Հայ առաքելական եկեղեցի Տավուշի թեմ

ՍՈՒՐԲ ԾՆՈՒՆԴ ԵՎ ԱՍՏՎԱԾՀԱՅՏՆՈՒԹՅՈՒՆ ԵՊԻՍԿՈՊՈՍԱԿԱՆ ՊԱՏԱՐԱԳ ԻՋԵՎԱՆԻ ՍՈՒՐԲ ՆԵՐՍԵՍ ՇՆՈՐՀԱԼԻ ԵԿԵՂԵՑՈՒՄ

Ձայն Տեառն ի վերայ ջուրց, եւ Աստուած փառաց որոտաց, եւ Տէր Ինքն ի վերայ ջուրց բազմաց․․․

Հունվարի 6-ին Հայ առաքելական եկեղեցին նշում է Հիսուս Քրիստոսի Սուրբ Ծնունդը՝ Աստծո մարդանալու ու մարդկանց հայտնվելու տոնը։ Նաև Աստվածհայտնության տոնն է՝ հիշատակվում է Քրիստոսի մկրտությունը, երբ Հայր Աստված վկայեց․ «Դա է Իմ սիրելի Որդին» ու Սուրբ Հոգին աղավնակերպ իջավ Քրիստոսի վրա՝ դառնալով Աստծո ամբողջական հայտնությունը որպես Սուրբ Երրորդություն։

Հիսուս Քրիստոսի Սուրբ Ծննդյան և Աստվածհայտնության տոնին, Իջևանի առաջնորդանիստ Սբ․ Ներսես Շնորհալի եկեղեցում Սուրբ և Անմահ Պատարագ մատուցեց Տավուշի թեմի առաջնորդ գերաշնորհ Տեր Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը։

Բագրատ Սրբազանը, փոխանցելով Փրկչի ծննդյան ավետիսը, շնորհավորեց ու իր գնահատանքը հայտնեց սահմանի երկայնքով ապրող բոլոր տավուշցիներին․ «Նրանց կյանքն ըստ էության յուրաքանչյուրիս կյաքնի վահանն ու պատվարն է․ նրանց սահմանի եզերքում ապրելը վկայությունն է տալիս մեր ժողովրդի հավերժության ու հավիտենական հաղթանակի»։

Տավուշի թեմի առաջնորդի խոսքերով՝ այս ողջ ընթացքում Տավուշ աշխարհում իրականացվող առաքելությունը Քրիստոսի լույսի հայտնության խորհուրդը փոխանցելն է եղել․
«Մենք այս ժամանակահատվածում անընդհատ փորձել ենք յուրաքանչյուրին հասնել՝ որքան հնարավոր է՝ ծառայության վայրում կլինի, տանը կլինի, փողոցում կլինի՝ դուռը թակելով և խոսելով Քրիստոսի ավետիսի լույսի մասին, Աստվածհայտնության մասին՝ փորձելով նոր կյանքի սկիզբ դնել»։

Այս առաքելության իրականացման համար, սակայն, յուրաքանչյուրը պետք է վերցնի պատասխանատվության իր բաժինը․ «Յուրաքանչյուր մարդ իր վրա պատասխանատվություն վերցնի Հովհաննես ավետարանչի խոսքերի նման ասելու, որ մենք տեսանք, լսեցինք, շոշափեցինք և քայլում ենք Իր հետ»։

«Մեր փափագն է, որ մեր ամբողջ մարզը քրիստոնյա զգացումով, հավատքի զգացումով և այդ հավատքի ուրախության մեջ ապրի․ ունենա այդ ցնծությունն ու բերկրանքը»։

Սուրբ Պատարագի ավարտին կատարվեց Ջրօրհնեքի արարողություն, եկեղեցու Խաչի քավոր դարձավ Արթուր Քասինյանը։

26733488_1747841532192445_1356117611243239009_n
« of 25 »

 

Translate »