Շխմուրադն արդեն դուռ ունի,ավելին՝ դարեր անց այնտեղ քրիստոնեական արարողություն էր՝ մկրտություն
Տավուշի հյուսիս-արևելյան անտառներում ծվարած, խոնարհված Շխմուրադի վանական համալիրն այսօր էլ հիացնում ու վեհացնում է իր մասունքներում: Վանքը գտնվում է Տավուշի մարզի Ծաղկավան գյուղից 6-7 կմ դեպի արևմուտք՝ Հախում գետի ձախ ափին: Համալիրը կառուցվել է 12-13դդ. մոխրագույն ֆելզիտից: Կազմված է եկեղեցուց (1184թ.), երկու գավիթից և մատուռից: Ունի մեկ ավագ և չորս միմյանց վրա շինված փոքր խորան, երկու դուռ՝ արևմտյան և հարավային կողմերից: Շխմուրադը ժամանակին այս տարածաշրջանի ժողովրդի համար եղել է նշանավոր ուխտատեղի, հոգևոր-մշակութային կարևորագույն կենտրոն: Վանքային համալիրը ունեցել է նաև շրջապարիսպ և միաբանների խցեր, որոնք այժմ քանդված են: Վանքի արևելյան կողմում կա Շխմուրադ անունով գերեզմանատուն: Վանքի տարածքը հարուստ է խաչքարերով:
Վանքը կիսավեր, խոնարհված վիճակում է, Տավուշի երիտասարդները թեմի առաջնորդ գերաշնորհ Բագրատ Սբազանի օրհնությամբ շաբաթ առավոտյան իրենց աղոթքն ու քյալերը դժվարանցանելի անտառամեջով ուղղեցին դեպի խոնարհված վանական համալիր: Ուխտագնացությանը մասնակցեցին նաև Ծաղկավան համայնքի բնակիչներ՝ գյուղապետի գլխավորությամբ:
Ճանապարհին մտքերը խառնվել էին իրար, տեսնես քանի սիրտ է այստեղ միացել.քանի հազարավոր մարդիկ են իրենց դեմքն ուղղել դեպ Աստված.քանի մանուկ է ծնվել կնքավազանից…..Վանքում մի ժամանակ հավատարմության երդում են տվել նորապսակները, պատերը արձագանքել են մկրտվող մանկան և պատարագի ձայներին: Ու խոնարհված վանքն այդ օրը կրկին խունկ էր շնչում, իր իսկական, իսկատիպ խորհրդի մեջ էր՝ դարեր անց մկրտության արարողություն էր տեղի ունենալու:Այսօր սրբատեղին ուշադրության կարիք ունի: Վանքային համալիրը քիչ է ուսումնասիրված, խարխլված են վանքի պատերը, գմբեթի կեսը փլված է, իսկ կանգուն պատերի վրա վաղուց ծառեր և խոտեր են աճել: Անտառների մեջ միայնակ կանգնած այս վեհությունն առեղծվածային ու խորհրդավոր է տարվա բոլոր ժամանակներում:
Վանքի դուռը վերանորոգվել էր տավուշեցի երիտասարդ, զինվորական Գևորգ Բրուտյանի ջանքերով: Բագրատ Սրբազանի և Տեր Արամ քահանայի ձեռամբ օծվեց վանքի դուռը, ներս մտնելուց հետո տեղի ունեցավ Տավուշի երիտասարդներից մեկի՝ Հասմիկ Որսկանյանի մկրտության արարողությունը:
Դարեր անց վանքում կրկին քրիստոնեական արարողություն էր, ցասումն ու հուզմունքը միախառնվել էին, այդ օրը վանքում կարճաժամկետ ու հուսադրող վերածնունդ էր, պատերն անսացին աղոքներ, լցվեցին լույսով ու սիրով: Պատմության տարբեր խաչմերուկներում իր առաքելությունն իրականացրած Աստծո տաճարը կրկին շարունակվում է պատմվել պատմության էջերում:
Տավուշի թեմի երիտասարդներն ուխտեցին, որ գալու են ուխտագնացության ու պատարագի Շխմուրադի վանական համալիր:
Սիրանուշ Մելիքյան