Նորապսակների օրհնության կարգ Իջևանի Սուրբ Ներսես Շնորհալի եկեղեցում
Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին ամեն տարի փետրվարի 14-ին նշում է Տեառընդառաջը: Տերունի այս տոնը հիշատակում է 40 օրական Հիսուսի ընծայումը տաճարին: Տոնի նախօրեին կատարվում է Երեկոյան ժամերգություն և նախատոնակ: Տոնի օրը Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսի տնօրինությամբ հռչակված է նորապսակների օրհնության օր:
Իջևանի Սուրբ Ներսես Շնորհալի եկեղեցում այսօր՝ Երեկոյան ժամերգությունից հետո, Տավուշի թեմի առաջնորդ գերաշնորհ Տեր Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը կատարեց նորապսակների օրհնության կարգ, խնդրելով, որ Աստված պաշտպան ու ապավեն լինի նորապսակ զույգերին իրենց ողջ կյանքի ընթացքում.
«Եվ այժմ աղաչում ենք Քեզ, Տե՛ր, օրհնիր նորապսակ այս ընտանիքները, ինչպես օրհնեցիր մեր նախահայրերին ու նախամայրերին, որովհետև Դու նրանց կանչեցիր արժանացնելու Քո քաղցր օրհնությանը և նրանց գլուխները զարդարեցիր պատվական քարերի պսակներով, որպեսզի իրենց կյանքի ընթացքում լինեն անարատ, միմյանց սիրեն հոգևոր սիրով և ապրեն միաբան ու համերաշխ…»:
Բագրատ Սրբազանն օրհնությունից հետո նորապսակներին մաղթեց, որ իրենց կյանքի ճանապարհին ուղեկցի Աստվածային սերը, և իրենց կյանքերում երբեք չկորցնեն Քրիստոսի ներկայությունը: