Հայ առաքելական եկեղեցի Տավուշի թեմ

ՍՈՒՐԲ ԾՆՈՒՆԴ ԵՎ ԱՍՏՎԱԾՀԱՅՏՆՈՒԹՅՈՒՆ. ԵՊԻՍԿՈՊՈՍԱԿԱՆ ՍՈՒՐԲ ՊԱՏԱՐԱԳ ԻՋԵՎԱՆՈՒՄ

Հունվարի 6-ին Տավուշի թեմի առաջնորդ գերաշնորհ Տեր Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը Սուրբ և Անմահ Պատարագ մատուցեց Իջևանի առաջնորդանիստ Սուրբ Ներսես Շնորհալի եկեղեցում: Պատարագին ներկա էին Երրորդ բանակային կորպուսի շտաբի պետ գնդապետ Արտյոմ Սմբատյանը, Իջևանի գնդի հրամանատար գնդապետ Վահե Հովսեփյանը, սպաներ և զինվորներ:

Պատարագի որոշ հատվածներ երգում էին Տավուշի թեմի մանկապատանեկան երգչախմբի սաները (խմբավար՝ Քրիստինե Շերոյան):

Հավատացյալներին փոխանցելով Փրկչի ծննդյան մեծ ավետիսը՝ Բագրատ Սրբազանը հիշեցրեց, որ այսօր ծնվող Փրկիչը չի փոխվել. «Զի Հիսուս Քրիստոս երեկ և այսօր նույն և հավիտյան» (Եբր. ԺԳ.8) Մենք այսօր տոնախմբում ենք մեր Աստծո՝ մեզ հետ, մեզ նման լինելը, մարդանալը, ծնվելը, մեզ հետ ապրելը և սա այլ բան չի կարող լինել, քան այս նույնությունը, որ ժամանակ և տարածություն չի ճանաչում: Իր անփոփոխ լինելու առջև մեզ համար անփոփոխ հնչում է հրեշտակների անմեղ խոսքը, որ խաղաղության, մարդկանց մեջ հաճության և սիրո Իշխանն է այսօր մեզ համար ծնվում: Եվ այդ նույն Աստվածն է, որ անփոփոխ կերպով խոսում ու հռչակում է սիրո և խաղաղության մասին:

Աստված այսօր աղքատանում է. գալիս է Իր բարձունքներից, մեզ համար դառնում գոյութենական և շոշափելի, սակայն այս խորհուրդը իմաստ չի ունենա, եթե մենք չփորձենք մեր կյանքի յուրաքանչյուր պահը, մեր յուրաքանչյուր գործը, անելիքը՝ ուղղված թե՛ մեզ, ու թե՛ ուրիշներին բերել այդ Ծննդյան սիրո, խաղաղության ու հաշտության մեծագույն խորհրդի մեջ: Այսօր քանի՞սս ենք մեր տուն, փողոց, աշխատավայր տանելու այդ սերը մեզ հետ: Այսօր ովքե՞ր են լինելու այն հովիվները, հրեշտակները, մոգերը, որ հռչակելու են իրենց սրտով, հոգով, զգացումով, էությամբ, որ այսօր Աստված է ծնվում: Ովքե՞ր են լինելու այն մարդիկ, ովքեր ասելու են «Քրիստոս ծնավ և հայտնեցավ», քանի որ իրոք ապրում են դրանով»:

Սրբազանն իր գնահատանքը հայտնեց Պատարագին ներկա սպաներին ու զինվորներին, նշելով, որ նրանք են մեր Հայրենիքի ու հավատքի սահմաններն ու տարածությունը պաշտպանողները, ամենօրյա սիրո ճանապարհի մեջ խաղաղության կրողները լինելով՝ մեր ժողովրդի պաշտպանները, մաղթելով որ բոլորս էլ կարողանանք վայելել Խաղաղության այն պատգամը, որ այսօր հնչում է բոլոր եկեղեցիներից:

Սուրբ Պատարագի ավարտին կատարվեց Ջրօրհնեքի արարողություն, և Եկեղեցու Խաչի կնքահայր դարձավ Իջևանի փոխքաղաքապետ Արթուր Ճաղարյանը:

Ներկաները հեռացան՝ իրենց հետ տանելով Քրիստոսի Ծննդյան մեծ ավետիսը՝ հռչակելով Աստվածային Սիրո մեծագույն արտահայտությունը:

Translate »