ՄԿՐՏՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԴՐՈՇՄ
«Ով հավատա և մկրտվի, պիտի փրկվի, և ով չհավատա, պիտի դատապարտվի» (Մարկ. ԺԳ 16)
Մկրտությամբ մարդը դառնում է Աստծու որդեգիր և անդամ Քրիստոսի Եկեղեցու: Մաքրվելով սկզբնական մեղքից և ծնվելով հոգևոր ծննդյամբ՝ նա դառնում է Երկնքի Արքայության ժառանգորդ՝ վերստին ստանալով աստվածային այն պատկերը, որ ուներ Դրախտում մինչ մեղսագործությունը: Մկրտությամբ մեռնում է հին մարդը, և ծնվում է նորը: Այդ պատճառով էլ մկրտված մարդը պետք է հեռանա իր կյանքի նախկին անհավատ ընթացքից և քայլի աստվածային արդարության ու ճշմարտության ճանապահով:
Մկրտության համար անհրաժեշտ պայմաններ.
• Կնքահայր, ով պետք է լինի մկրտված, չափահաս, ցանկալի է ոչ մոտ ազգական (հորեղբայրը, քեռին, հորեղբոր, քեռու, մորաքրոջ կամ հորաքրոջ զվակները չեն կարող կնքահայր լինեն), ուղղափառ դավանանք ունեցող:
• Մկրտվողը չափահաս լինելու դեպքում պետք է պատշաճ և հարմար հագուստով լինի: Մկրտվողը, եթե չափահաս է, պետք է լինի սոված` հաղոդություն վերցնելու համար, չափահաս աղջիկները պետք է չշպարվեն, զարդեր չկրեն, զուգագուլպաներ չհագնեն, որպեսզի ծնկները բաց լինեն լվանալու համար:
• Մկրտվողի ծնողները պետք է մկրտված լինեն, հակառակ դեպքում պետք է մկրտվեն երեխայի հետ:
Ի՞նչ պետք է բերել եկեղեցի մկրտության համար
1. Երկու մոմ
2. Խաչ (ըստ մկրտվողների քանակի)
3. Նարոտ (սպիտակ և կարմիր թելեր, ոլորած մեկը մյուսով (ըստ մկրտվողների քանակի)
4. Չօգտագործված սրբիչ (ըստ մկրտվողների քանակի)
Մկրտության խորհրդի հաստատումը
Քահանան երեք անգամ հարցնում է կնքահորը. «Այս երեխան ի՞նչ է ցանկանում»: Կնքահայրը երեք անգամ պատասխանում է. «Հավատք, հույս, սեր և մկրտություն: Մկրտվել և արդարանալ, սրբվել մեղքերից, ազատվել դևերից և ծառայել Աստծուն»: (Մաշտոց, Կանոն սուրբ Մկրտության)
Մկրտության օրինակը տվել է Ինքը` Քրիստոս: Քրիստոս, Հորդանան գետի մեջ մկրտվելով, օրհնեց ջուրը, իսկ Նիկոդեմոսի միջոցով էլ հայտնեց մեզ, որ եթե չծնվենք Հոգուց և ջրից, չենք կարող Աստծու արքայություն մտնել (Հովհ. Գ 5): Տերը մի ժամանակ ջրհեղեղով պատժեց մարդկությանը, իսկ այժմ նույն ջրով նոր կյանք է պարգևում նրան:
Մկրտությամբ մարդը նորոգվում է, վերածնվում և մաքրվում ադամական (սկզբնական) մեղքից: Այն մեղքից, որն առաջացավ Ադամի անհնազանդության պատճառով, և որին ժառանգորդ դարձավ ամբողջ մարդկությունը: Աստծու պատվիրանի նկատմամբ անհնազանդությունը պատճառ եղավ, որպեսզի Ադամը զրկվի դրախտային կյանքից՝ իր շնորհական վիճակից, դառնա մահկանացու և դատապարտվի Դրախտից դուրս ապրելու և սեփական քրտինքով հանապազօրյա հացը վաստակելու:
Մարդուն այս անկյալ վիճակից բարձրացնելու համար Աստված Ինքը ձեռք մեկնեց Իր Որդու` Հիսուս Քրիստոսի միջոցով: Քրիստոս Իր մարդեղությամբ, քարոզությամբ, քավչական մահով, հարությամբ և մկրտության սուրբ խորհրդի միջոցով մարդուն ազատեց ադամական մեղքից: Հիսուս ասաց. «Ով հավատա և մկրտվի, պիտի փրկվի, և ով չհավատա, պիտի դատապարտվի» (Մարկ. ԺԳ 16):
Հետևաբար ոչ միայն անհրաժեշտ է մկրտվել, այլև կարևոր է հասկանալ, թե ինչ է նշանակում մկրտություն:
Մկրտության կատարման համար Եկեղեցին կարևորում է հետևյալ անհրաժեշտ հանգամանքները.
