Հայ առաքելական եկեղեցի Տավուշի թեմ

ՍԱՀՄԱՆԱՊԱՀ ՏԱՎՈՒՇԸ ԳՆԴԱԿՈԾՈՒԹՅԱՆ ՏԱԿ Է

Վերջին օրերին ադրբեջանական զինուժի կողմից հրազենային խոշոր տրամաչափի զինատեսակներից պարբերաբար գնդակոծվում է ՀՀ հյուսիս-արևելյան հատվածի Տավուշի սահմանագիծը և այդ սահմանագծի բնակավայրերը:

Սահմանային գյուղերում կատարված իրավիճակի մասին հավաստի տեղեկություններ ունենալու նպատակով, այսօր կապվել ենք սահմանապահ Չինարիի, Վազաշենի, Այգեհովիտի, Ոսկևանի, Բերքաբերի, Կոթիի և Բաղանիսի համայնքապետերի հետ.

Սահմանապահ Չինարիի համայնքի ղեկավար Սամվել Սաղոյանը  նշեց, որ վերջին օրերին սահմանում լարվածությունը շատացել է.  Սույն թվականի սեպտեմբերի 14-ին, հակառակորդի կողմից խոշոր տրամաչափի (մասնավորապես «դեշեկա»)  գնդացիրներով կրակել են հենց գյուղի ուղղությամբ: Գյուղապետի խոսքով՝  գնդակոծությունները նպատակային և թիրախավորված են եղել հենց գյուղի ուղղությամբ: Կրակել են երկու բնակելի տների վրա, որից մեկի խմելու ջրի բակն է վնասվել, մյուսինը՝ տանիքը և տան պատերից որոշ հատվածներ: Հակառակորդը կրակ է բացել նաև մանկապարտեզի ուղղությամբ :  Բարեբախտաբար  Չինարիում մարդկային կյանքին վնասող դեպքեր չեն եղել, նյութական խոշոր վնասներ չի գրանցվել: Երեկ ևս նկատվել են հրադադարի որոշակի խախտումներ, իսկ այսօր իրավիճակը խաղաղ է:

Բաղանիսի ուղղությամբ ուժգին գնդակոծությունը եղել է սույն թվականի սեպտեմբերի 12-ի լույս 13-ի գիշերը,  ժամը 02:15-ի ժամանակահատվածում: Մեծ վնասներ չկան, միայն գյուղի դպրոցի սպորտդահլիճի տանիքն է վնասվել,  մի քանի բնակելի տան տանիքներ և 1 ջերմոց:

Մնացած ժամանակ հանգիստ է եղել և մինչև հիմա խաղաղ է:

Մինչ այս, կարճատև կրակոցներ են եղել նաև սեպտեմբերի 2-ին, 7-ին, 9-ին՝ 5-25 րոպե տևողությամբ:

Գյուղապետ Նարեկ Սահակյանի խոսքով, հակառակորդը ակտիվանում է հիմնականում երեկոյան ժամերին (ժամը 20:00-ից սկսած):  Թիրախը գյուղն է, խաղաղ բնակչությունը և ոչ մեկը ապահովագրված չէ:  Պրն. Սահակյանը նշեց, որ բարեբախտաբար ցերեկային ժամերին չեն կրակում և դպրոցի ու մանկապարտեզի երեխաների անդորրը  չի խախտվել:

Կոթիի վարչական ղեկավար Ֆելիքս Մելիքյանից տեղեկացանք, որ Կոթիում գնդակոծությունը սկսվել է ս.թ. սեպտեմբերի 2-ին՝ երկար տևողությամբ, այնուհետև ամսի 4-ից 6-ը, սակայն ՝թույլ :  Իսկ երեկ՝ սեպտմեբերի 15-ին, գիշերը ժամը ՝ 23:45-ին  հրաձգային խոշոր տրամաչափի զինատեսակներից սկսել են ուժգին կրակել գյուղի ուղղությամբ՝ մոտ տասը րոպե կրակահերթով:

Գյուղի բնակիչ  60-ամյա Սուրեն Սեփխանյանը,  ով գնդակոծության պահին եղել է գյուղի կենտրոնում, ոտքից վիրավորվել է: Նրան անմիջապես տեղափոխել են Նոյմբեյանի բժշկական կնետրոն, բոլոր անհրաժեշտ միջոցները ձեռնարկել են: Թեև կյանքին վտանգ չի սպառնում, այնուամենայնիվ, հիվանդին տեղափոխել են Երևան: Նրա վիճակը լավ է:

Համայնքապետի խոսքով,  հայկական կողմի արձագանքից հետո, հակառակորդն անմիջապես դադարեցրել է կրակը:

Սահմանապահ  Կոթիում այլ վնասներ չկան, բացի մի քանի տանիքների թեթևակի վնասները:

Վազաշենի համայնքապետն ասաց, որ իրավիճակն արդեն խաղաղ է. «Հենակետերում կրակոց գրեթե ամեն օր կա, սակայն օրեր առաջ (սեպտեմբերի 11-ին) տեղի ունեցածն արդեն  բնակավայրի ուղղությամբ էր, համացանցում տարածված տեսանյութի օրն ու պահն է, և,  ի ուրախություն մեզ,  ոչ մի նյութական և մարդկային վնաս չենք կրել.                                                                                                                                                   Երեխան է վախեցել, մնացյալ ամեն ինչ կարգին է, սովոր ենք…»

Սահմանապահ Բերքաբերի և Ոսկևանի ուղղությամբ, բարեբախտաբար,  այս անգամ վտանգավոր գնդակոծություն չի եղել:

Այգեհովիտի համայնքի ղեկավարի հետ զրույցում ճշտեցինք, որ գյուղի ուղղությամբ գնդակոծությունը եղել է երկու օր առաջ, կրակը բաց է թողնվել մասնավորապես խաղողի այգիների ուղղությամբ, բերքահավաքի ժամանակ (խաղողի այգիները գտնվում են հակառակորդի անմիջապես դիտակետում՝ սահմամագծից մոտ 500-700 մ. հեռավորության վրա), որի հետևանքով վնասվել է բնակիչներից մեկի «ուազ» մեքենայի աջ կողմի դիմապակին:

Տեղացիներն անմիջապես տեղեկացրել են համապատասխան մարմիններին և դադարեցրել են խաղողաքաղը:

«Վիրիավորներ չկան: Հաջորդ օրն էլ, էլի գնացինք խաղողաքաղի:  Մեզ համար սա արդեն սովորական բան է, պայքարում ենք, մեր գյուղը հենց դրա վրա է հիմնված. Մնալու ենք, արարելու ենք, պայքարելու ենք ու ստեղծելու ենք մինչև վերջ, որովհետև մեր պայքարը ազնիվ է… »,- իր խոսքը եզրափակեց համայնքի ղեկավար Լևոն Գրիգորյանը:

Տավուշի թեմի մամլո դիվան

30441832 1695055943917345 7028970181978069255 n
« of 3 »
Translate »