Հայ առաքելական եկեղեցի Տավուշի թեմ

Նրանց փնտրեք ողջերի մեջ. oծվեց ապրիլյան պատերազմում անմահացած Վլադիմիր Ալիխանյանին նվիրված խաչքարը

Դիլիջան քաղաքում դեկտեմբերի 4-ին հայրենասիրության, ոգեշնչման ու ոգեկոչման բաց դաս էր, օծվեց ապրիլյան պատերազմում մարտիրոսված դիլիջանցի Վլադիմիր Ալիխանյանին նվիրված խաչքարը: Խաչքարն օծեց Տավուշի թեմի առաջնորդ գերաշնորհ Բագրատ Սրբազանը, խաչքարի նախաձեռնության հեղինակը Դիլիջանի Սուրբ Խաչ եկեղեցու արժանապատիվ քահանա Տեր Շավարշն է: Ներկա էին Վլադիմիրի ծնողները, հարազատները, ուսուցիչները, ընկերները, նրա հետ անմահացած տանկիստներ Տիգրանի և Բենիամինի ծնողները, զինվորականներ և այլք:

Մեջբերում ենք Բագրատ Սրբազանի խոսքերից.

«Մենք խաբված չենք չհասկանալու համար, թե որպես ծնողներ, հարազատներ, ընկերներ ինչպիսի դժվար ճանապարհով եք անցել անձնապես: Բայց միևնույն ժամանակ նաև մխիթարված ենք տեսնելու ձեր հպարտությունը ձեր ապրելու կամքը և խոնարհվելու ու շնորհակալություն հայտնելու այն ժամանակների համար, որ ձեր զավակներին մեծագույնին եք տվել՝ Հայրենիքին:
Չկա ավելի մեծ զոհասեղան, քան Հայրենիքի սեղանը: Հայրենիքը միայն բառեր չեն, այլ կոնկրետ ձեր զավակների կյանքով գնված իրականություն: Մենք խոնարհվում ենք ձեր զավակների առաջ, փառք ենք տալիս Աստծուն, որ մեր ազգի մեջ չի դադարել այսպիսի հերոսների ծնունդը:
Այսօր մենք կանգնած ենք Վլադիմիրի՝ ուխտատեղի դարձած հուշի առջև, նույնը՝ Բենիամին- Մոնթեի, Տիգրանի, նույնը ՝ Արցախի ազատության պայքարի և այս 25 տարիների մեր անկախության համար ընկած բոլոր տղաների՝ հազարավոր մեր երիտասարդների: Եվ թող իրենց բոլորի հիշատակը օրհնված լինի, իրենք էլ իրենց վերևից նայեն ու մեզ արժանի համարեն իրենց շարունակողը լինելու:
Մենք հաղթանակած ազգի զավակներ ենք, և իրեք էլ գնացել են խառնվելու հաղթանակած բանակին:
Թող իրենց անցած ճանապարհը մեզ համար, մտածումների ճանապարհ լինի, վերակերտության, վերաքննության ճանապարհ լինի, և իրենց արյունը դառնա մեզ արդար դատավոր»:

Translate »