1. Մկրտության և Դրոշմի սուրբ խորհուրդները հաստատել է մեր Փրկիչը՝ Հիսուս Քրիստոս:
2. Մկրտությամբ մարդը մաքրվում է ադամական մեղքից: Մկրտությունն ընդունող երախան (այսպես են կոչում չմկրտվածին) դառնում է Աստծու որդեգիր:
3. Դրոշմով մարդը զորանում և հաստատվում է որպես քրիստոնյա ապրելու համար:
4. Մկրտության և Դրոշմի վայրը Եկեղեցին է և միայն բացառիկ դեպքերում այն կարելի է տանը կատարել:
5. Մկրտության ժամանակ մանուկ երեխան հանուն Սուրբ Երրորդության երեք անգամ ընկղմվում է ջրով լի ավազանի մեջ՝ խորհրդանշելով Քրիստոսի մահը, թաղումը և հարությունը, որով մասնակից է դառնում Քրիստոսի կյանքին: Մեծահասակների դեպքում ընկղմման փոխարեն պարզապես լվացում է տեղի ունենում: Հետևաբար մկրտվողը պետք է մաքուր լինի աշխարհային քսուքներից և դիմափոշիներից:
6. Կնքահայրը անպատճառ պետք է լինի մկրտված և հավատացյալ անձ: Խրախուսելի է, որպեսզի կնքահայրն այնպիսի մեկը լինի, որն իր քրիստոնեական գիտելիքների հմտությամբ կարողանա ուղեցույց լինել իր սաներին:
7. Եթե մարդը գիտակցական տարիքում է մկրտվում, ապա պետք է հոգևոր լուրջ պատրաստության շրջան անցնի: Իսկ մանուկը այդ շրջանը պետք է անցնի իր աճմանը զուգընթաց՝ կնքահոր ու ծնողների աջակցությամբ:
8. Մկրտության և Դրոշմի խորհրդակատար անձը քահանան է: Աշխարհականներից և ոչ ոք իրավունք չունի մկրտելու և դրոշմելու, քանի որ այդ իրավունքն ու իշխանությունը առաքյալների կողմից փոխանցվեցին քահանաներին:
9. Պետք է իմանալ, որ արգելվում է կրկնամկրտությունը, որովհետև մարդը մեկ անգամ է ծնվում, և քանի որ մկրտությունն իր մեջ ծննդյան խորհուրդն ունի, ուստի մեկ անգամ էլ մկրտվում է. <<Մե’կ Տեր կա, մե’կ հավատք, մե’կ մկրտություն>>,- ասում է Պողոս առաքյալը (Եփես. Դ 5):
10. Դրոշմը նույնպես անկրկնելի խորհուրդ է:
11. Նոր ծնունդը մկրտությամբ մեզ իրավունք է տալիս նաև նոր անուն ունենալ: Մկրտվողը կարող է իր անունը փոխել՝ որպես Քրիստոսով վերածնված նոր մարդ:
12. Մկրտության համար անհրաժեշտ է խաչ, կարմիր ու սպիտակ թելերից հյուսված նարոտ (որը խորհրդանշում է խաչի վրա Քրիստոսի կողից հոսած արյունն ու ջուրը) և սրբիչ:
13. Եթե պսակի համար կան արգելված օրեր, ապա մկրտությունը և դրոշմը կարելի է կատարել տարվա բոլոր օրերին:
14. Մկրտվել կարող են նաև հղի կանայք, բայց նրանց մկրտությունը պտղին չի վերաբերում:
15. Մկրտությունից հետո գործած մեղքերից թողություն ստանալու համար սահմանված է Ապաշխարության խորհուրդը:
16. Մկրտության և Դրոշմի խորհուրդների լրումն է Սուրբ Հաղորդության խորհուրդը՝ Քրիստոսի Սուրբ Մարմնի և Արյան ճաշակումը:
Ի՞նչ է անհրաժեշտ մկրտվելու համար
Մկրտության համար նախ պետք է հավատք ունենալ: Հրաժարվել չարից ու նրա գործերից: Պետք է գիտենալ հավատքի դավանությունը: Ունենալ համապատասխան գիտելիքներ քրիստոնեության և Եկեղեցու վերաբերյալ: Եվ ամենից առաջ պետք է հավատալ Սուրբ Երրորդությանը, քանի որ Հոր, Որդու և Սուրբ Հոգու անունով ենք մկրտվում, ինչպես և Քրիստոս պատվիրեց իր առաքյալներին. «Ինձ է տրված ամեն իշխանություն երկնքում և երկրի վրա. ինչպես Հայրն ինձ ուղարկեց, ես էլ ձեզ եմ ուղակում: Գնացե’ք ուրեմն, աշակերտ դարձրե’ք բոլոր ազգերին, նրանց մկրտեցե’ք Հոր, Որդու և Սուրբ Հոգու անունով: Սովորեցրե’ք նրանց պահել այն բոլորը, ինչ որ ձեզ պատվիրեցի: Եվ ահա Ես ձեզ հետ եմ բոլոր օրերում, մինչև աշխարհի վախճանը» (Մատթ. ԻԸ 18-20):
