Սուրբ Պատարագի խորհուրդը ողջ սահմանագծով. Պառավաքարում եպիսկոպոսական Սուրբ և Անմահ Պատարագ մատուցվեց
Փետրվարի 4-ին սահմանապահ Պառավաքար համայնքում հոգևոր զարթոնքի և ուրախության օր էր. երկարամյա ընդմիջումից հետո այստեղ եպիսկոպոսական Սուրբ և Անմահ Պատարագ մատուցեց Տավուշի թեմի առաջնորդ գերաշնորհ Տեր Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը:
Պառավաքարը Տավուշի՝ շուրջ 350 կմ կազմող սահմանագծի վրա գտնվող համայնքներից մեկն է և պարբերաբար հայտնվում է հակառակորդի գնդակոծության թիրախում: Սուրբ Պատարագը սպասված իրադարձություն էր սահմանապահ այս համայնքում. գյուղի միջնակարգ դպրոցի դահլիճը լեցուն էր: Պատարագին մասնակցում էին նաև արժանապատիվ Տեր Արամ, Տեր Աբել քահանաները, Բերդի տարածաշրջանի տարբեր համայնքների բնակիչներ, ինչպես նաև Պառավաքարում արդեն տևական ժամանակ գործող «Սրբոց Թարգմանչաց» անունը կրող կիրակնօրյա դպրոցի ուսուցիչներն ու սաները:
Բագրատ Սրբազանն իր քարոզում նշեց, որ այս Սուրբ Պատարագի միջոցով Քրիստոսով հաստատված, Լուսավորչի և իր ժառանգների միջոցով մեզ փոխանցված հավատքի խորհուրդն է կենդանանում Պառավաքար համայնքում.
«Տավուշ աշխարհ գալու առաջին իսկ օրվանից մեր նպատակը, ցանկությունը և ուխտը մեկն է եղել՝ մեր Քրիստոս Աստծուն տանել յուրաքանչյուր տուն, հասկանալ, որ մեր կյանքը միայն կենցաղի աստիճանի վրա չի գտնվում. մեր կյանքը ավելի բարձր թռիչքների կյանք է, Աստվածային կյանք է, և դուք՝ ապրելով այս սահմանագոտում, արդեն իսկ ձեր կյանքով վկայում եք այդ մասին: Դուք արդեն ունեք այդ Աստվածային կյանքի համի, բույրի ու ներկայության ներքին ծանոթությունն ու ճանաչողությունը»:
Տավուշի թեմի առաջնորդն ընդգծեց, որ նպատակը պառավաքարցիներին ևս մեկ անգամ ծանոթություն բերելն ու հնարավորություն տալն է: «Ես եկել եմ նաև շնորհակալություն հայտնելու, և օրհնելու, որ Աստված ձեզ անսասան պահի, երբեք տրտմության, հուսախաբության առիթ չունենաք, այլ ձեր կյանքը լինի ստեղծագործ, խաղաղության ու Աստծո առաջնորդության կյանք»:
Սուրբ Պատարագից հետո տեղի ունեցավ Ջրօրհնեքի արարողություն, խաչքավոր դարձավ պարոն Արթուր Բուլղադարյանը:
Հիշեցնենք, որ այս օրերին շարունակվում է Տավուշի ողջ սահմանագծով Սուրբ Պատարագների մատուցումը: Վաղը Պատարագ կմատուցվի սահմանապահ Այգեպար համայնքում, հաջորդիվ նաև՝ Այգեհովիտ, Վազաշեն, Ազատամուտ, Բերքաբեր, Սևքար, Սարիգյուղ, Ներքին Ծաղկավան, Կիրանց, Ոսկեպար, Ոսկևան, Բաղանիս, Կոթի, Բարեկամավան համայնքներում: