Սահմանապահ Մովսես գյուղում մշակութային եռուզեռ է՝ համեմված հրաշամանուկների մկրտությամբ
Հյուսիս-արևելյան սահմանագոտու հերոսական, սահմանապահ Մովսես գյուղում տոն էր: Մկրտվեցին մանկապարտեզի 23 հրաշամանուկները, նրանք մկրտվեցին Տավուշի թեմի առաջնորդ գերաշնորհ Բագրատ Սրբազանի ձեռամբ: Մկրտությանը մասնակցեցին տարածաշրջանի արժանապատիվ տեր հայրեր Տեր Աբելը և Տեր Արամը: Կնքահայրը Մովսեսցի բարերար Վիկտոր Խաչատրյանն էր, ում մոտ էլ հղացել էր այս հրաշալի գաղափարը:
Մեջբերում ենք Բագրատ Սրբազանի քարոզից մի հատված. «Սա այս երեխաներին աստվածային ընտանիքին որդեգրելու ճանապարհ է: Եթե չկա Աստծո Տանը Սուրբ Երրորդության ընտանիքն մեր անդամագրվելու ցանկությունը, մեր անելիքները կմնան որպես պարզ ու մարդկային ձեռնարկ: Մաղթում եմ, որ այն հոգևոր օրհնությունը, ալիքը, էներգիան, Աստծո ներկայությունը ձեր կյանքում անընդհատ շարունակվեն»:
«Փառք եմ տալիս Աստծուն, որ Իր զավակներին առաջնորդում է դեպի Իր տուն: Շնորհավորում եմ բոլորիդ, քաջ գիտակցելով, որ Մովսեսը ո՛չ Երևան է, ո՛չ Էջմիածին, ո՛չ Արմավիր, ո՛չ էլ ուրիշ մի բնակավայր: Մովսեսն իր դժվարություններով ապրող հերոսական համայնքներից մեկն է: Եվ ձեր ներկայությունն այսօր այստեղ մեծագույն վկայություն է մեր ապրելու կամքի, չընկըճվելու կամքի, հակառակ բոլոր ներքին ու արտաքին դժվարություններին՝ մեր համառությամբ մեզ լսելու կամքի: ….Աստված թող լցնի ձեր կյանքերը, իմ քաջ, հերոսական, սահմաններ չճանաչող ժողովուրդ…»:
Մկրտությանը հաջորդեց մշակութային մեծ իրադարձություն՝ Հայկական երանգ փառատոնը, որտեղ իրենց գեղարվեստական կատարումներով հանդես եկան Բերդի տարածաշրջանի բոլոր գյուղերի տաղանդավոր երիտասարդները: