ՋՈՒԽՏԱԿ ՎԱՆՔ («Պետրոսի վանք», «Գիշերավանք»)
Հուշարձանախումբը գտնվում է Դիլիջան քաղաքից 3 կմ հյուսիսարևելք, Խալ-խալլու լեռան հարավային փեշին:
Բաղկացած է երկու առանձին կանգնած, սրբատաշ ֆելզիտ քարերով կառուցված Ս. Աստվածածին և Ս. Գրիգոր եկեղեցիներից (այստեղից` «Ջուխտակ» ժողովրդական անվանումը): Եկեղեցիների պատերին փորագրված արձանագրություններում հիշատակվում են նաև Պետրոսի վանք և Գիշերավանք անվանումները:
Ս. Աստվածածին եկեղեցի – կառուցվել է վանահայր Հայրապետի ջանքերով 1201 թ.: Շինարարն էր քարգործ վարպետ Սարգիսը: Հորինվածքով միանավ բազիլիկի տիպի, թաղածածկ, երկթեք տանիքով, հատակագծում քառանկյուն շինություն է: Կիսաշրջանաձև խորանի երկու կողմերում նեղ ավանդատներն են: Մուտքի երկու կողմերում ագուցված են նուրբ քանդակազարդ խաչքարեր: Եկեղեցու մուտքի բարավորի վրա փորագրված է շինարարական արձանագրությունը: Պատերին կան նաև մի քանի նվիրատվական արձանագրություններ:
Ս. Գրիգոր եկեղեցի – կենտրոնագմբեթ կառույց է, որը գտնվում է Ս. Աստվածածին եկեղեցուց 20 մ արևելք: Կիսաշրջանաձև ավագ խորանի երկու կողմերում գտնվող երկհարկ ավանդատները ձևավորված են նրբաքանդակ նախշերով: Եկեղեցու արևմտյան մուտքի բարավորի արձանագրությունից կարելի է ենթադրել, որ դա Ս. Աստվածածին եկեղեցուց վաղ է կառուցվել:
1973-1977 թթ. Ջուխտակ վանքի եկեղեցիները նորոգվել են, շրջապատը բարեկարգվել է, իսկ 1980-ական թթ. կատարվել են ամրացման աշխատանքներ:
Վանքի շուրջը կան գերեզմաններ, իսկ հարավային մասում, առվի աջ կողմի բարձրության վրա գտնվում է Մաթոսի գյուղատեղին: Վերջինիս ավերակներում պահպանվել են 1247 թ. Մաթոսավանք եկեղեցին, 1251 թ. մի խաչարձան և գերեզմանատուն: