Սուրբ Հովհաննես Կարապետի տոն․ Վերին Կարմիրաղբյուր․ Բագրատ Սրբազան․ Քարոզ
«Հովհաննես Կարապետը նախապատրաստողն է մեր Տիրոջ ճանապարհի: Ընդհանրապես՝ կյանքում ամեն բան նախապատրաստության և այդ նախահիմքի վրա է հիմնված՝ զարգացումը ենթադրելով: Առանց պատրաստության, առանց հիմքերը դնելու մեր կյանքում ոչինչ չի կարող գոյություն ունենալ: Եվ նա ազդարարեց. ազդարարեց և վկայեց ու ամբողջ մարդկության անունից վավերացրեց Աստծո Որդու մարմնացման մեծագույն իրականությունը՝ հռչակելով Նրան որպես Փրկիչ, որպես Գառն Աստծո, որպես Նա, ով գալու էր մարդկությանը վեր բարձրացնելու, մեղքից ազատագրելու և մարդկությանը հաշտեցնելու Աստծո հետ և իր իսկ մտերմիկ, հարազատ, մաքուր, սուրբ բնության հետ՝ մարդկայնության հետ։ Այսօրվա պատգամի միջից առաքյալն ասում է. «Խոնարհեցրե՛ք ձեզ Աստծո հզոր ձեռքի տակ, որովհետև Նա կբարձրացնի ձեզ»: Մաքրե՛ք այդ մտածումները, կապանքները քանդե՛ք. մի՛ վախեցեք Աստծո հետ հանդիպելուց: Բայց այդ հանդիպումը թող լինի հավասարազոր հանդիպում․ մաքուրը՝ մաքուրի հետ, սուրբը՝ սրբի հետ, և ոչ թե հանդիպում՝ տարբերության մեջ․ չլինի մահվան և կյանքի հանդիպում, չլինի սրբության և մեղքի հանդիպում, չլինի գերության մեջ գտնվողի և ազատության միջև հանդիպում. այս հանդիպումը հավասար պիտի լինի: Եվ մարդու՝ Աստծուն հավասարվելու, Նրա հետ հանդիպելու և Նրա հետ ապրելու ճանապարհը խոնարհ սիրտը և ապաշխարությամբ մաքրված հոգին են, մտածումները և միտքը»։
Բագրատ եպիսկոպոս Գալստանյան
Վերին Կարմիրաղբյուրի Սուրբ Հովհաննես եկեղեցի