Մարդիկ հաճախ հարց են տալիս. «Եթե հավատքը կարևոր նախապայման է, ուրեմն ինչո՞ւ է կատարվում մանկանց մկրտությունը»:
Ակնհայտ է, որ մենք չգիտենք մեր վախճանի օրը, սակայն պարտավոր ենք այդ օրը դիմավորելու Աստծուն որդեգիր դարձած և Աստծու խնամքին հաձնված, քանի որ մկրտության շնորհիվ կյանքի փորձություններին դիմակայում ենք, աստվածային խնամատարությամբ՝ ունենալով մեր պահապան հրեշտակը, որն Աստծու առջև մեր բարեխոսն է: Այսու պետք է մկրտվող երեխան ունենա իր կնքահայրը: Վերջինս էլ պարտավոր է լինել մկրտված և ունենալ հոգևոր գիտելիքների որոշակի պաշար, որպեսզի Աստծու պատվիրանների համաձայն դաստիարակի փոքրիկին:
Ուստի հավատա’, որ եթե մկրտվես, Աստված քեզ պիտի օրհնի, իսկ եթե մկրտված ես, ուրեմն աշխատի’ր սրբությամբ պահել շնորհաբաշխ մկրտության սուրբ խորհրդի պարգևները, այլապես գանձ ունենալն ու անտեսելն առավել վտանգավոր է, քան ընդհանրապես չունենալը:
Դրոշմի խորհուրդը
Մկրտության մաքրագործող խորհրդին հաջորդում է Դրոշմի շնորհաբաշխ խորհուրդը: Դրոշմի խորհուրդը հավատքի մեջ զորանալու համար է: Այս խորհուրդը Սուրբ Հոգու նորոգիչ շնորհների ընդունման համար է, որոնցով մարդը զորանում է հոգով և անտեսանելի զրահներով ու զենքերով սպառազինվում` ընդդեմ չարի հարձակումների:
Առաքյալները մկրտությունից անմիջապես հետո ձեռք էին դնում մկրտվածների վրա, որպեսզի նրանք Սուրբ Հոգին ստանան (Տես Գործք 8:11-17, 19:1-6, Եբր. 6:2): Հետագայում Եկեղեցում Մյուռոնը գործածվեց որպես Սուրբ Հոգու իջնելու և ընդունելու միջոց: Մյուռոնը հունարեն բառ է, որ նշանակում է՝ անուշահոտ յուղ: Այսպիսով, Դրոշմի խորհուրդը կատարվում էր կամ ձեռք դնելով, կամ էլ սրբալույս Մյուռոնի օծմամբ: Հայոց եկեղեցին, ինչպես նաև արևելյան մյուս եկեղեցիները, Դրոշմի խորհուրդը կատարում է մկրտությունից անմիջապես հետո՝ ըստ նախկին տիեզերական Եկեղեցու սովորության՝ համաձայն առաքյալների և սուրբ հայրերի օրենքների:
Դրոշմի խորհուրդը կոչում ենք նաև ԿՆՈՒՆՔ, քանի որ աստվածային կնիքով դրոշմվում են մկրտվողի մարմնի տասներեք մասերը՝ ճակատը, աչքերը, ականջները, քիթը, բերանը, ձեռքերը, սիրտը, մեջքը և ոտքերը:
Դրոշմը հաստատության խորհուրդ է, որ տրվում է մարդուն՝ զորացնելու և արիացնելու համար:
Դրոշմը խորհրդանշում է Սուրբ Հոգու էջքը մկրտվածների վրա, այն անհատական Հոգեգալուստ է:
Այս ամենով մկրտվողը դառնում է կատարյալ քրիստոնյա և Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու զավակ:
Այսպիսով, եթե քո մեջ հասունացել է հոգևոր վերածննդի պահը, մի’ երկմտիր, հավատա’ Աստծու առաջնորդությանը և գնա’ Եկեղեցի: Կնքի’ր հաշտության այդ դաշինքը, որը կենսորոշ ու վճռական է մեզանից յուրաքանչյուրի համար: