ՍՈՒՐԲ ԾՆՆԴՅԱՆ ՃՐԱԳԱԼՈՒՅՑԻ ՊԱՏԱՐԱԳԸ ՀԱՂԱՐԾՆՈՒՄ
Հունվարի 5-ին Հաղարծնում Սուրբ Ծննդյան Ճրագալույցի Պատարագ մատուցեց Տավուշի թեմի առաջնորդ Տեր Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը։
Պատարագը երգում էր Տավուշի թեմի մանկապատանեկան երգչախումբը, խորանին էլ ծառայում էին փոքրիկ դպիրները։
Բագրատ Սրբազանի խոսքերով՝ Սուրբ Ծնունդը ճանապարհորդության պատմություն է՝ մոգերի անցած ճանապարհը, աստղի ճանապարհը․ «Մոգերը երկար ճանապարհ անցան՝ գալու-հասնելու այն վայրը, որտեղ առաջնորդել էր իրենց աստղը։ Մարդու և Աստծո հարաբերության պատմությունը հենց այս ճանապարհորդության մասին է․ չկա Աստվածճանաչողություն առանց ճանապարհորդության և փնտրտուքի։ Ստատիկ, կանգնած, սպասող վիճակում մարդը չի կարող Աստված ճանաչել։ Եվ առաջինը այսօրվա խորհրդով Աստված Ինքն է ճանապարհորդել Իր բարձունքներից՝ աղքատացրել Իրեն և եկել մեր կյանքը՝ երկար ճանապարհ անցել՝ Ինքն Իրեն բերելու դեպի մեզ․․․»։
Սուրբ Ծննդյան Ավետիսը Հաղարծնում հնչել է դարերով՝ հազարավոր անգամներ ու հազարավոր մարդկանց շուրթերից․ «Այստեղ են թաղված մեր մեծ վարդապետները, այստեղ Սուրբ Պատարագից հատվածներ են գրվել, հազարավորների աղոթքն ու խոսքն է հնչել այստեղ։ Նրանցից շատերին մենք անուններով չենք ճանաչում, սակայն ճանաչում ենք այն գործով, որի վկայությունը այս չքնաղ վանքն է»։
«Այս վայրկյանին նույն բառերով, նույն խոսքով նույն Ավետիսն ենք կրկնում ու վերապրում։ Ութ հարյուր տարվա իրականությունը այսօր մենք հետ ենք բերում այստեղ, հիմա, և դրանից առավել մեծ խորհուրդ չի կարող լինել։ Վաղը մենք չենք լինի, սակայն այն ճանապարհորդությունը, որ մենք ունեցել ենք դեպի այս վանքը գալու, մոգերի հետ սուրբ խորհրդով աստղին երկրպագելու, Սուրբ Ծննդյան իրականության առջև խոնարհվելու, կմնա այս վանքից ներս ու կփոխանցվի մեր սերունդներին․․․»