովուրդը: Ես բացառիկ հպարտությամբ եմ ուզում խոսել մեր 3-րդ բանակային կորպուսի մասին՝ մեր կորպուսի նվիրյալ հրամանատարական կազմի, գնեդերի հրամանատարների և սպայական կազմերի և իհարկե մեր արթուն հսկող քաջասիրտ զինվորների մասին: Ամեն անգամ իրենց մասին խոսելիս մտաբերում եմ Եղիշե պատմիչի խոսքերը, երբ նկարագրում էր Հայոց զինվորին՝ ասելով, որ յուրաքանչյուր զինվոր մի եկեղեցի է դարձել: Ահա այն մեծ հոգևոր գիտակցության բնութագիրը, որ տրված է դեռևս 5-րդ դարում, այսօր նույնն է՝ հավատք ամենազոր Աստծու, մեր սքանչելի Հայրենիքի, մեր պետականության ամրապնդման և հարատևության, մեր ընտանիքների խաղաղության և հայոց պատվի ու մշտական հաղթանակների նկատմամբ: Գիտեք, մեր հաղթանակած Աստված խաղաղության Աստված է, բայց եթե իջավ պատերազմի թատերաբեմ Նրանից խուսափել գոյություն չունի թե՛ անձնական և թե՛ հավաքական իմաստով: Այսպիսին է հայ զիվնորի հոգևոր գիտակցությունն ու կյանքը: Ապրել խաղաղության համար՝ չերկնչելով չարից, Սուրբ Վարդանի խոսքով՝ «Քաջությանը երբեք վախկոտություն չխառնելով» զի Աստված ընդ մեզ է:

2. Իսկ ինչպե՞ս կգնահատեք ԶՈՒ հոգևոր առաջնորդության նշանակությունը Տավուշում: Արդյո՞ք Տավուշում Բանակն ու եկեղեցին իրար մեջ են առավել, քան այլ տեղ:

Ինչպես ասացի Տավուշ աշխարհը եզակի է նրանով, որ զինվորն ու մշակը ապրում են նույն սահմանի երկայնքով: Ինչպես մեր հրամանատարներն են նշում՝ մեկ վայրկյանում մեր մշակը կարող է դառնալ զինվոր: Հետևաբար, այո՛, մեր աշխարհում բանակն ու եկեղեցին բնական զգացումով միատեղ են գործում՝ հոգևոր խնամքի, քաջալերանքի, հավատքի և հույսի ներշնչումով և սիրո քարոզչությամբ: Իմ մտերիմ ռումինացի բարձրաստիճան հոգևորականներից մեկը վերջերս այցելելով Տավուշ աշխարհ հետևյալ ձևակերպումն արեց մեր բանակի մասին, նշելով, որ Հայոց բանակը աշխարհի միակ բանակն է, որ չի ստեղծվել մարդ սպանելու համար, այլ պաշտպանության: Սա կարծում եմ յուրահատուկ բնութագիր է հատկապես ոչ հայի կողմից տրված: Այս իմաստով մեր ԶՈՒ հոգևոր առաջնորդությունը մեծագույն դերակատարություն է ստանձնել և իրականացնում: Մեր հոգևոր առաջնորդության գնդերեց քահանաներն ու սարկավագները ինչպես նաև և հատկապես մեր թեմի նվիրյալ հոգևորականները մշտապես գտնվում են մեր զինվորների կողքին բանակային ամենօրյա կենցաղից մինչև առաջնագիծ: Այլ կերպ չի էլ կարող լինել հայ հոգևորականը: Մեր եկելեցու համար սա բնական առաքելություն է և ոչ արհեստական ու տարօրինակ ներդրում: Մեր զինվորը մեր գանձն է, որում էլ մեր սիրտն է, մեր Տիրոջ խոսքով ասված:

3.  Ի՞նչը կարող է ազդել զինվորների արժեհամակարգի բարձրացման վրա: Ո՞րն է զինվորի ներշնչման ու լավ ծառայության գլխավոր գրավականը: Նրանք միշտ Ձեր ուշադրության կենտրոնում են: Ի՞նչից են ամենից շատ ներշնչվում սահմանում կանգնած զինվորները:

