Սուրբ Ծննդյան իրականության սպասումով հյուընկալեցինք տավուշեցի զոհված հերոսների ընտանիքների երեխաներին
Այսօր Տավուշի թեմի պատանիները, երիտասարդներն ու Թեմի մանկապատանեկան երգչախումբը Սուրբ Ծննդյան միջոցառում էին պատրաստել Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված տավուշեցիների ընտանիքներում ապրող երեխաների համար։
«Այսպիսով ցանկանում ենք մեր սերն ու խոնարհումը արտահայտել և մեր հերոսների անմահության սխրանքը բարձր պահել մեր խոնարհումով և նաև քաջալերանք բերել ձեզ ոչ միայն այսօր, այլ մեր կյանքի բոլոր օրերին, որքան Աստված մեզ կյանք, շունչ , հնարավորություն կընձեռի։ Եվ ուզում եմ Ձեզ վստահեցնել, որ այդպես էլ լինելու է մեր կյանքի բոլոր օրերին։
Ձեր ընտանիքները մեր հավաքական պատկերն են։ Ձեր ընտանիքները ծնել են այնպիսի զավակեր, որոնք չեն բռնել կյանքի փախուստի, խուսանավելու ճանապարհը, այլ այն, ինչ որ կարող էր լինել միայն Աստծուն հատուկ՝ զոհել Իր կյանքը մարդկության համար՝ ամենամեծ պատվախնդրությամբ, արժանապատվությամբ։ Նրանք այդ ճանապարհն են բռնել իմ և շատերի փոխարեն։
Այդ արյան պատասխանատվության տակ մենք այսօր, այս երկրի վրա շնորհակալություն հայտնենք, որ կարողանանք այդ պատասխանատվությունը, որը մեզ է տրված արդեն որպես շնորհ, լիուլի իրականացնենք կյանքում, առաջնային իմաստով՝ մեր մտքի մեջ ունենալով մեր սիրելի եղբայրների անմահության ճանապարհը։
Մաղթում եմ, որ Սուրբ Ծննդյան հեքիաթով, հրաշքով ու իրականությամբ Ձեր և մեր բոլորի կյանքը դառնա լույսի ճանապարհ։
Մենք ոչինչ չենք ավելացնելու մեր սիրելի եղբայրների կյանքին ու փառքին, իրենց հերոսությանը։ Այն ինչ որ ստանալու ենք, մենք իրենցից ենք ստանալու»- ասաց Բագրատ Սրբազանը ներկաներին ուղղված իր խոսքում։