Հայ առաքելական եկեղեցի Տավուշի թեմ

Սուրբ Գրիգոր Լուսավորչի ելքը Խոր Վիրապից

  Ճշմարիտ, ճշմարիտ եմ ասում ձեզ. եթե ցորենի հատիկը, հողի մեջ ընկնելով, չմեռնի, միայն հատիկն ինքը կմնա, իսկ եթե մեռնի, բազում արդյունք կտա: Ով սիրում է իր անձը, կկորցնի այն, իսկ ով այս աշխարհում իր անձն ատում է, այն կպահի հավիտենական կյանքի համար:
Հովհ. 12;24-25

Երբ սերմնացանը ոչինչ չունի, ոչ իսկ մեկ հատիկ սերմ՝հողին հանձնելու համար, նա կորցնում է նաեւ հանապազօրյա հաց ունենալու հույսը:

Այսպես է նաեւ հոգեւոր կյանքում,թե՜ յուրաքանչյուր մարդու,եւ թե՜ ամեն մի ազգի պարագայում: Սակայն Աստված չզրկեց հայ ազգին ո՜չ հոգեւոր ծննդից, ոչ էլ՝ սննդից: Մայիսի 28-ին Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին տոնում է մեր հավատքի հոր՝ Սուրբ Գրիգոր Լուսավորչի ելքը Վիրապից: Տոնը 301 թ. Սուրբ Գրիգոր Լուսավորչի՝ Խոր Վիրապից դուրս գալու հիշատակության օրն է, որը սկիզբ դարձավ հայոց մեծ դարձի :

Հայոց հեթանոս Տրդատ արքայի հրամանով Հռիփսիմյան եւ Գայանյան կույսերը նահատակվում են: Այդ դեպքից հետո արքան ու արքունի պալատականները ծանր հիվանդանում են: Տրդատի քույրը երազ է տեսնում, որ արքայի հիվանդությունը կարող է բուժել միայն նույն Տրդատի կողմից Խոր Վիրապում բանտարկված Գրիգորը: Եւ ահա 13-ամյա բանտարկությունից հետո ազատ է արձակվում հայոց մեծագույն սուրբը: Սուրբ Գրիգորի աղոթքներով ապաքինվում է արքան` դառնալով Գրիգոր Լուսավորչի՝ քրիստոնեական քարոզչության լծակիցը: Հայոց հողում կործանվում են հեթանոսական տաճարները, որոնց տեղերում բարձրացվում են Տերունական խաչեր, իսկ հետագայում կառուցվում են Աստծո փառքին արժանի հոյակերտ սրբավայրեր: Քրիստոնեությունը հռչակվում է հայոց պետական կրոն: Մեծաշուք հանդիսավորությամբ Սուրբ Գրիգոր Լուսավորիչն ուղարկվում է Կեսարիա, ուր ձեռնադրվում է Հայաստանյայց Սուրբ Եկեղեցու առաջին հովվապետ:

Սուրբ Գրիգոր Լուսավորչի ելքը Վիրապից Հայ եկեղեցու մեծ տոներից է, որ հիշատակվում է Հռիփսիմյան եւ Գայանյան տոներին հաջորդող շաբաթ օրը: Տոնական այդ օրը բոլոր եկեղեցիներում մատուցվում է Սուրբ Պատարագ:

Սուրբ Գրիգոր Լուսավորչի՝ Խոր Վիրապից ելնելու տոնի հաջորդ օրը Հայ եկեղեցին նշում է Սուրբ Գրիգոր Լուսավորչի տեսիլքով Կաթողիկե Սբ. Էջմիածնի հիմնադրման տոնը:

Ըստ ավանդության, Խոր Վիրապի բանտարկությունից դուրս գալուց հետո, Սուրբ Գրիգոր Լուսավորիչը տեսնում է նշանավոր տեսիլքը, ուր Միածինը՝ ողողված հրաշափառ լույսով, իջնում է երկնքից եւ ոսկե ուռով զարկում Սանդարամետի գետնափոր մեհյանը` ցույց տալով այն տեղը, ուր պետք է կառուցվեր հայոց սուրբ հավատի տաճարը: Այստեղից էլ առաջացել է «Էջմիածին» անունը, այսինքն` էջ (գրաբար)՝ իջավ Միածինը: Սբ. Գրիգոր Լուսավորիչն իր տեսիլքը պատմում է հայոց Տրդատ թագավորին: Արքայի հովանավորությամբ կառուցվում է Սուրբ Էջմիածնի՝ Աստվածածնին նվիրված Կաթողիկե Մայր Տաճարը: Քրիստոսի իջման տեղում էլ կառուցվում է Իջման Սուրբ Սեղանը: Էջմիածնի կառուցման աշխատանքներին ժողովրդի հետ մասնակցել են նաեւ Տրդատ թագավորը եւ Աշխեն թագուհին՝ չխորշելով իրենց արքայական հագուստներով շինանյութ մատակարարել:

Սուրբ Գրիգոր Լուսավորիչը՝ որպես մի արգասավոր սերմ, սուրբ ճգնություններով հավատքի բերք՝ հոգեւոր հաց տվեց հայոց ազգին՝ բոլոր դարերի համար, ինչպես ասում է Սուրբ Գիրքը.«Արդարը իր հավատով պիտի ապրի» (Ամբ.2;4, Հռոմ.1;17), եւ հզոր զենք՝ ընդդեմ բոլոր հոգեկործան ոտնձգությունների. «Եւ այս բոլորի վրա, առե՜ք հավատի վահանը, որով պիտի կարողանաք հանգցնել չարի բոլոր մխացող նետերը». (Եփես.6;16): Խավարի ծառաները զուրկ են այդ սպառազինությունից, «իսկ մենք, որ ցերեկվա որդիներ ենք, արթո՜ւն լինենք եւ սիրո ու հավատի զրահները հագնենք եւ փրկության հույսի սաղավարտը դնենք». Ա Թես.5;8, որովհետեւ «ա՜յս է այն հաղթությունը, որ հաղթում է աշխարհին՝ մեր հավատը»Ա Հովհ. 5; 4

Սյունյաց Կանթեղ N 29

Աղբյուր՝ ter-hambardzum.net

Translate »