Պետք է ուղղակի աչքերով տեսնել մեր այդ հրավառ տղաներին: «Աստված, Հայրենիք, Ընտանիք»՝ սա է մեր զինվորների նշանաբանը: Սահմանում կանգնած զինվորը մեր բոլորի գուրգուրանքի ու խնամքի կարիքն ունի ոչ թե «խղճալու» կամ «գթալու» իմաստով, այլ տևական քաջալերանքի և զգալու, որ իրենք սոսկ պարտականություն չեն կատարում, այլ լծված են սրբազան առաքելության, որը պետք է ասեմ, որ լիուլի մատուցվում է մեր հրամանատարների կողմից և բնակաբար հոգևոր հայրերի ներկայությամբ ու իրենց կողքին գտնվելով: Մենք տարբեր առիթներով նշել ենք, որ սահմանում ծնված յուրաքանչյուր նորածին արդեն իսկ մեր երկրի անվտանգության ու խաղաղության երաշխավորն է՝ նույնիսկ իր անգիտակից վիճակով: Եվ երբ հայ զինվորը իր թիկունքում զգում է սահմանում ապրող հայ մարդու շնչառությունն ու նեկայությունը այն էլ ավելի է զորացնում նրան:

4.  Ըստ Ձեզ, սահմանապահ զինվորի հոգեբանությունն ու գիտակցությւոնը շա՞տ է տարբերվում ոչ սահմանապահ զորամասերում ծառայող զինվորների հոգեբանությունից:

Ես չեմ կարող տարբերություն կամ զանազանություն դնել և վստահ եմ Հայրենիքի պաշտպանի գիտակցությունը թևածում է մեր ամբողջ բանակում դա լինի առաջնագիծը թե թիկունքը: Բնակաբանար, սահմանագիծն իր առանձնահատկություններն ունի՝ ամեն օր ամեն ժամ ուղղակի առերեսված լինելով հակառակորդի հետ:

5. ԶՈՒ կազմավորման 24-ամյակի առթիվ գերատեսչական մեդալի արժանացաք Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի կողմից: Կարծում ենք սա մեծ գնահատանք է հատկապես հայրենիքի դարպասներում իր ժողովրդին ու զինվորներին ծառայող հոգևորականի համար: Ի՞նչ կմաղթեք Հայոց բանակին, հայ զինվորին, հայ ժողովրդին:

Նախ շնորհակալ եմ թե՛ մեր նախարարին և թե՛ մեր Վրթանես սրբազանին՝ Վեհափառ Հայրապետի օրհնությամբ այսպիսի բարձր պատվի արժանացնելու համար: Սակայն պատիվն առանց պատասխանատվության չի լինում: Մեր Տիրոջ խոսքով «Անարժան ծառաներ ենք, ինչ որ պետք էր անել անում ենք»: Սա նաև ես համարում եմ շնորհված մեր Սուրբ Եկեղեցուն՝ իր նվիրյալ սպասավորներին, մեր Տավուշ աշխարհի իմ հրաշք ու բացառիկ ժողովրդին, մեծով ու փոքրով, ում հոգևոր խնամքի ծարայությանն ենք կոչված: Այս շքանշանը անձնապես ինձ չի պատկանում և հետևաբար այն ավելի է պարտավորեցնում ու կոչում էլ ավելի անհոգնաբեկ և անձանձիր ծառայության և միայն ծառայության:

Եվ առիթից օգտվելով ուզում եմ շնորհավորել մեր հաղթանակած ու խաղաղության լծված Հայոց Բանակին՝ հայ ժողովրդի ծոցից ծնված այս հրաշքին և շնորհակալություն հայտնել նախարարից մինչև զինվոր նվիրումի, հայրենիքի և Աստծո սերը իրենց կյանքով կրելու համար, շնորհակալություն իրենց ծնողներին և ընտանիքներին և անփորձանք, ապահով ու խաղաղ ծառայություն մեր տղաներին: Մեր աղոթքը մեր հերոս ու նահատակված զինվորների համար, որոնց արյունով է սահմանագծվում մեր կյանքի անդորրը: Խոնարհում իրենց կենդանի հիշատակի և իրենց ընտանիքների առջև: Մեր ժողովրդին՝ մեր պետականությանը ընդհանրապես մաղթում եմ խաղաղություն և հաղթանակի ու հպարտ լինելու զգացում: Թող այս օրը և ամեն օրը մեր կյանքի լինի նոր իրագործումների ու բարիք արարելու իրականություն:

Աստված օրհնի մեր հաղթանակած, հզոր, աննկուն, քաջարի ու խաղաղարար Բանակին՝ տիգրանների և վարդանների, սարդարապատների ու արցախների ժառանգներին, մեր առյուծ մայրերին ու ընտանիքներին:
Աստված օրհնի Հայաստան աշխարհը:

Translate »