Սահմանապահ Բերդ. Մոմավառություն և աղոթք մեր անմահացած հերոսների համար
Բերդի մշակույթի տան կամավորների նախաձեռնությամբ այսօր՝ հոկտեմբերի 24-ին, Բերդի Սբ. Հովհաննես եկեղեցում կայացել է մոմավառություն՝ ի հիշատակ հայրենիքի համար անմահացած նահատակների:
«Համառ ու ծանր պատերազմի այս օրերին մենք բոլորս գտնում ենք մեր ժամանակի հերոսներին՝ մարդկանց, որոնք մարտի դաշտում անմահանում են՝ դառնալով հավերժ զինվորը ազգի և հայրենիքի: Ես իմ խոնարհումն եմ բերում և աղոթք եմ բարձրացնում բոլոր նահատակների համար, որոնք մարտի դաշտում հերոսաբար սրբացան: Ուզում եմ միասնական աղոթք բարձրացնենք այն տղաների համար, որոնք այս վայրկյանին կենաց ու մահու կռիվ են տալիս մեր հայրենիքի, մեր հավատքի, մեր պատվի և արժանապատվության համար: Կռիվ են տալիս՝ պաշտպանելու մեր ապրելու իրավունքը և մեր ինքնությունը »,-նշել է Բերդի և տարածաշրջանի հոգևոր հովիվ տեր Արամ քահանա Միրզոյանը: